«Երեք սերունդ». Ապրիլյան պատերազմի խորհրդանիշներից մեկը դարձած լուսանկարը ժողովուրդը հենց այս անվամբ կնքվեց: Լուսանկարի հերոսներից Վաչագան Պետոյանը, որին Արցախյան ազատամարտից հետո Պռոշյանցի Վաչո են ասում, ապրիլին էլ, 90-ականների նման չերկրմտեց առաջնագիծ մեկնել: Պատերազմ չի ուզում, բայց հագուստն ու առաջին անհրաժեշտության պարագաները միշտ պատրաստ են:

Ապրիլին էլ գնաց ու համոզվեց՝ լավ սերնդի են կտակել հայրենիքի պաշտպանության գործը:

«Ես ասել եմ նաեւ ապրիլին այս խոսքը, հիմա էլ եմ ասում՝ էն միակ ազգն է, որ պատերազմի ժամանակ բոլորը հետ են փախնում, մեր ազգն առաջ է վազում»,- ասում է Վաչագան Պետոյանը:

Հպարտությամբ է նշում՝ թշնամու ոտնձգությունից մեկ օր չանցած, ողջ ազգը ոտքի կանգնեց: Խոսակցությունը շարունակվում է լուսանկարի շուրջ: Ի վերջո՝ հայր, որդի ու պապիկ են պատկերում, թե՝ ոչ:

«Չեմ էլ ճանաչել իրանց, այնտեղ եմ ծանոթացել իրանց հետ, էդ նկարն այնտեղից է առաջացել, բայց կապը ձեւավորվել է: Արմենի հետ միայն կապ չկա, բայց, հուսով եմ՝ կունենամ»:

Արմեն Գաբրիելյանը Հայոց բանակի սպա է, Վայքից է, բայց վաղ տարիքից Երեւանում է ապրել, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ այսօր էլ ապրիլյան դեպքերի թեժագույն կետերից մեկում է շարունակում իր ծառայությունը: Օգտվելով Արմենի՝ կարճատեւ արձակուրդում գտնվելու առիթից, կազմակերպեցինք նրանց հանդիպումը լուսանկարի 3-րդ հերոսի՝ Զարզանդ Զաքարյանի տանը:

Լուսանկարը ձեռքներին, հիշում են այդ դժվար, բայց եւ իրենց ընկերության հիմքը դրած օրերը: Խոսելու շատ բան կա, բայց հարցերին պատասխանողն առավելապես Արմենն է. ավագ ընկերներն ուզում են հասականալ՝ գուցե կրկին իրենց կարիքը կա. այդ օրերին ավագները երիտասարդներին վտանգից հեռու պահելու մասին էին մտածում, երիտասարդները՝ մեծերին իրենց քաջության վրա չկասակածելու:

«Արմենը, Արմենի նման էրեխեքը, զինվորները, որին հարցրել եմ, փառք ու պատիվ բոլորին, վախ չունեին, նրանց միակ խոսքը, որ ասում էին՝ հոպար, մենք Քյարամի վրեժը պետք է լուծենք»,- հիշում է ազատամարտիկ Զարզանդ Զաքարյանը:

«Ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով կռվի դաշտ մեկնած Զարզանդ հայրիկն ասում է՝ ոչ թե կարծիք է, այլ ապացուցված փաստ՝ հայ զինվորը քաջ է:

«Ոչ մի կամավոր թող չփորձի ասի, որ զինվորի պես կարող է զենքին տիրապետի, մեր զինվորն այսօր շատ հզոր է, որովհետեւ գնում է իր հողը, ընտանիքը, մորը պաշտպանելու»,- ասում է Զարզանդ Զաքարյանը:

Իր գործողույթունների մասին խոսել չսիրող Արմենը համաձայնում է ավագ ընկերոջ հետ՝ հայրենիքը մանրուքներից է սկսվում՝ բակի ծառից, քո տնից, հարազատներից, ընկերներից: Ասում է՝ անտարբերության պատճառով այդ Հայրենիքի մեծ մասը կորցրել ենք, էլ տալու բան չունենք:

«Բանակն ինձ համար միջոց է, որով ամեն վայրկյան կարողանում եմ պաշտպանել իմ տունը, իմ ընտանիքը, առաջնահերթ իմ ընկրեներին, հարազատությանը, ծանոթներին»,- ասում է լեյտենանտ Արմեն Գաբրիելյանը:

Բանակը կատարյալ չէ, միշտ անելիք կա, բայց Արմենը վստահ է՝ ոչ թե պետք է նստել ու սպասել, այլ քո ներդրումն ունենալ բանակաշինության մեջ: Հիշում է՝ ինչ ոգեւորություն ապրեցին, երբ ամենադժվար պահին իրենց թիկունքում ողջ ժողովորդի սերն ու ուժը զգացի: Վետերանների՝ իրենց կողքին դիրքերը պահելու շնորհիվ էլ ավելի գոտեպնդվեցին:

Ապրիլն Արմենի մեջ շատ բան է փոխել՝ այդ ամենը տեսնելուց հետո վերաարժեւորել է իր ունեցածը, ավելի թեթեւ է նայում ցանկացած դժվարության:

Հրաժեշտից առաջ արդեն քաղաքացիական հագուստով՝ սահմանից շատ հեռու, բայց իրար հանդեպ նույն ջերմությամբ նորից լուսանկարվում են: Արմենը մի քանի օրից կվերադառնա առաջնագիծ ավելի մեծ հավատով, որ ցանկացած պահի օգնությունը չի ուշանա: Մենք էլ բացեցինք պապ, հայր ու որդի անվանումով հայտնի լուսանկարի բոլոր փակագծերը։ Արյունակից չեն՝ բայց այդպիսին են դարձել զենքով ու Հայրենիքը պաշտպանելու կանչով։ Ես էլ իրենց քույր, աղջիկ եւ թոռնիկ՝ Անի Ռափյան։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Ռափյան` yerkirmedia.am