ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ԾԱՌԸ

-Ես հերոս չեմ. չհասցրի կռվել: Նոր էի թնդանոթս դիրքավորել, ուզում էի «Ուրալը» քողարկել փոսի մեջ, երբ արկը պայթեց կողքիս: Ես կարող եմ Ձեզ բազմաթիվ հերոսների հետ ծանոթացնել, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ…

…Ես ուզում եմ, որ Հայկը նստի: Ես ուզում եմ մոտից տեսնել նրա աչքերը, որ հարցնեմ՝ ի՞նչ կար կյանքի ու մահվան ճամփաբաժանին, և ի՞նչ է զգում մարդու հոգին, երբ ձուլվում է տիեզերքի անսահմանությանը …Բայց նա չի նստում, ու հանկարծ հասկանում եմ, որ նա չի կարող նստել առանց օգնության, որ ինչ-որ մեկը պիտի մոտեցնի աթոռը: Հայացքս ակամա սահում է անբնականորեն թեքված ձեռքի վրայով, «շոշափում» ճակատի սպիները: Նա փոքրիկ, երերուն քայլ է անում դեպի պատուհանը: Զգույշ՝ ասում եմ տագնապած:

– Ես 19 տարեկան եմ, ու ամեն վայրկյան ականջներիս մեջ հնչող «զգույշ» բառը դատավճռի է նման:

Ես բնազդաբար մոտենում եմ պատուհանին:

-Ինչ գեղեցիկ ծառ է, -ասում է Հայկը:

-Ի՞նչ ծառ…

– Այսքան գեղեցիկ է, ու չե՞ք նկատել: Ձեր պատուհանի տակ դեղնակարմիր տերևներով ծառ կա: Այսքան գույնզգույն տերևներ որտեղի՞ց է հավաքել վրան…Չե՞ք նկատել:

Ես գլխով անորոշ շարժում եմ անում:

– Դե, արդեն գիտեք, որ դեղնակարմիր ծառը այստեղ է: Երբ տխրեք, մոտեցեք լուսամուտին, ու դեղնակարմիր ծառը Ձեզ կհիշեցնի, թե որքան գեղեցիկ բաներ կան Ձեր կյանքում, որ դեռ չեք նկատել:

Հայկը նստում է աթոռին, ես մնում եմ պատուհանի մոտ կանգնած, աչքս՝ դեղնակարմիր ծառին:

– Մի ժամանակ ես երկու ամուր ոտք ունեի ու երկու առողջ ձեռք: Բայց չգիտեի, թե ինչի համար են իմ ոտքերն ու ձեռքերը: Մի ժամանակ գլուխս վիրահատված չէր. կարող էի ժամերով խոսել, բայց ես ավելի շատ լռել եմ, որովհետև չգիտեի՝ ինչ պիտի խոսեմ…Ես նույնիսկ մի կարգին չեմ սիրել:

…Ինձ մի պահ թվում է, թե ինչ-որ մեկը մտել է ներս ու խոսում է Հայկի ձայնով:

– Ես հիմա անհամեմատ ուժեղ եմ, քան այն ժամանակ, երբ առողջ էի, որովհետև բացահայտել եմ, թե որքան ուժեղ կարող են լինել մարդու ձեռքն ու ոտքը… Իսկ խոսքը կարող է փոխել աշխարհը, փոխել ինչ-որ մեկի կյանքը….

"ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ…Միտքս չի ազատվում դեղնակարմիր ծառից: Այն միայն իմ պատուհանից է երևում. կողքի բարձրահարկ շինությունը քողակել է ծառը մյուսների աչքից:

-Եթե դատվելու հեռանկարը չլիներ, ես բանակ չէի գնա:

Ապշած նայում եմ տղային. Հայացքը լարված է:

– Դու հայրենասեր չէի՞ր…

Սա երևի ամենաշարքային հարցն է, որ կարող էր անցնել մտքովս այդ պահին:

-Չկան հայրենասեր և ոչ հայրենասեր մարդիկ: Կան մարդիկ, որոնք հանդիպել են Հայրենիքին, և կան նրանք, որոնք չեն հադիպել: …Բանակում ինչ-որ սրտամոտ բան կար՝ համազգեստը, ասես քանոնով՝ սանտիմետրի ճշգրտությամբ գծված զինվորական շարքերը: Բայց համազգեստը հայրենիք չէ, շարքը հայրենիք չէ, որքան էլ կուռ ու ձիգ լինի:

– Հայրենիքի հետ մենք հանդիպում ենք ծնված օրվանից,- ասում եմ ես ու հիշում սահմանամերձ գյուղում բլուրի տակ ծվարած պապիս տունը, որը, չգիտես ինչու, իմ մտապատկերում արթնանում է կանաչ-ոսկեգույն երանգով…

– Այս ծառն էլ է հայրենիք:

Միտքս ցայտնոտի մեջ է:

– Նախքան բանակ գալս մտածում էի, որ հայրենիքն այնտեղ է, որտեղ քեզ սիրում են: Այդպես օտար երկիրն էլ կարող է հայրենիք դառնալ…

-Իսկ հիմա ի՞նչ ես մտածում:

– Երբ մեր «Ուրալը» բարձրանում էր դիրքեր ուժեղ հրետակոծության տակ, ես հասկանում էի, որ ամեն վայրկյան կյանքս կարող է ավարտվել: Ես չէի ուզում մեռնել, բայց մի տիրական-անհայտ ուժ ինձ մղում էր առաջ: Գնում էի, որ կրակեմ թշնամու վրա, ու ոչ մի վախ ինձ չէր կարող կանգնեցնել: Սահմանին բնազդաբար ես հերոսանում: Երբ արկը պայթեց կողքիս, մի հուժկու ալիք ինձ վերցրեց ու թափով ծեփեց գետնին: Փորձեցի ոտքի կանգնել, բայց չկարողացա. ոտքերս չէին ենթարկվում, իսկ դեմքիս վրայով տաք հեղուկ էր հոսում, լցվում աչքերս: Սողալով մտա «Ուրալի» տակ, սկսեցի գոռալ, հողով խփել մեքենային, որ մեկնումեկը լսի ձայնս ու օգնության հասնի: Հետո զգացի, որ ինչ-որ մեկը գրկեց ինձ, ճիգ արեցի բացել աչքերս, որ տեսնեմ նրա դեմքը: Կարապետն էր՝ զինակից ընկերս: Ես տեսա նրա աչքերը: Դա իմ առաջին հանդիպումն էր հայրենիքի հետ… Հետո զգացի, որ մարում եմ: Վերջին ճիգով գրկեցի ընկերոջս, ասես կառչեցի կյանքից:

…Ես հիշում եմ իմ զրույցը Հայկի ծառայակից ընկերների հետ: Ասում են՝ հոսպիտալ հասնելու ճանապարհին անվերջ գոռացել է, հայհոյել թուրքերին: Տղային ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Հայտնի բժիշկ Ֆանարջյանը կենտրոնական հոսպիտալում վիրահատել է զինվորին, հեռացրել արկի՝ ճակատից ներս թափանցած բեկորը:

– Հանկարծ կաթնագույն հեռվից ինչ-որ ձայն լսվեց, հետզհետե մոտեցավ. Թող սուրբ լինի Անունդ… Թող գա Արքայությունդ… Ես ցանկացա բարձրացնել ձեռքս, որ խաչակնքվեմ, բայց ձեռքս գամված էր անկողնուն: Սկսեցի ամբողջ ուժով թափ տալ մարմինս: Հետո ինչ-որ մեկը ազատեց ձեռքս կապանքներից:

-Ու քեզ համար աղոթող քահանայի եւ ծնողներիդ ապշած հայացքի տակ 4 օր տեւած կոմայից հետո բացեցիր աչքերդ, արտաբերեցիր՝ Ամեն, ու խաչակնքվեցիր:

…Տղայի դեմքը գունատ է, ճակատի սպին ավելի է մգացել, առողջ ձեռքով անընդհատ տրորում է անշարժ ձեռքը: Ես ջուր խմելու պատրվակով դուրս եմ գալիս սենյակից, որ նա մի քիչ հանգստանա: Րոպեներ անց ջրով լի բաժակը ձեռքիս մտնում եմ ներս: Խմիր՝ ասում եմ:

Ձեռքով մի կողմ է հրում բաժակը:

– Երբ արկն ինձ զարկեց գետնին, աչքերս բացեցի ու տեսա կապույտ երկինքը: Թվաց՝ երկինքը սահում է ցած, լցվում աչքերս: Իսկ մեջքիս տակ հողը անբնական տաք էր: Հայրենիքը նման է Հավատքի. արթնանում է քո կամքից անկախ, լցվում է երակներդ, հոսում սրտիդ, գլխիդ միջով: Գրեթե ուշակորույս մտածում էի՝ տեսնես՝ տղաները ո՞ղջ են: Հո տղաներին բան չեղա՞վ: Այդ պահին ընկերներիս փրկելու համար ես դատարկ ձեռքերով կկռվեի թշնամու դեմ… Դա ի՞նչ ֆենոմեն է, տիկին մայոր:

-Որտեղի՞ց իմանամ. ես չեմ կռվել:

-Մի ժամանակ ես միլիոնավորներից մեկն էի այս աշխարհում, իսկ հիմա ես եզակի եմ: Ես զգում եմ իմ ահռելի ուժը, հույժ կարևոր ներկայությունս իմ հողի վրա: (Ինչո՞ւ էր հողը տաք այն ժամանակ): Ես պիտի շատ մեծ ու կարևոր գործեր անեմ:

…Ինչ-որ տաք ալիք սրտիցս պոկվել, տարածվում է մարմնովս մեկ:

– Դու արդեն շատ մեծ գործ ես արել, սիրելի՛ս: Դու ապրել ես: Համալսարան ես գնում, հարցազրույց ես տալիս: Ես վստահ եմ, որ շուտով քայլելու ես բոլորի նման…

– Քայլելո՞ւ,- նայում է հիասթափված:- Իսկ ես որոշել էի տիեզերք թռչել….

Ու ծիծաղում է բարձրաձայն:

– Այնքան գեղեցիկ են խելահեղորեն համարձակ երազանքները: Մենք ապրում ենք ինչ-որ մեկի երազած աշխարհում: Մենք էլ պիտի երազենք նրանց համար, ովքեր ծնվելու են մեզնից հետո: Եթե մենք չերազենք, նրանց չի տրվի, ու կյանքի գույները կխամրեն: Ես շատ եմ սիրում կյանքը: Միակ բանը, որի համար արժե կյանքը տալ, կյանքն է:

…Հայկը գնում է. Ես պատուհանին թիկնած՝ հայացքով ուղեկցում եմ նրան: Քայլում է երերալով, բայց արագ: Ամեն քայլի հետ թվում է՝ ուր որ է՝ կընկնի: Ես շունչս պահած հետևում եմ նրա ընթացքին, բայց չեմ գոռում՝ զգո՛ւյշ:

…Ապակուց այն կողմ դեղնակարմիր ծառը պարում է քամու հետ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

ՀայԶինվոր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *