Երևանի թիվ 64 դպրոցում քաղաքացիներին գրանցելու նրանց անվամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացման համար դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի և պահակ Քնարիկ Մալխասյանի  գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015թ. զբաղեցնելով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015թթ. ընթացքում գրանցելով 12 քաղաքացիների, և վերջիններիս կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12 մլն ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:

Քնարիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության պահակը և մտերիմ լինելով դպրոցի նախկին տնօրեն` Ա.Շահնազարյանի հետ, դիմել է խնդրանքով դպրոցի ազատ հաստիքներին գրանցել որդուն` Դ.Մալխասյանին, եղբորը` Ս.Մալխասյանին և եղբորորդուն` Ա.Մալխասյանին, վերջիններիս անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարներ ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով:

Այնուհետև Ա.Շահնազարյանի համաձայնությամբ և հրամանով նշված երեք անձինք գրանցվել են դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ, փաստացի աշխատանքի վայր չեն հաճախել, իսկ նրանց անվամբ բյուջեից ելքագրվել են աշխատավարձերի և այլ պարտադիր վճարների գումարներ` ընդհանուր 4 մլն 307 հազար ՀՀ դրամի չափով, որոնք ստացվել և տնօրինվել են Ք.Մալխասյանի կողմից, ինչի արդյունքում վերջինիս օժանդակությամբ տնօրեն Ա.Շահնազարյանը վատնել է ընդհանուր 4 մլն 307 հազար ՀՀ դրամ:

Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելը կամ վատնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քնարիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի հատկանիշներով՝ որպես հանցակից:

Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: