ԴԵտեկտիվ ————— ՃԱՐՊԻԿՆԵՐԸ|Մելանյա Պետրոսյանց

Ոստիկանության N համայնքային բաժնի պետ, գնդապետ Արմեն Սիմոնյանը դուրս եկավ մուտքից, մտահոգ նստեց ավտոմեքենան, բայց չմիացրեց շարժիչը, հենվեց ղեկին ու մտազբաղ հայացքը պտտեցրեց բակով մեկ։ Ավտոտնակների փակ դռների մոտ մի քանի երեխա գնդակ էին խաղում, իրենց շենքի Հակոբ քեռին կողքի շենքի Սահակի հետ բակի տաղավարում կենտրոնացել էին շախմատի խաղաքարերի վրա, հավաքարար Անիկն էլ, ինչպես միշտ, փնթփնթալով տաղավարի չորս բոլորն էր մաքրում։ Քիչ անց բակ մտավ հավաքարար Անիկի, վերջերս այս տարածքում հայտնված, խուլ ու համր թոռնուհին, տատի ձեռքից վերցրեց ցախավելը, ինքը շարունակեց գործը, իսկ տատը գնաց, նստեց տաղավարում շախմատ խաղացողների կողքին։ Ոստիկանության բաժնի պետը ուշքի եկավ իր անիմաստ դիտումից, բռունցքով թեթև հարվածեց ղեկին ու քրթմնջաց․
– Այ մարդ, բա ես 35 տարի ապրեմ այս շենքում, այս մուտքում, տարածքի ոստիկանության պետ լինեմ, ու իմ քթի տակ գան, իմ հարևանի տունը թալանեն, իմ կողքի մուտքից տուն թալանեն, իմ տան դուռն էլ փորձեն բացել, բայց չհաջողեցնեն, իսկ ես չկարողանա՞մ էդ գողին բռնել։ Բա էլ իրավունք ունե՞մ ես էս հողի վրա ման գալ, էս աստղերը կրել։
Քիչ առաջ Արմեն Սիմոնյանը բարձրացել էր իր վերևի հարևան, օրենքով գող Սաշենց տուն։ Սաշը մի շաբաթ է, իրար է խառնել իր շրջապատի հեղինակություններին, մանր ու մեծ գողերին, բայց ոչ մի հետք, ոչ մի տեղեկություն։ Երկու հարևաններով, մեկը՝ ոստիկանապետ, մյուսը՝ օրենքով գող, ամոթահար, լուռ նայել էին իրար, ու իրենք իրենց ունեցած դիրքից ու տվյալ պահին՝ անկարողությունից ամաչել։
Միացրեց մեքենայի շարժիչն ու բաժին գնաց։ Իր հետևից աշխատասենյակ մտան օպերատիվ բաժնում վերջերս ծառայության ընդունված քյավառցի Արշոն ու կապիտան Արսենը Պետրոսյան։
– Պարոն գնդապետ,- սկսեց Արշոն,- Ձեր շենքի հետ կապված մի պլան ենք մտածել, թույլ տվեք ներկայացնել։
– Նստեք, տեսնենք,- անտրամադիր նրանց աթոռ առաջարկեց բաժնի պետը,- ասեք, լսում եմ։
․․․
Քյավառցի Արշոն ու Արսենը մեքենան կանգնեցրին գնդապետ Սիմոնյանենց բակի անկյունում, իջան, մոտեցան բակի տաղավարում մի քանի երեխաներով շրջապատված հավաքարար Անիկին։
– Անիկ տատ, լավ էլի, տուր մի անգամ էլ սուլիչովդ սուլենք,- խնդրում էին երեխաները։
Անիկ տատը 70-նն անց այն սովորական հավաքարարներից էր, որոնք ցախավելը ձեռքներին հանդիպում են քաղաքի բոլոր բակերում ու փողոցներում, միայն թե, ի տարբերություն նրանց, Անիկ տատի վզից վերջերս մի սուլիչ էր կախված, ինչը խուլ ու համր թոռանը կանչելու համար էր։ Տատն ասում էր, որ թոռը՝ տասնյոթամյա Անժելը, մի տգեղ, անխնամ, տարօրինակ հայացքով աղջնակ, լսում է սուլիչի սուր ձայնն ու հասկանում, որ տատն իրեն է կանչում։
– Բարի օր, տատ ջան,- գյուղական իր ընդգծված բարբառային շեշտով, հավաքարարին դիմեց քյավառցի Արշոն։
– Բարև, Աստծո բարին, տղա ջան։
– Տատ ջան, վարձով տուն ենք ման գալիս, կարո՞ղ է էս երկու շենքերում վարձով տրվող տուն լինի։
– Վարձով տու՞ն,- ծոր տվեց պառավը, ուզեց հիշել նման բան,- քանի՞ սենյականոց եք ուզում։
– Մեկ է, տատ ջան, քանի սենյակ էլ լինի, մեկ է, մենք երկուսով ենք, ուղղակի գործի համար ենք ուզում։
– Ի՞նչ գործի համար, տղա ջան,- հետաքրքրվեց պառավը։
– Ոսկու գործ ենք անում, տատ ջան, ոսկերիչ ենք,- խոսակցությանը խառնվեց Արսենը։
Հենց նույն պահին, ըստ ոստիկանությունում պլանի պայմանավորվածության, երկու անվավոր ճամպրուկները քաշելով, կնոջ ու երեխայի հետ մուտքից դուրս եկավ առաջին հարկի բնակիչ Սամվելն ու եկավ ուղիղ տաղավարում հավաքվածները։
– Անիկ տատ, մեկ ամսով Գայանի ու երեխայի հետ գնում ենք Մոսկվա՝ եղբորս մոտ, տանը ուշադիր կլինես, մինչև գանք։
– Մի րոպե, ընկեր ջան,- Սամվելին դիմեց Արշոն,- կարո՞ղ է մեկ ամսով ձեր բնակարանը վարձով մեզ տաք։
– Բայց դուք ո՞վքեր եք,- իբրև զարմացավ Սամվելը։
– Սամվել ջան, համաձայնվիր, համաձայնվիր, լավ տղերք են երևում,- մեջ ընկավ Անիկ տատը։
․․․
Արդեն երկու օր էր, Արշոն ու Արսենը Սամվելի տան պատուհանից հետևում էին շենքում ել ու մուտ անողներին։ Ոչ մի կասկածելի, արտառոց բան չէր նկատվել։ Միայն երեկ, երբ ցերեկը բակ մտավ բաժնի պետ Սիմոնյանի ավտոմեքենան, հանկարծ Անիկ տատը սկսեց սուլիչով մի քանի անգամ սուլել, մինչև Սիմոնյանը մուտք կհասներ, բայց հետո պարզվեց, որ դա հավաքարարի բնավորությունն է, դրանով նա ողջունում է նաև թաղի ոստիկանապետի գալուստը։
– Արշո, առավոտն էլ տանից դուրս եմ եկել առանց նախաճաշելու, գնա, մի բան բեր, թեկուզ մի երկու տաք խաչապուրի,- ընկերոջը դիմեց Արսենը։
Արշոն դուրս եկավ, բարևեց տաղավարում նստած մի երկու տարեց տղամարդկանց, նստեց մեքենան ու գնաց շուկայի մոտ գտնվող հրուշակեղենի արտադրամասը։ Արտադրամաս մտավ այն պահին,երբ վաճառողը դիտողություն էր անում մի աղջկա։
– Քո կեղտոտ ձեռքերով խաչապուրիներին մի կպիր, ինչ պետք է, ասա, ես կտամ։
– Իմ ձեռքերը կեղտոտ չեն, դու քո ձեռքերին նայիր,- նետեց աղջիկն ու շուռ եկավ՝ գնալու։
Արշոն մի հայացք նետեց արդեն դուրս եկող աղջկա կողմն ու քարացավ։ Անիկ տատի խուլ ու համր թոռն էր, Անժելը։
Վաճառողից հետաքրքրվեց, թե ո՞վ էր այդ աղջիկը, ինչու՞ այդպես կոպիտ խոսեց նրա հետ։
– Կողքի շենքում է ապրում մոր ու տատի հետ, տատը հավաքարարություն է անում, մայրն էլ, Աստված գիտի, թե ինչով է զբաղվում, հայր չունի, չի էլ ունեցել։ Մի քանի անգամ արդեն փորձել է այստեղից խաչապուրի թռցնել, բայց ուշադիր ենք, արդեն գիտենք, թե ինչ տիպ է, ողջ օրը աղբահավաք մեքենան նստած՝ ման է գալիս։
Ոստիկանության բաժնի պետի համար նույնպես անակնկալ էր Անիկ տատի թոռնուհու խուլ ու համր չլինելու փաստը։
․․․․
Հաջորդ օրը բակում իմացան, որ Թաղային ոստիկանության բաժնի պետն ընտանիքով երկու օրով մեկնում է Ծաղկաձոր։
