Դեկտեմբերի 14-ը ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է: (ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս):

Մենք նրան հայոց մեծերի Պանթեոն ուղեկցեցինք 2007թ. մայիսի 16-ին: Սա այն վերջն է, որ կոչվում է հրաժեշտ ֆիզիկական գոյությանը: Բայց մենք շարունակում ենք լսել նրա փառահեղ կատարումները, շարունակում ենք տեսահոլովակներով ու ձայնագրություններով նայել ու լսել նրան` վերստին ու վերստին ըմբոշխնելով նրա զմայլելի ձայնից հորդացող լույսի ճառագումների անմարելի փայլը: Մենք կշարունակենք մեզ հպարտ զգալ, որ մեծ հայուհին օպերային արվեստի փառքը աշխարհին բաշխեց` այդ փառքի ծիրանին ուսած: Մենք հայրենիքի զգացողության, հայրենիքի հանդեպ խորին սիրո արտահայտության նրա պահվածքը փորձում ենք սերտելի դաս համարել անգամ նրա կյանքի այն մեն մի օրինակով, որ 1946-ին աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնի հրավերը մեժելով` ընտրեց իր հայրենիքի օպերային թատրոնի բեմը: Հետո, ինչ խոսք, նա նվաճեց աշխարհի համարյա բոլոր հայտնի բեմերը, բայց իր բոլոր, բոլոր նվաճումների հենքը պիտի մնար հայրենական բեմը: Այս ցանկությամբ էր Եգիպտոսից եկել Հայրենիք:
Վերջին հրաժեշտին նրա հասցեին հիացական խոսքեր շատ ասվեցին: Նախորդ օրն էլ` հուզված ու տրտում, նրա բնակարանում, նրա տան բակում հավաքվել ու մեկս մյուսիս էինք ասում այդ նույն հիացական խոսքերը, որ հետո Պանթեոնում էլ հնչեցին: Բայց գուցե մենք նրա ֆիզիկական գոյությանն ավելի վա՞ղ էինք հրաժեշտ տվել (Մեղայ Աստծո), երբ նա մենակ էր ու գուրգուրանքի կարոտ հատկապես իր մեծ խնամակալ Տիգրան Լեւոնյանի հեռանալուց հետո:
Ցա՞վ պատճառեցի ընթերցողին` մեզ բոլորիս, որ նախկինում էլ վայելում էինք ու դեռ երկար պիտի վայելենք հայ եւ համաշխարհային երգարվեստի աստղաբույլի ամենափայլուն աստղերից մեկի արվեստի շենշող լույսը: Այդ ցավը կոնկրետ ինձ էլ է կպչում, որովհետեւ ականջներումս տիկին Գոհարի ափսոսանքի ձայնն է: Երբ Տիգրան Լեւոնյանը, տան ելքի դռան մոտ հրաժեշտ էր տալիս ինձ ու իմ գործընկեր Շուշանիկին, ասաց` «Ազատ լինեք, դարձյալ այցելեք»: Այդ պահին տիկին Գոհարը, ով ներսի սենյակից եկել էր ինքն էլ հրաժեշտ տալու, ասաց. «Տիգրան, հիմա մեզ շատ հազվադեպ են հիշում»: Հաճախ եմ մտաբերում չափազանց ճնշող այդ տեսարանը:
Երկու տաղանդավոր մարդիկ, երկու մեծեր, տասնամյակներով իրենց ուսերին կրած արվեստի ծանրության բեռը թեթեւ տարած մարդիկ այդ պահին մի տեսակ խեղճ ու անօգնական էին թվում մենության բեռի տակ: Անձի գնահատման ինչ չափանիշներ էլ այդ պահին որոնեինք՝ պիտի հնչեին որպես անհարկի մխիթարության սուտ ու փուչ խոսքեր, եւ անհնար պիտի լիներ դրանք զուգահեռել նրանց այդ օրվա ներանձնության ու տրամադրության անկումի պահերին, նրանց զսպված ու չբարձրաձայնվող ասելիքին՝ «Աշխարհումս մարդուն ամենացավացնող բանը անտարբերությունն է»:
Տիգրան Լեւոնյանն, ավաղ, իրեն «իրավունք վերապահեց» այդ ցավին չդիմանալ, ու դրանից Գոհար Գասպարյանի մենությունն ավելի թանձրացավ:

Hovhannes Papikyan

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *