Իմ չապրած գարունները ձեզ եմ նվիրում… /Հունվարի 28-ին Արմենակ Ուրֆանյանը կտոներ ծննդյան 28-ամյակը/

Իմ չապրած գարունները ձեզ եմ նվիրում…
/Հունվարի 28-ին Արմենակ Ուրֆանյանը կտոներ ծննդյան 28-ամյակը/

…Ոչ խոստումներ, ոչ երդում
 Չսպասեք ու չքննեք,
 Անվերջ, անշարժ ձեր երթում
 Ինձ բացակա չդնեք…
-Արմենակ Ուրֆանյան:
-Ներկա՛:

Հայոց հաղթանակած բանակի օրը՝ Հունվարի 28-ին ծնվեց Արմենակը, նա, ում տարիներ անց պիտի անվանեին Բանակի տղա: Հայրենասիրական ոգին ու ուժը դեռևս մանկության օրերում էր դրոշմված, դպրոցական լուսանկարներում և որ ամենակարևորն է՝ սեփական մտքերում:
Ապրիլ 2016…Գարուն, որ նման չէր մյուս գարուններին ու միայն վերքերը վիրավոր հողի հուշում էին՝ պատերազմ է կրկին:
Ու Արմենակ Ուրֆանյանը ազատության տատասկոտ ճանապարհին, ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեց մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները, նա ըմբոստության ժայռերի բարձությունից գահավեժ նետվեց ժողովրդի մեծ տառապանքի անսկիզբ ու անվերջանալի ծովը և այնտեղից ուղարկեց իր պատգամը. <<Մահը թեև խոցեց ինձ, բայց չտեսավ իմ թիկունքը:Նա հարգանքով խոնարհվեց իմ առջև, երբ վերցնում էր հոգիս, ուրեմն դուք էլ մի մեղադրեք ինձ այն բանի համար, որ սիրեցի ձեզ ավելի, քան իմ կյանքը.. .>>
Ու թեև նրա գեղեցիկ ու բարի սիրո հեքիաթը նույնպես ընդհատվեց, բայց վստահ ենք, շիրմաքարից նայող մեղմ հայացքում իր սիրելիին ուղղված միայն մեկ ուղերձ կա.
Թե մարտում ընկնեմ տխուր մի մնա, անսեր մի մնա, սիրիր դու մեկին,
Թող ջահել սիրտդ սիրով արբենա, ափսոս է վարդը, թոշնի գարունքին:
Ես խոտ կդառնամ դաշտում սիզավետ, ծաղիկ կդառնամ՝ անուշ կբուրեմ,
Դու եկ ինձ այցի նոր սիրածիդ հետ, քաղիր ինձ, որ Քո ձեռքը համբուրեմ:

Հ.Գ Որդուն կորցրած մոր հետ զրույցը ծանր է ու դժվար, հատկապես, երբ ցավը նոր է…Ապրիլի դեպքերից հետո Արմենակենց տանն էի: Ներս մտանք: Չգիտեի ինչ խոսեի, ոնց սկսեի, թվում էր՝ արտաբերած յուրաքանչյուր բառ անիմաստ ու դատարկ կլինի:
-Դուք պիտի հպարտ լինեք, որ նման հերոս եք լույս աշխարհ բերել:
-Հերոս չեմ ուզում, որդուս եմ ուզում:
Տիկին Համեստի խոսքերը ապտակի պես դրոշմվեցին ուղեղումս ու հենց նույն պահին զգացի բառերիս ու արտաբերած տառերիս դատարկությունը:
Երկար ժամանակ սեղանի շուրջ նստած էինք՝ Արմենակի՝ նկարից նայող բարի ժպիտը, Տիկին Համեստի հուզմունքով լի աչքերն ու այդ պահի միակ փրկությունը՝ լռությունը… Բառերը կենդանություն առան և այդ երկար օրվա մեջ առաջին անգամ Արմենակի մոր դեմքին թույլ ժպիտ հայտնվեց այն ժամանակ, երբ իմացավ, որ այդ օրերին Արցախում եմ եղել, նաև՝ Արմենակի պահած դիրքում, և ընդհամենը մի նախադասություն քանդեց ծանր ժամերի լռությունը.
-Աղջիկս, արի քեզ գրկեմ, Արմենիս դիրքում ես եղել:
Եվ հենց սրանով սկսվեց ու դեռ շարունակվում է՝ ծանոթությունից դեպի հարազատություն ճանապարհը:
Շնորհավոր ծնունդդ, միշտ ներկա՝ կապիտան Ուրֆանյան:

""

Նյութը պատրաստեց Սյունե Մանուչարյանը

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *