""«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իրավապահ մարմիններին Մանվել Գրիգորյանի գործով շատ ավելի լայնամասշտաբ քննություն իրականացնել։

«Ազատության» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց` միայն պարոն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի։

«Ազատություն». — Պարոն Մարուքյան, նախ Ձեր գնահատականն եմ ուզում Ազգային անվտանգության ծառայության երեկ հրապարակած տեսանյութի հետ կապված, որտեղ Դուք ականատես եղաք, թե ապրիլյան պատերազմի օրերին զինծառայողներին ուղարկված այդ օգնություններն ինչպես են պահեստավորվել գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ինչպես ԱԱԾ-ն է հաղորդում` «իր սեփական կենդանիներին կերակրելու նպատակով»:

Մարուքյան. — Նախ պետք է ասենք, որ ցնցված ենք, ուղղակի շոկի մեջ ենք, խոսքեր չենք գտնում, բնականաբար, ամենախիստ կերպով դատապարտում ենք և նաև կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս գործով շատ ավելի լայնամասշտաբ քննություն իրականացնել, որովհետև միայն պարոն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև ակնհայտ է, որ այդ ամենը չէր կարող լինել միայն մեկ անձի իմացությամբ, կամ մեկ անձի կողմից կազմակերպված գործողությունների արդյունքում, հետևաբար` պետք է իրավապահ մարմինները պատշաճ քննություն իրականացնեն և բացահայտեն այդ օրերին բոլոր պատասխանատուներին, ովքեր պատասխանատու են եղել Զինված ուժերի համար հավաքագրվող օգնությունների։ Նաև Պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության հետ կապված բազմաթիվ հարցեր ես ունեմ, որովհետև ակնհայտ է, որ այն պահածոներն, որոնք այնտեղ կային, դրանք որևէ դպրոցում չէին կարող հավաքվել, կամ սփյուռքի մեր հայրենակիցները դա չէին կարող ուղարկել, դրանք հատուկ պետական գնումների արդյունքում այդտեղ հայտնված սնունդ է, որի վրա կա պարտադիր մակնանշում՝ «զինվորի բաժին»։ Հետևաբար սա հարցեր է առաջացնում, որ Պաշտպանության նախարարության թիկունքի վարչությունը, համապատասխան պետական գնում իրականացնող պատասխանատուները նույնպես պետք է հարցաքննվեն և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ազատություն». — Դուք համաձա՞յն եք հնչող այն քննադատության հետ, որ առանց պաշտպանության նախարարի իմացության նման ամբարում տեղի ունենալ չէր կարող, կամ` առանց փոխնախարարի իմացության, որն այսօր նախարարի պաշտոնն է զբաղեցնում, առանց Գերագույն գլխավոր հրամանատարի:

Մարուքյան. — Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ անձը գիտի, Գերագույն գլխավոր հրամանատարը ակնհայտ կրում է քաղաքական պատասխանատվություն՝ որպես այն ուժի ղեկավար, որն իր խմբակցությունում ունի այդպիսի անձնավորություն, սա՝ մեկ, և ամբողջ ուժն է նաև քաղաքական առումով պատասխանատու: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին և փոխնախարարներին, նրանք կարող էին պնդել, որ տեղյակ չէին, և մենք կարող ենք հավատալ դրան կամ ոչ, բայց անգամ տեղյակ չլինելը չի արդարացնում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձին, որովհետև քո առաքելությունն է տեղյակ լինելը։ Ես շատ դժգոհ կլինեմ այս ամենից, եթե միայն Մանվել Գրիգորյանը լինի սրա համար պատասխանատվության ենթարկվող անձը։ Անգամ նրանք, ովքեր կասեն, որ տեղյակ չեն եղել, նրանք նույնպես պետք է որոշակի պատասխանատվության ենթարկվեն, որովհետև մեր Քրեական օրենսգիրքը նաև ունի անփութություն հոդվածը, բազմաթիվ հոդվածներ կան, որոնց լույսի ներքո նախաքննության մարմինը պետք է պատշաճ, մանրամասն, օբյեկտիվ ու համակողմանի քննություն իրականացնի։

«Ազատություն». — Նաև նրանք, ովքեր այս պահին պաշտոն չեն զբաղեցնում, բայց ժամանակին այդ անփութությունը դրսևորե՞լ են։

Մարուքյան. — Զբաղեցնում են, չեն զբաղեցնում… որովհետև նշված հանցագործության վաղեմության ժամկետներն անցած չեն, և իրավապահ մարմինները շատ առողջ կերպով կարող են անդրադառնալ բոլոր այդ հարցերին, որովհետև հիմա է բացահայտվել, հիմա է քննարկման առարկա դառնում։ Մի կարևոր հանգամանք էլ կա․ որքանով որ ես տեղյակ եմ ԱԱԾ-ի մամուլի հաղորդագրությունից՝ այդ ամենագնացները, մեքենաները որպես սեփականության իրավունք ամրագրվել են նրա հարազատների անուններով, այսինքն՝ անգամ ԵԿՄ բալանսում չեն դրանք ամրագրվել, որպես հասարակական կազմակերպության, որ ասես՝ «դե որ կռիվ լիներ, մեկ ա տանելու էինք»։ Չնայած ես դեմ կլինեի նաև էդ մասով, որովհետև ի՞նչ է նշանակում բանակի համար եկած բանը ինչ-որ ՀԿ վերցնի իր բալանս։ Պետական ֆունկցիա Հայաստանում միայն պետք է իրականացնեն պետական ինստիտուտները։

«Ազատություն». — ԵԿՄ-ն պետք է լուծարվի՞։

Մարուքյան. — Ոչ, հասարակական կազմակերպություն է, թող գործի, ԵԿՄ-ում բազմաթիվ ազնիվ մարդիկ կան, հերոսներ կան, էդ մարդիկ այսօր էլ հացի խնդիր ունեն, բայց տեսնում են, թե իրենց ղեկավարն ինչ ձևով է ապրում։ Աչքածակությո՞ւն է, ի՞նչ է… դա առողջ մարդու արած բան չէ։ Էդքան բան ինչո՞ւ պետք է մարդը կուտակի։ Եթե ֆինանսական այդքան լուրջ կարիքներ ունեցող կազմակերպություն է և նաև մեր ԿԳՆ-ն է մեծ գումարներ փոխանցումներ կատարել այդ կազմակերպությանը, էդ ո՞նց է լինում, որ այսքան աղքատ, առողջական խնդիրներ ունեցող ազատամարտիկներ ունենք, հաշմանդամ ազատամարտիկներ ունենք, որոնց խնդիրները պետությունը միգուցե չի կարողացել լուծել, կամ չի լուծել, բա էդ կազմակերպությունն էդ առաքելությունը պետք է ունենար։ Այսինքն՝ իր իսկական առաքելությունը չի իրականացրել, իրականացրել է ուրիշ առաքելություն։ Այսինքն՝ կոնկրետ մեկ անձի իշխանությունն ապահովելու համար եղել է մարմին։

«Ազատություն». — Ինչո՞ւ է նախորդ իշխանությունն աչք փակել այդ ամենի վրա։

Մարուքյան. — Շատ պարզ և ակնհայտ է, որովհետև այդ մարմինն օգտագործվել է ընտրությունների ժամանակ իշխանությունը վերարտադրելու, իշխանությունը պահպանելու և իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։

Հիշեցնենք, հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ըստ ԱԱԾ-ի, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Նույն օրը հրապարակած հայտարարությունում Հանրապետականն ապօրինի որակեց գեներալի ձերբակալությունը՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել նրան: Նշենք, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն:

Երեկ ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է նաև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց, որում ասվում էր, որ հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման», — մասնավորապես ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում: