"ԻՄԱՑԻՐԶրույց ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ՍԵՐԺ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Առուշանյան, ձմեռային զորակոչը բանակը համալրել է նորընծա զինվորներով: Որո՞նք են պարտադիր ժամկետային զինծառայողների՝ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները:

-Սկսենք պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվող դրամական ապահովությունից: Պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կառավարության սահմանած կարգով վճարվում է դրամական ապահովում ամսական 3400-5300 դրամի չափով՝ ըստ զինվորական կոչումների:

-Այս գումարը կապ չունի պարտադիր ժամկետային զինծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվող պարենային եւ իրային ապահովության հետ: Դրամական ապահովումը մածուկ կամ օճառ, գուլպա կամ ներքնազգեստ գնելու համար չէ: Դրանք անվճար հատկացվում են պետբյուջեի հաշվին: Այդպե՞ս…

-Այո՛: Ձեր նշածը զինծառայողների նյութական ապահովության երաշխիքներից է, որը ապահովում են համապատասխան ծառայությունները: Դրամական ապահովման գումարը պարտադիր ժամկետային զինծառայողը կարող է ծախսել ըստ իր ցանկության: Բացի դրանից, զինծառայողները ՀՀ տարածքում անվճար օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից (անկախ սեփականության ձեւից):

-Բացի տաքսիներից:

-Այո՛: Արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու  տրանսպորտային ծախսերն էլ փոխհատուցվում են 600-ից 10000 դրամի չափով՝ կապված արձակուրդի անցկացման վայրի հեռավորության հետ:

-Բոլորը գիտեն, որ պարտադիր ժամկետային զինծառայողները օգտվում են անվճար բժշկական ծառայությունից համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ի՞նչ շրջանակ են ընդգրկում բուժզննության ծավալները:

-Պարտադիր ժամկետային զինծառայողները, գերատեսչական համապատասխան բուժհիմնարկներում որակյալ բուժօգնություն ստանալուց բացի, անհրաժեշտության դեպքում անվճար օգտվում են ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկների բուժծառայություններից:

-Եթե զինվորին անհրաժեշտ է, ասենք, սրտի վիրահատություն, նա կարո՞ղ է անվճար օգտվել այդ բժշկական ծառայությունից: Այսինքն` բժշկական թանկ ծառայությունները հասո՞ւ են զինվորին:

-Անշուշտ:

-Խնդրում եմ` պատմեք նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվող արձակուրդի կարգի մասին:

-Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ. շարքայիններին` 15 օր, սերժանտներին եւ ավագներին` 20 օր տեւողությամբ: Հրամանատարի որոշմամբ` պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչեւ 5 օր տեւողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` եւս 5 օր` վեց ամիսը մեկ անգամ:

-Պարտադիր ժամկետային զինծառայողները կրթություն ստանալու ասպարեզում ի՞նչ արտոնություններ ունեն:

-Պետությունը երաշխավորում է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների (զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում) ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ պետպատվերի շրջանակում մրցույթից դուրս` ուսումնական հաստատություններին ՀՀ կառավարության ըստ մասնագիտությունների հատկացրած տեղերում:

-Այսինքն` զորացրված զինվորը հնարավորություն ունի ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում ընդունվելու մրցույթից դուրս եւ սովորելու անվճար: Բայց եթե, այնուամենայնիվ, զորացրված զինվորն ընտրում է այնպիսի մասնագիտություն, որն ընդգրկված է միայն վճարովի համակարգում, այդ դեպքում ինչպիսի՞ արտոնություններից է օգտվում:

-Բուհը, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, ուսանողական նպաստի ձեւով իրականացնում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային ծառայություն անցած ուսանողների համար` ուսման վարձի առնվազն 30 տոկոսի չոփավ:

-Եթե զորացրված զինվորը նախքան զորակոչվելը աշխատել է, կարո՞ղ է զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը նույն վայրում, թե՞ պիտի նոր աշխատանք փնտրի:

-Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչեւ զորակոչվելը իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին զինված ուժերից արձակվելուց հետո երկամսյա ժամկետում աշխատանքի ընդունել նախկինից ոչ ցածր պաշտոնով: Բացի դրանից, աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո մեկ տարվա ընթացքում զինծառայողներն օգտվում են իրենց աշխատատեղը պահպանելու նախապատվության իրավունքից:

-Պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամները նույնպե՞ս օգտվում են որոշակի սոցիալական երաշխիքներից եւ արտոնություններից, մասնավորապես` անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից:

-Զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում: Եթե անհրաժեշտ է` նաեւ հանրապետության բոլոր բժշկական հիմնարկներում: Պետք  է նշեմ, որ զինծառայողի ընտանիքի անդամների համար պետպատվերի շրջանակում իրականացվում են այնպիսի թանկարժեք նորագույն տեխնոլոգիաներով բուժհետազոտություններ, ինչպիսիք են համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան, կորոնոգրաֆիան եւ այլն: Բացի դրանից, կազմակերպվում է նաեւ հիվանդանոցային պայմաններում վիրաբուժական եւ թերապեւտիկ բուժօգնություն:

Օրենքով սահմանված կարգով բժշկական սպասարկումից օգտվելու համար պարտադիր ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամները պետք է դիմեն մոտակա զինվորական հոսպիտալ կամ այցելեն ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն`  ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.

♦ տեղեկանք տարածքային զինկոմիսարիատից` որդու պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,

♦ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձի ծննդյան վկայականի պատճենը,

♦ ծնողի անձնագրի պատճենը,

♦ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, բժշկական այլ փաստաթղթեր:

-Անդրադառնանք նաեւ զինվորական կենսաթոշակառուների խնդիրներին: Իմ դիտարկմամբ` նրանք սոցիալապես բավականին անպաշտպան են: Մարդը ամբողջ կյանքում ծառայել է պաշտպանության համակարգում, եւ ահա 50 կամ 55 տարեկանում կենսաթոշակի անցնելու կապակցությամբ նրան զորացրում են: Նա ինչո՞վ պիտի զբաղվի, ինչպե՞ս պիտի հոգա իր ընտանիքի հոգսերը:

-Խնդիրն ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում է: Ցավոք, այսօր մեր հնարավորությունները թույլ չեն տալիս ամբողջովին լուծելու այդ խնդիրը: Այնուամենայնիվ,  որոշակի ծրագրեր իրականացվում են, որոնք միտված  են ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառված երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների մասնագիտական վերապատրաստմանն ու զբաղվածության ապահովմանը: Այդ ծրագրի շրջանակում սերտ համագործակցելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ միայն 2016թ. Երեւան քաղաքում եւ մարզերում կազմակերպված  «աշխատանքի տոնավաճառներին» մասնակցել են մինչեւ 55 տարեկան  երկարամյա զինվորական ծառայության 240 կենսաթոշակառուներ եւ մինչեւ  45 տարեկան 2-րդ եւ 3-րդ խմբի 624 զինհաշմանդամներ: Արդյունքում` մեր շահառուներից 146-ը ապահովվել է աշխատանքով, իսկ 38-ը ստացել մասնագիտական կրթություն:

-Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները հնարավորություն ունենո՞ւմ են օգտվելու «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի ծառայություններից:

-2016թ. ընթացքում 178 զոհված զինծառայողների ընտանիքի անդամների եւ հաշմանդամ զինծառայողների առողջարանային բուժումը կազմակերպվել է «Լեռնային Հայաստանում»: Ընթացիկ տարում նախատեսել ենք կրկնապատկել այդ ցուցանիշը:

-Պարոն Առուշանյան, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական ծրագրերի ընդգրկումն ու ծավալները, ինչ խոսք, կարեւոր են, սակայն առավել կարեւոր է, որ եւ՛ զինծառայողները, եւ՛, առավել եւս, զոհված զինվորների ընտանիքների անդամները, զինհաշմանդամները եւ զինթոշակառուները զգան-հասկանան` կա մի կառույց, որը կանգնած է իրենց թիկունքին, որտեղ կընդունեն, կլսեն ու մենակ չեն թողնի իրենց:

-Մենք պետք է լինենք նրանցից յուրաքանչյուրի կողքին, սա մեր առաջին պարտականությունն է: Մեր վարչությունն իր բովանդակությամբ ու գործառնական լիազորություններով մի այնպիսի կառույց է, որի մարդասիրական մոտեցումները պետք է դրսեւորվեն շահառուի հետ շփվելու առաջին իսկ պահից: Անում ենք ամեն ինչ, որ մարդիկ իրենց իրապես պաշտպանված զգան: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության դռները միշտ բաց են մեր բոլոր շահառուների առջեւ: Յուրաքանչյուր օր մենք ընդունում եւ  մեր իրավասության սահմաններում լուծում ենք տալիս առնվազն 70-80 այցելուների խնդիրներին:

-Շնորհակալություն շահեկան զրույցի համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ՝ ՀայԶԻնվոր