Այսօր գրեթե բոլոր վայրերում վիրուսներ են տարածված: Ծնողները անհանգստանում են իրենց երեխաների մասին. չէ՞որ չկա որևէ երաշխիք, որ հաջորդ օրը վիրուսը կարող է վերանալ:
Խնդրի առնչությամբ որևէ գերատեսչություն չի իրականացնում անհրաժեշտ ստուգումներ, տեղամասային բժիշկներն էլ առիթից առիթ են այցելում հիվանդներին, պատճառաբանելով՝ առանց որևէ պատճառի հարկ չէ այցելել տուն,դպրոց,մանկապարտեզ և այլն, իսկ մարդիկ էլ դիմում են բժշկին այն դեպքում,երբ արդեն ծայրահեղության է հասնում նրանց առողջական վիճակը:
Սա մի կողմ. իսկ ի՞նչ անի այն բնակիչը, ով ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, չունի հնարավորություն մեքենա վարձելու և գյուղից քաղաքային հիվանդանոց հասնելու համար:
Քաղաքացին պետք է մեռնի՞:
Ինչի՞ համար են նշանակվում տեղամասային բժիշկները,եթե ո՛չ դպրոց են այցելում,ո՛չ միայնակ ապրող թոշակառու հիվանդներին,ո՛չ էլ, առհասարակ,նորմալ բուժօգնություն են ցուցաբերում:
Երեկվա լսած դեպքը ամենասարսափելին է:
Երեխան դպրոց է հաճախել քոսատիպ վարակով, որից վարակվել են մի շարք աշակերտներ: Կարո՞ղ եք ասել՝ ու՞ր էիք դու՛ք,բժիշկ կոչեցյալներ, մի՞թե չեք տեսնում՝ ինչ է տեղի ունենում ձեր քթի տակ,ինչու՞ եք թույլ տալիս հիվանդ երեխային դպրոց հաճախել,ու՞ր մնաց վերահսկողությունը,այդպե՞ս եք հոգ տանում մարդկանց մասին:
Հիպոկրատի երդում եք տվել միայն սուրճ խմելու ու դրա դիմաց աշխատավարձ ստանալու՞ համար:
Հիմա թող Մարտակերտի՝ Ռ.Բազիզյանի անվան հիվանդանոցի մի շարք պատասխանատու բժիշկներ իրենց ամենագետներ չերևակայեն. չէ՞որ նրանք պարտավոր են վերահսկել համայնքներում գործող բուժաշխատողների աշխատանքը:
Եթե չենք բողոքում,դեռևս չի նշանակում,որ անտեղյակ ենք իրականությունից:
Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին,որ բժիշկն անտեսում է հիվանդի կանչը:Մի տեղից ոջիլներն են ուտում երեխաների գլուխը,մյուս տեղից էլ սուր շնչառական վիրուսներն են լայն տարածում գտել:
Հ.Գ. Հորդորում եմ Առողջապահության Նախարարությանը,հետամուտ լինել սույն խնդրին, անցկացնել հաճախակի ստուգայցեր,հիվանդների մուտքը դպրոց խստիվ արգելել,իսկ հենց այնպես աշխատավարձ ստացող բուժաշխատողներին զրկել լիցենզիայից և հեռացնել աշխատանքից:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Արցախ