Երբ աղբատար մեքենան բակ մտավ, քյավառցի Արշոն տաղավարում շենքի բնակիչներից մեկի հետ նարդի էր խաղում՝ աչքը չկտրելով բակի անց ու դարձից, Արսենը, օպերատիվ ծառայության երկու այլ աշխատողների հետ, Սամվելի բնակարանում հետևում էր քողարկված տեսախցիկին, ինչը բավական անտեսանելի, գիշերը տեղադրել էին մի քանի հարկերում։
Աղբատարի բանվորը բաց արեց աղբով լի հորանցման դռներն ու անցավ իր գործին, իսկ վարորդը մոտեցավ բակում ավել անող Անիկ տատին, մի երկու խոսք փոխանակեց նրա հետ ու մտավ մուտք։
Խուլ ու համր ձևացող Անժելը կես ժամ առաջ արդեն, ջրով լի դույլով, համապատասխան մաքրող իրերով, երրորդ հարկի միջանցքն էր լվանում։ Աղբատարի վարորդը հասավ նրան, Անժելը թողեց գործը, գրպանից հանեց բանալիների մի մեծ տրցակ, նայեց վերևի ու ներքևի հարկերը, հետո մոտեցավ Արմեն Սիմոնյանի՝ բաժնի ոստիկանապետի տան դռանը, բանալին զգույշ մտցրեց անցքի մեջ, իսկ այդ ընթացքում վարորդը ուշադիր հետևում էր վերի հարկերի աստիճաններին, թեև գիտեր նաև, որ աղբահանման ժամանակ բնակիչները ամուր փակում էին դուռ, պատուհան, որ աղբի տհաճ հոտը չլցվի իրենց բնակարանները։
Ի տարբերություն նախորդ անգամվա, Սիմոնյանի տան դուռը, այս անգամ առանց դժվարության, իսկույն բացվեց։ Անժելը վարորդին ձեռքով արեց, վերջինս մտավ ներս, հետևից դուռը ծածկեց, իսկ ինքը կռացավ ու շարունակեց կիսատ թողած գործը, ասես, ոչինչ էլ չէր պատահել։ Վայրկյանների ընթացքում Սամվելի բնակարանում տեսախցիկին հետևող ոստիկանության օպերատիվ ծառայողները հայտնվեցին երրորդ հարկում, Արշոն նույնպես, անսպասելի թողնելով խաղը, նետվեց դեպի մուտք։ Անժելը փորձեց ավելով հարվածել Արսենին ու ճչաց, բայց օպերատիվները արագ ոլորեցին նրա թևերն ու ներս տարան գնդապետի բնակարան, ուր աղբատարի վարորդը պատրաստվում էր շալակել արդեն պարկի մեջ դրված փոքրիկ մետաղե սեյֆն ու դուրս գալ։ Ահա թե արվեստագետ հարևանի բնակարանից ինչպես էին, առանց կասկածի տեղիք տալու, դուրս բերվել արժեք ունեցող կտավները, թանկարժեք մուշտակները, որպես աղբ, պարկով դրվել էին աղբահավաք մեքենան, ինչպես նաև էլի շատ իրեր։ Ոչ ոք չէր էլ կասկածել, քանի որ բնակիչները ամեն տեղ էլ սովորություն ունեն՝ խնդրել աղբատար մեքենայի վարորդին, բարձրանալ, տանից իջեցնել անպետք, գցելու իրերը, շինարարական աղբը։ Հաջորդ պահին, բակում հայտնվեց գնդապետ Սիմոնյանի ավտոմեքենան՝ ոստիկանական մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ, ու միաժամանակ բակով մեկ տարածվեց Անիկ տատի սուլիչի զգուշացնող ձայնը, բայց այն արդեն օգնություն չէր կարող լինել բնակարան մուտք գործած գողերի՝ աղբատարի վարորդի ու Անժելի համար։ Մի քանի րոպե անց, ոստիկանները մուտքից դուրս բերեցին ձեռնաշղթաներով Անժելին ու աղբատարի վարորդին։ Անիկ տատը վազեց դեպի թոռնուհին։ Ոստիկանական մեքենան բակից հեռացավ՝ իր հետ տանելով Անժելին, աղբատարի վարորդին, բանվորին ու Անիկ տատին։
Թաղային ոստիկանության պետը մի հպարտ ու հաղթական հայացք նետեց պատշգամբից ներքև նայող օրենքով գող հարևանի վրա ու նստեց իր մեքենան։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *