ԷՄՄԱ ԴԱՎԹՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՂԱՆԱԿԸ

Մեզ շրջապատող աշխարհը լի է տարատեսակ իրադարձություններով,որոնք տարբեր ոլորտի մարդիկ տեսնում ու մեկնաբանում են տարբեր կերպ:Բանաստեղծը յուրաքանչյուր երևույթ տեսնում ու մեկնաբանում է հոգու աչքերով դիտարելու արդյունքում:Սովորական մարդու աչքին հազիվ թե տեսանելի լինի,ասենք,օրինակ,անձրևի կաթիլների կամ,ամպի որոտի յուրահատկությունը,իսկ գրողի համար դրանք աստվածային երևույթներ են,որոնք կարելի է տաղի,երգի ու արձակ որևէ գեղեցիկ ստեղծագործության վերածել: Բանաստեղծի ներաշխարհն ուրիշ է:Այնտեղ տիրում է տարվա չորս եղանակները՝ կանաչաչյա գարունը,ոսկերանգ ամառը,ոսկեզօծ աշունն ու ճերմակահեր ձմեռը:Բայց ինչպես լինում է հաճախ,այս եղանակներից մեկը մի՛շտ գերիշխող է լինում,ինչպես,օրինակ,Վահան Տերյանի հոգում միշտ աշուն էր տիրում: Ես հակված եմ մտածելու,որ բանաստեղծի,և առհասարակ,գրողի,վիպասանի,առակագրի հոգում կա ևս մեկ՝ հինգերորդ եղանակ,որը նախորդ չորս եղանակներից պոկված պատառիկներից է միահյուսված,և որն անզուգական արվեստ է ստեղծում ու ներկայանում հանրությանը: Էմմա (Ղազարյան)Դավթյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը,այնուհետև Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի Լեզվագրական ֆակուլտետը:Առաջին բանաստեղծությունը տպագրվել է շրջանային <<Բարեկամություն>>թերթում:Աշխատել է<<Գրական Ադրբեջան>>հանդեսում,ուր պարբերաբար տպագրվել են նրա մանրապատումներն ու բանաստեղծությունները:Ադրբեջանից 1988-1990թթ. բռնատեղահանումների հետևանքով ընտանյոք հանդերձ գաղթել և ապաստանել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում,որտեղ և ապրում է առ այսօր:2009թ. և 2010թ. Ստեփանակերտում լույս են տեսել Էմմա Դավթյանի բանաստեղծությունների և մանրապատումների <<Հեռավոր կանչ>>, <<Իրիկնային ղողանջներ>>ժողովածուները: Նրա բանաստեղծությունները տեղ են գտել 2011թ. հրատարակված ԼՂՀ Անկախության 20-ամյակին նվիրված <<Արցախի երգը>>ալմանախում,ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած <<Բանաստեղծությունների ժողովածու>>փոքրիկ գրքույկում:2015թ.Գերմանիայի Մյունխեն քաղաքում լույս է տեսել նրա <<Դու մեր արևն ես>>մանկական բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն: Ապրելով օտարության մեջ,հայրենիքից հեռու,կարոտելով հայրենիքն ու հայրենի բնությունը,չի խանգարում,որպեսզի բանաստեղծուհին ստեղծագործի հայրենիքի,մարդու,հայի ապրելակերպի մասին:Էմմա Դավթյանն իր ողջ կյանքի ընթացքում ճաշակել է նաև կյանքի դառնությունները:Նրա ճանապարհը հարթ չի եղել,իսկ այդ անհարթությունը ոչ թե կոտրել,այլ ավելի ուժեղ ու հպարտ է դարձրել նրան:Ակնհայտ է,որ օտարության մեջ ապրելով,նրա մեջ չի մեռել արցախցու ոգին,արցախցու հոգեբանությունն ու մարդկային հատկանիշները: Էմմա Դավթյանի մասին կարելի է խոսել անվերջ ու մեծ ոգևորությամբ:Նրա անպատմելի տաղանդն ու հայրենապաշտությունը մինչ օրս գրավում է ընթերցողի ուշադրությունը:Թեև չի ապրում հայրենի Արցախ աշխարհում,բայց այստեղ՝ հայրենիքում,նրա մասին խոսվում է անասելի հպարտությամբ ու մեծ սիրով: Մաղթում եմ,որպեսզի Էմմա Դավթյանի հոգու ճիչը ստեղծի նորանոր բանաստեղծություններ,իսկ բանաստեղծական աշխարհը լուսավորվի նրա հոգեհմա ներկայությունից: Հ.Գ. Էմմա Դավթյանը ս.թ փետրվար ամսից ԱՄՆ ՀԳՄ անդամ է:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *