""Հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքները Երկրապահ կամավորականների միությանը փոխանցվել են օրինական ճանապարհով, դրա համար երկու տարբերակ կա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանն ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ, երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Հիմա կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սնունդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին` արդյոք ՊՆ-ն չուներ հատկացումներ անելուց հետո վերահսկողական մեխանիզմներ, մամուլի քարտուղարն արձագանքեց` չուներ. տրվում էին հաշվետվություններ, որոնք ևս կուսումնասիրվեն:

«Մեզ արդեն դիմել են համապատասխան մարմինները», — ասաց Ա. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենք զինամթերքին` ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ դրանք չեն հատկացվել ՊՆ կողմից:

«Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել, օրինակ` նռնականետեր եմ նկատել տեսանյութում», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

aysor.am