Որքան չուզեցա անդրադառնալ այս թեմային, էլի չկարողացա
———————————————————————
Ես մտավորական ընտանիքի մայր եմ, ինձ համար գրագիտությունը, գիտությունը, կրթությունը առաջնային են: Հանգամանքների բերումով, գերազանց գիտեմ և՛ երեկվա, և՛ այսօրվա բանակը, բանակային կյանքը՝ իր դաժանություններով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ թերություններով, նույնիսկ ավելին՝ քան շատերդ պատկերացնում եք, նաև՝ լավով հանդերձ: Ընտանիքիս չորս տղամարդիկ Արցախյան պատերազմի մասնակիցներ են, որից հետո էլ ծառայել են նորաստեղծ հայկական բանակում: Գիտեմ, իմ մաշկի վրա եմ զգացել բանակում գտնվող տղայի մոր վախը, ավելին՝ սարսափը, հոգեխանգարման հասնող վիճակը, դաժան սպասումը: Բայց ոչ մի մայր հիմա չփորձի ինձ բացատրել, թե իր ապագա գիտնական որդուն հարկավոր է բացառություն անել, տարկետման իրավունք տալ: Ո՛չ, տարկետման իրավունքի պահպանումը պատերազմական իրավիճակում հանցագործություն է: Ու՞մ է պետք ձեր գիտնական լինելը, եթե վաղը պատերազմում տանուլ տանք: Մենք փոքրաթիվ ազգ ենք, մենք բանակը զինվորով համալրելու խնդրի առաջ ենք կանգնած, իսկ այսօրվա թշնամին արդեն երեկվանը չէ, գաղտնիք չէ, որ ազերին այսօր տեխնիկապես ավելի հզոր է, թվաքանակով՝ շատ, իսկ դուք բողոքի եք ելել: Ոչ էլ փորձեք ինձ համոզել, թե իրոք, գիտության ծարավն է ձեզ մղում այդ քայլին, չեք համոզում, պատերազմը տանուլ տալուց հետո, էլ ի՞նչ գիտություն, ու՞մ եք դուք պետք լինելու: Իշխանական վերնախավի որդիների չծառայե՞լն եք մատնանշում, ճիշտ եք անում, այդ անամոթությանն էլ պետք է վերջ տալ, բոլորը հավասարապես պետք է համալրեն բանակի շարքերը, ժամանակին գնան, ժամանակին վերադառնան, ոչ թե, որպես առնետներ, գլուխ պահեն Երևանի համապատասխան վարչությունների գրասենյակներում, պետք է նմաններին ի ցույց դնել, պախարակել: Իշխանության ներկայացուցիչներն ու չինովնիկները վերջապես պետք է հետևություն անեն, վերջ տան այդ խաղերին, ինչն էլ առիթ է դառնում ահա այսօրվա դեպքերի համար:
Սա հայրենասիրական հերթական ճառ չէ, մոռացեք, մի խոսեք հայրենասիրության թեմայով, այսօր յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է բանակում լինի, ոչ որպես հայրենասեր, այլ՝ անձամբ իր, ընտանիքի, ծնողի կյանքի համար վախից: Կոպիտ ասացի գուցե, բայց գոնե ձեր կյանքի համար վախը գիտակցել տա հարցի կարևորությունը: Մինչև որ, Աստված տա, ավարտվի այս ամենը:
Հ.Գ. Ես իմ ասածն ասացի, բանավիճելու, բացատրությունների, նեյնիմների կարիք չկա:
Մելանյա .Պետրոսյանց.                                                                          © Armday