Արտավազդ Բաբելյանը 18 ամիս ծառայում է Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ զորամասում: Նրան հանդիպում եմ պարգևատրման արարողությանը. Արցախից եկել է Արարատյան թեմի կողմից խորհրդանշական նվեր ստանալու և ընտանիքի հետ անցկացնելու խրախուսական 10-օրյա արձակուրդը:aysor.am

Ներկայանում է զինվորականին բնորոշ համեստությամբ` «շարքային Բաբելյան», ու զրույցը շարունակում ռուսերենով: Հարցնում եմ` արտերկրի՞ց է ծառայության եկել, պատասխանում է` «ծնվել, ողջ կյանքս ապրել եմ Ռուսաստանում, բայց այստեղ եկա ծառայելու ու ամբողջ ընտանիքս տեղափոխվեց Հայաստան»:

Արտավազդը պատմում է, որ ծառայության անցնելու առաջին ամիսներին դժվարությամբ էր խոսում հայերեն ու լեզուն սովորեց ծառայելուն զուգահեռ` զորամասում:

«Այնտեղ տղաներն էին օգնում, սովորեցնում: Լավ ընդունեցին: Սկզբում բարդ էր, բայց բոլոր բարդություններն էլ հաղթահարելի են», — հիշում է շարքային Բաբելյանը:

""

Մեր զրույցին միանում են Արտավազդի ծնողները` Անահիտ Հարությունյանն ու Ջիվան Բաբելյանը, հարցնում եմ` ինչպե՞ս կայացվեց Հայաստան վերադառնու ու որդուն հայկական բանակ ծառայության ուղարկելու որոշումը:

Ի պատասխան՝ մայրը` Անահիտ Հարությունյանը, ժպտալով կրկնում է հարցս` «որդու՞ն, ճիշտն ասած որոշումն իրենցն էր` երեք եղբայրներինը, հիմա զինված ուժերում ծառայում է ոչ միայն Արտավազդն, այլև նրա երկու եղբայրները: Նրանք բանակ գնացին երեքով»:

Բաբելյանների ընտանիքը 20 տարուց ավելի ապրել է Ռուսաստանում, երբ եկել է երեք որդիների զինապարտության տարիքը, երեքն էլ միաձայն պնդել են` «պետք է վերադառնանք ու Հայաստանում ծառայենք»: Ընդ որում՝ սա արել են առանց ավելորդ պաթոսի, պարզ ու հասարակ` ուղղակի որովհետև այդպես ճիշտ է: 

Արտերկրում ծնված ու մեծացած, ռուսախոս երեք եղբայրներն իրենց կամքով ծառայության են մեկնել Արցախի սահմանապահ զորամաս, այստեղ սովորել հայերեն, երեքով անցել ապրիլյան պատերազմն ու երբեք չեն բողոքել:

«Ամեն անգամ հարցնում եմ` ինչպե՞ս է ծառայությունդ, պատասխանում են` ծառայում ենք», — որդուց չտարբերվող համեստությամբ ասում է ընտանիքի հայրը` Ջիվան Բաբելյանն ու ավելացնում.

«Իրենց որոշումն էր, մենք պետք է ընդունեինք այն»:

""

Արտավազդ Բաբելյանը ծնողների մոտ ծառայության, ապրիլյան պատերազմի մասին դժվարանում է խոսել, հավանաբար, պատմածն ու ծնողներին ներկայացրած «ամեն բան լավ է, ես միշտ անվտանգ եմ» վարկածը չեն համընկնի իրար: Միայն նշում է` ինքն ու միջնեկ եղբայրը դիրքապահ են, իսկ կրտսերը` կապավոր:

«Ինքը մեզ անխափան կապով է ապահովում ու միշտ սաստում, որ զգույշ լիենենք, ուշադիր, գլուխներս ներքև պահենք», — պատմում է Արտավազդ Բաբելյանն ու կատակում է, որ հանգիստ խղճով է Երևան եկել, քանի որ սահմանին թողել է երկու եղբայրներին:

«Խնդրել են մամային համբերություն փոխանցեմ, բարևեմ ու հիմա ինձ են սպասում: Իրականում եղբայրների հետ ծառայելը և’ ավելի հեշտ է, և’ բարդ: Չգիտեմ, պատասխանատու է, հատկապես երբ վտանգ կա: Ես երեքիցս մեծն եմ ու միշտ մտածում եմ` եթե հանկարծ… ավելի լավ է ես, քան` նրանք», — ասում է շարքային Բաբելյանն ու մոր հայացքից փախցնում աչքերը:

""

Մայրը դժվարանում է խոսել, ասում է` բառերով չի կարող նկարագրել, թե ինչ է զգում կամ ինչպես է հետևում սահմանի մասին լուրերին.

«Ուղղակի բոլոր ծնողներին համբերություն», — ասում է Անահիտ Հարությունյանն ու նրան լրացնում է ամուսինը.

«Հավատն է կարևոր: Ես առաջին հերթին իմ որդիներին եմ հավատում, որ ամեն բան լավ պիտի լինի»:

Վերջում, դեռ զարմացած լսածիցս, հետաքրքրվում եմ` իսկ ծառայող երեք որդուց բացի, էլի երեխաներ ունե՞ն, ինչին մայրը պատասխանում է նույն համեստությամբ.

«Այո, ևս երեքը: Եվս երեք որդի»:

aysor.am