""Աշխարհում, այսինքն՝ Արցախում, գոյություն ունի մի գյուղ, որտեղ ամեն ինչ բնական է, անգամ մարդը: Իմ հարազատ Խանցք գյուղը երևի ձեզ ծանոթ է դպրոցական գրականության դասագրքերից, այստեղ է ծնվել անվանի բանաստեղծ, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը: Գուցե իմ ստեղծագործական կյանքի, գրչի և թղթի հանդեպ ունեցած սիրո մեղավորը հենց նա է եղել՝ իր յուրատեսակ ստեղծագործություններով:

Խանցք գյուղը գտնվում է Ասկերանի շրջանում: Գյուղի սառնորակ աղբյուրները, պտղատու ծառերը, խելացի և աշխատասեր մարդիկ տարբերվում են մյուսներից: Խանցքը անթերի չէ, ունի բազմաթիվ թերություններ, որոնցով ևս տարբերվում է: Ամենակարևոր խնդիրը բնական գազ չունենալն է: Ո՞վ է տեսել, որ ամռան այս շոգ ու կիզիչ օրերին մարդիկ վառարանը վառեն և կողքին եռալով կանգնեն՝ թե ինչ է, ճաշ են պատրաստում կամ էլ թեյ։ Առանց բնական գազի անհնար է ապրել, բայց այստեղի ժողովուրդը, կարծես թե ուրիշ ճար չունենալով, արդեն հարմարվել է նման տարրական պայմանների բացակայությանը: Երկրորդական, բայց կարևոր խնդիրներից է նաև փողոցներում լուսավորության բացակայությունը։

Հետաքրքիր է, որ քաղաքների երիտասարդությունը, ամեն հարմարություն ունենալով, հեռանում է երկրից, իսկ իմ «պակասավոր» գյուղի երիտասարդներն ապրում են այստեղ, անգամ արտերկրից վերադառնում են և բնակություն հաստատում գյուղում։

Անհնար է համտեսել գյուղացիների արդար ձեռքերով պատրաստած թոնրի հացը և «չգողանալ» դրանցից մի քանիսը, խմել «Վարար ջուր» սառնորակ աղբյուրի ջրից և չվարակվել գյուղացիների խենթություններից: Ես դեռ մի քանի օրեկան էի, որ հորեղբորս աղջիկը ինձ մի քանի գդալ խմեցրեց այդ անմահական ջրից: Գուցե դրանից է, որ մի քիչ խենթ եմ։

Գյուղ շատ քիչ եմ գնում՝ տարին մեկ անգամ, բայց ինձ և իմ ամենատարօրինակ գյուղին անգամ չի կարող բաժանել հեռավորության պատնեշը։

Սիրում եմ մեր շենը

Արցախը մի ծաղկեփունջ ա,

Տուվել մաչին մի ծաղեգը,

Աշխարհը մին տոնա՝

Տուվել մաչին ախճիգյը։

 

Ես սիրում մեր շենը,

Մեր տոնը, մեր տեղը,

Սիրում Խանցք քինալը,

Ժղովուրդեն տեսնալը:

Սիրում էս ծմակը դղեն,

Սիրում քերծը՝ կետը խտեն,

Սիրում ծառը՝ ծետը կլխեն

Սիրում հացը թուռնեն պատեն:

Խմում մեր Վարար Ճուրը,

Օտում մեր բաղեն թոթը,

Նստում մեր ճինջեխեն,

Եշում շենին տներեն:

ԱՆԱՀԻՏ ԶԱԽԱՐՅԱՆ