Այսօր մեկ անգամ ևս առիթ ունենք շնորհավորելու և մեր երախտիքի խոսքն ասելու մեր զինվորներին ու բոլոր հրամանատարներին Հայոց Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ:

Բոլորիս էլ հայտնի է մարտական բովով անցնող ձեր ծառայությունը, հայրենիքի և օջախի հանդեպ անմնացորդ ձեր սերը, տոկուն կամքն ու հերոսությունը: Մենք ձեր կողքին ենք մեր հարատև աղոթքներով ու համեստ ծառայություններով:
Սիրելինե՛ր, արդեն դուք կերտել եք այն կերպարը, որը զորակոչից զորակոչ ոգևորում է այսօրվա զորակոչիկին՝ օր առաջ լրացնելու հայոց բանակի շարքերը և քաջությամբ հանձն առնելու իր տան պահպանությունը:
Թող Աստված պահապան լինի ծառայության մեկնողներին:Աստծո կամքով, ավարտվեց շատ զինվորների երկամյա ծառայությունը և նրանք միացան ընտանիքին՝ շարունակելու իրենց քաղաքացիական կյանքը: Այս օրերին ուրախության մեջ ենք: Այսօրվա ուրախության համար պարտքի զգացումով ենք լցված թե՛ զորացրվածների, և թե՛ նրանց զինվոր ընկերների նկատմամբ, ովքեր դեռ ծառայության մեջ են:
Նրանցից յուրաքանչյուրի հավատարմությունը, քաջությունը, ազնվությունը և զգոնությունը նպաստեց խաղաղությանն ու մեր այսօրվա ուրախությանը:
Ավա՜ղ, տասնամյակների վերածված պայքարում, մի շարք տղաներ տուն չվերադարձան: Շատերն իրենց կրծքով կասեցրին թշնամու գնդակը, և իրենց կյանքը զոհաբերելով հյուսեցին մեր այսօրվա օրը: Այո՛, մենք այսօր նաև հիշում ենք նրանց սխրագործություններն ու հերոսությունը և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առջև:
Նրանց օրինակը՝ իրենց անձերի զոհաբերությունը, նմանություն ունի Քրիստոսի զոհաբերական սիրո հետ, Ով հանուն մեր խաղաղության ու հավիտենական օրհնության զոհաբերվեց մատաղացու Գառան պես:
Ուստի, դառնալով զորացրվածներին, մաղթենք, որ իրենց քաղաքացիական կյանքով շարունակեն կերտել խաղաղությունը՝ շենացնելով մեր ազգը՝ ուրախ և գոհ պահելով ընտանիքը և մեզ:
Սիրելի հայրե՛ր, մայրե՛ր, քույրե՛ր, եղբայրնե՛ր, տատիկնե՛ր ու պապիկնե՛ր, աչքներդ լու՜յս: Այս առիթով փառք ենք տալիս Աստծուն և մաղթում, որ ուրախությունն անպակաս լինի ձեր օջախից ու մեր ազգից:
28.01.18.

Վեր. Դավիթ Թորոսյան