ԵՐԳԻՉ ԳՈՌԸ

Աշտարակ քաղաքի բնակիչ, կամավորական Սեյրան Թումանյանը որդու՝ Ազգային բանակի զինվոր Գոռ Թումանյանի հետ 28 օր պայքարեց ադրբեջանաթուրքական ահաբեկչական բանակի դեմ։ Ցավոք, ճակատամարտերից մեկի ժամանակ Գոռ Թումանյանն ընկավ հերոսի մահով։ Մեր զրույցը Սեյրան Թումանյանի հետ կամավորականի պատերազմական հիշողությունների վավերագրումն է և փոքրիկ պատմություն՝ կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվորի մասին։

 

-Սեյրան, երբ ես լսեցի Ձեր պատմությունը, երբ իմացա, որ հայր ու որդի 28 օր պայքարել եք թշնամու դեմ, մտածեցի՝ քանի-քանի ընտանիք ձեզ նման մասնակցեցին մեր հայրենական պատերազմին, որն, այդուամենայնիվ, ցավոտ ավարտ ունեցավ…

-Մի բան գիտեմ հաստատ՝ երբ հայրենիքը վտանգված է, տղամարդու տեղը սահմանին է։ Տղամարդիկ պետք է փակեն թշնամու ճանապարհը, որպեսզի տանը մնացած կանայք, ծերերն ու երեխաները ապահով լինեն…

Երկու տղա ունեմ։ Նրանց դաստիարակությամբ հիմնականում հայրս է զբաղվել։ Նա պաշտում էր իր երկու թոռներին՝ Սամվելիս ու Գոռիս, և ուզում էր նրանց կատարյալ տեսնել։ Տղաներս պապի հետ ճամփորդել են ամբողջ Հայաստանով։ Հայրս նրանց սովորեցնում էր լինել ուժեղ, վճռական, արժանապատիվ, աշխատասեր, ազնիվ, մի խոսքով՝ տղամարդ։ Գոռս միայն պապին էր ենթարկվում անվերապահորեն։ Նա դեռ փոքրուց իր կարծիքն ուներ և կարող էր բոլորին հակադրվելով՝ պաշտպանել իր կարծիքը, իր տեսակետը։ Ֆիզիկապես ուժեղ էր ու անվախ։ Սարերի ամենաբարձր կատարին էր, ծեծկռտուքների կենտրոնում, բայց մեծ, բարի ու պատվախնդիր հոգի ուներ իմ տղան։ Ընկերներն ասում էին՝ դու պիտի բռնցքամարտիկ դառնայիր, ոչ թե երգիչ։

-Իսկապես, զարմանալի է. Ձեր նշած բնավորության գծերը հարիր չեն երգչին։ Արվեստագետները նուրբ են, խաղաղասեր, հանդուրժող։

-Կինս երաժշտական դպրոցում վոկալ է դասավանդում, ես ատամնաբույժ եմ։ Եթե մենք չմիջամտեինք, Գոռս ոչ ատամնաբույժ կդառնար, ոչ երաժիշտ, այլ մի ուժեղ, քաջության հետ կապված մասնագիտություն կընտրեր։ Բայց մայրը տարավ դաշնամուրի։ Մտածում էինք՝ երաժշտությունը կհավասարակշռի Գոռիս հախուռն խառնվածքը, ակտիվությունն ու ըմբոստությունը, էն էլ դասատուի հետ յոլա չգնաց։ Բայց մայրը չնահանջեց: Գոռիս տարավ Ուջանի երաժշտական դպրոց, որտեղ ինքը՝ վոկալ, քույրը դաշնամուր էր դասավանդում։ Մորաքույրը դիմացավ, տարավ Գոռիս «կապրիզները»։ Հետո մայրը նկատեց, որ երեխան շատ լավ երգում է, հրաշալի ձայն ունի, փայլուն լսողություն։ Ու որպես երկրորդ մասնագիտություն՝ ընտրեց վոկալը։ Այդտեղից էլ սկսվեց. սկզբից հանրապետական մրցույթներում էր հաղթում, «Տենոր» ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» մրցույթում արժանացավ Ոսկե մեդալի, հետո հրավերներ ստացավ ու դուրս եկավ միջազգային ասպարեզ։ «Ոսկե գավաթ» շահեց Իսպանիայում, Թուրքիայում կայացած «Հարմոնիա» անվանումով մրցույթից Գրան պրի բերեց։ Մասնագետները շատ բարձր էին գնահատում Գոռիս երգեցողությունը։ Նա բազմաթիվ հրավերներ ուներ եվրոպական քաղաքներից։ Դեպի մեծ բեմեր նրա ճանապարհն արդեն բաց էր, մնում էր՝ ավարտեր զինծառայությունը ու իր երգով հայկական երաժշտական մշակույթը ցուցադրեր աշխարհով մեկ, փառավորեր իր հայրենիքի անունը։

-Բայց, պատերազմ էր, ու նա հայրենիքը զենքով փառավորեց։

-Գոռս այնքան վստահ ու տրամադրված գնաց բանակ։ Բայց սկզբում որոշ խնդիրներ ունեցավ և, ինչպես երաժշտական դպրոցում, տեղից տեղ տեղափոխվեց, վաշտից վաշտ։ Հետո եղավ մեկը՝ վաշտի հրամանատար Գրիշա Բաբայանը, որը մանկավարժական ու հոգեբանական տակտով, համբերությամբ շահեց Գոռիս սիրտը։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ գտավ դամարը, և Գոռս դարձավ զորամասի լավագույն զինվորներից մեկը։ Երբ գնում էի զորամաս, հրամանատարները սիրով ու հարգանքով էին խոսում Գոռիս մասին, ասում էին՝ հրաշալի զինվոր է։

-Ինչպե՞ս սկսվեց պատերազմը Ձեզ համար։

-Երբ իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են Արցախի վրա, անմիջապես որոշեցի, որ պիտի գնամ ռազմաճակատ ու կռվեմ որդուս ու իր զինակիցների կողքին։ Մենք՝ ավագներս, ջահել զինվորների կողքին կանգնելու բարոյական պարտք ունենք։ Կրծքով, սրտով, կյանքով նրանց պաշտպանելու պարտավորություն։ Սեպտեմբերի 27-ին` հենց պատերազմի առաջին օրը, սանիկիս՝ Յուրայի ուղևորական «Ֆորդով» ես ու քրոջս տղան՝ Նշան Չալաբյանը, ու մի խումբ աշտարակցի կամավորականներ մեկնեցինք առաջնագիծ։ Գոռս շատ ուրախացավ, երբ տեսավ ինձ։ Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ, որ ճիշտ ու պատկերավոր լինի, ինչ բառեր գտնեմ հայրենիքի համար կռվող մեր զինվորների համար. էս ինչ հրաշալի սերունդ է՝ խիզախ, հայրենասեր, զարգացած, բարոյական։ Եղբոր նման սիրում էին իրար, մեկը մյուսին օգնում էր, մեկը մյուսին հոգ էր տանում։ Մեզ՝ կամավորականներիս հարգում էին ու մեծարում, թեև իրենք ամենից շատ էին արժանի մեծարանքի։ Ինձ հոպար էին ասում։ Զենքս մաքրել էի, եկան, նայեցին, ասացին՝ հոպար ջան, լավ չես մաքրել, կռվի ժամանակ սա քեզ կվնասի։ Իրենք վերցրին, էնքան լավ մաքրեցին։ Կատարյալ տղաներ էին, չգիտեմ, մի հրաշք, մի գեղեցկություն, մի հպարտություն։ Իմ սերնդի հետ չես համեմատի. մենք խեղճ ենք նրանց կողքին։

-Դուք Արցախի ո՞ր հատվածում եք կռվել։

-Սկզբից՝ Մարտունիում, հետո մեզ տարան Ֆիզուլի։ 28 օր որդուս և մյուս զինվորների կողքին ես պայքարեցի թշնամու դեմ, որը կրակում էր բոլոր զինատեսակներով, ամենածանր զենքերով։ Իսկ վերջին ճակատամարտը ուղղակի բառերով նկարագրելու չէ, ոնց որ երկնքից աստղերը դառնան հրթիռներ ու թափվեն վրադ։

Երբ առաջին գրոհի կրակը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր բոլորիս համար, միասին խմենք։ Նստեցինք տղերքով՝ զինվոր ու կամավորական։ Գոռս երգեց մեզ համար, այդ տեսանյութը կա համացանցում։ Քիչ անց միանգամից վրա տվեցին, հազիվ հասցրինք լցվել խրամատները։ Գոռս խփվեց ինձնից 40-50 մետր հեռու, իմ աչքի առաջ։ Ուզում էի վազել կրակի տարափի տակ, բայց ինձ ուժով պահեցին խրամատում։ Իմ աչքի առաջ երեք հոգի՝ երկուսը կամավորական ու մեկ զինվոր (ֆելդշեր Արամը՝ Սիսիանից) վազքով մոտեցան, որ Գոռիս քաշեն խրամատ, բայց խփվեցին։ Կամավորականները զոհվեցին, զինվոր ֆելդշերը զրկվեց ոտքերից։ Մենք միշտ էլ կարողացել ենք դիմակայել ու հետ մղել թշնամու գրոհները։ «Կոռնետով» կասեցրել ենք թշնամու առաջխաղացումը, բայց այդ օրը դժոխքի միջով անցանք։ Ես Հայաստան վերադարձա՝ հետս բերելով մեր չորս զինվորների մարմինները, այդ թվում՝ որդուս…

…Ես ամեն օր մտածում եմ, թե ինչպե՞ս ենք շարունակելու ապրել այդ արհավիրքից հետո, այդքան գեղեցիկ տղաներին կորցնելուց հետո։ Ցավը ներս արած՝ պիտի փորձենք ապրել մեր զոհված որդիների փոխարեն։ Ամեն հայ, անկախ այն բանից՝ կորուստ ունեցել է, թե ոչ, պիտի ապրի նաև իր գոնե մեկ զոհված զինվորի փոխարեն, այսինքն՝ կրկնակի հայրենասիրությամբ, կրկնակի անձնվիրությամբ, կրկնակի ոգով, մեր հերոս որդիների երազանքը իրագործելու բազմապատկված կամքով։ Իմ տղային զինվորներն ու սպաները կոչում էին Երգիչ Գոռ, Մարզիկ Գոռ, Շինարար Գոռ։ Որովհետև նա երգում էր, ուժեղ էր, կառուցում էր։ Ջալալ Հարությունյանը անձամբ է խրախուսել տղայիս՝ առաջնագծում ամրաշինական աշխատանք կատարելու համար։ Գոռս այնքան մեծ սիրով էր կառուցում իր բանակը, իր դիրքը։ Ես կկարողանա՞մ փոխարինել նրան։ Պիտի ջանամ, որքան հերիքեն ուժերս։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *