ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձած մարմնամարզության ՀՀ հավաքականին, որի կազմում էին նաև Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Նախարարը շնորհավորել է մարզիկներին, նրանց մարզիչներին, ինչպես նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին մարզական ձեռքբերումների համար: «Մենք մարմնամարզության լավ ավանդույթներ ունեցող երկիր ենք, ապացույցը՝ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը և այսօր այստեղ ներկա Ալբերտ Ազարյանը: Վստահ եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել այդ ավանդույթները: Երբ կա համատեղ աշխատանք, երբ ոլորտի ղեկավարներն ու պատասխանատուները սրտացավությամբ են մոտենում իրենց գործին և երբ մարզիկները կարգապահորեն կատարում են իրենց մարզիչների հանձնարարությունները, ապա արդյունքն իրեն սպասել չի տալիս: Այո՛, սա մեր նախարարության, ՀԱՕԿ-ի և ֆեդերացիայի համատեղ աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարարը: 
Մեր հավաքականին օդանավակայանում դիմավորել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, մարզիկների հարազատները, բարեկամները, ընկերներն ու բազմաթիվ մարզասերներ: