""

Տուն գնալիս, մայրուղու հենց կենտրոնում մեքենայի շարժիչն անջատվեց։ Լավ էր, մոտակայքում ավտոտեխսպասարկման արհեստանոց կար, մի կերպ մեքենան հասցրեց այնտեղ, վարպետը նայեց ու ասաց, որ այն միայն վաղը պատրաստ կլինի, կարող է գալ, կեսօրին տանել։ Ոստիկանության մայոր Արմեն Արսենյանը հրաժարվեց տաքսիով տուն գնալու մտքից, հազար տարի էր, տրանսպորտ չէր նստել։ Կանգնեցրեց անցնող երթուղային տաքսին, իրենց փողոց մտնող խաչմերուկում իջավ ու մտավ իր մանկության փողոցը։ Զգաց, որ ներսում կարոտի նման մի բան բարձրացավ։ Դանդաղաքայլ գնաց փողոցով, հատ-հատ հայացքով շոյեց իր ծանոթ տները, դարպասները, բակերը։ Հասավ իրենց տան դիմաց գտնվող Կարո հոպարենց տանը։ Դարպասը բաց էր։ Կարոտով նայեց դարպասից ներս, թվաց՝ ուր որէ տան դուռը կբացվի, բրդուճը ձեռքին, բակ կթռչի իր մանկության ընկեր Սաքոն ու ձեռքով կանի իրեն։ Բայց ոչ, բակում, իրենց մանկական խաղերի վկա ընկույզի ծառի տակ, մի անծանոթ ու հին, առանց համարանիշի, սպիտակ գույնի, թափքով գազ 24 մակնիշի մեքենա էր կանգնած։ Ծնողների մահից հետո, մի քանի ամիս առաջ, Սաքոն վերցրեց կնոջն ու երեխաներին, գնաց Մոսկվայի կողմերը, եղբոր մոտ։ Տունը վարձով տվեցին, հիմա այդտեղ ապրում էր Հրազդանից եկած մի ընտանիք՝ ամուսինն էր, կինը, երեք տարեկան տղան։

Կտրվեց մտքերից ու տուն մտավ։ Ինչպես միշտ, մայրը հացի սեղանը պատշգամբում դրած, իրեն էր սպասում։ Լվացվեց, մտավ փոքրիկ այգին, նայեց շոգից ու մրգերի ծանրությունից կախ ընկած ճյուղերին, մտածեց, որ էս երկու օրը անպայման պետք է ջրել այգին, հետո մոտեցավ այգու անկյունում կապած շան բնին, ուր շոգից թաքնվել էր շունը։ Շունն ալարկոտ դուրս եկավ, մոտեցավ, լիզեց տիրոջ պարզած ձեռքն ու պառկեց տեղում։ Է՜, ծերացել ես, Չալո ջան, մտածեց Արմենն ու բարձրացավ պատշգամբ։ Երբ ուտելը վերջացրեց, մայրը մի տեսակ քաշված՝ դիմեց որդուն․
— Արմեն ջան, մեկ շաբաթ է, ինչ Արմինեն հոր տանն է արդեն, ե՞րբ է տուն գալու։
Արմենը մի պահ հայացքը պտտեցրեց այգու, բակի վրայով, հետո շատ դանդաղ, հոգնած ու կիսաձայն դարձավ մորը։
— Մամ ջան, Արմինեն ատում է այս հին տունը, այս այգին, այս բակը, մեր ծեր Չալոյին, քո սենյակից եկող վալերիանի հոտը, քո տնային կոշիկների քըստքըստոցը, իմ քրտնած նասկիները, իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը, էլ ինչու՞ գա, գա, ի՞նչ անի, էլ չի գալու։
— Ո՞նց թե,- զարմանքից քարացավ մայրը,- ո՞նց չի գալու, բայց դուք ընտանիք եք, երեխա ունեք, Արսենս մեղք է։
— Մամ, նա իր ատելությունից երեխայի մեջ էլ է լցրել, ավելի լավ է՝ երեխան մեծանա ատելությունից հեռու, հանգիստ պայմաններում։
— Արմեն ջան, թող գա, ես կգնամ, գյուղի տանը կապրեմ, ձեզ չեմ խանգարի, միայն քեզ երջանիկ տեսնեմ, տղաս,- մղկտաց մայրը։
— Մամ, մամ ջան,- մոր ուսերը գրկեց որդին,- այստեղ դու ոչ մի կապ չունես։ Արմինեն չի սիրում քեզ, որովհետև ի՛նձ չի սիրում, չի սիրում Չալոյին, որովհետև ի՛նձ չի սիրում, չի սիրում այս տունը, թաղը, մարդկանց, որովհետև ինձ չի սիրում։ Առաջիկայում կդիմեմ դատարան՝ բաժանվելու համար, թող գնա, երջանկանա, գուցե իմ երջանկությու՞նն էլ դեռ առջևում է։ Դու հանգիստ նստիր քո տեղը։
Արդեն կեսգիշեր էր, բայց մայր ու որդի դեռ երկար նստած էին պատշգամբում։
․․․
Հաջորդ օրը Արմեն Արսենյանը աշխատավայր մտավ, ու անմիջապես կանչվեց պետի մոտ՝ խորհրդակցության․ գիշերը արտակարգ դեպք էր պատահել, կողոպտել էին MMM բանկը, դեպքը հայտնի էր դարձել միայն առավոտյան, երբ բանկի աշխատակիցները աշխատատեղ էին եկել։ Աշխատակիցների հետ մեկնեցին դեպքի վայր։ Մաքուր գործ էր արված, ոչ մի տեղ կոտրված դուռ կամ ապակի չկար, պահնորդ ոստիկանը քնած էր եղել, ոչ մի շարժ չի զգացել։ Այն տպավորությունն էր, որ ներսի աշխատողներից մեկը, տուն գնալուց առաջ, հավաքել էր բանկում եղած ողջ գումարը, իր հետևից հանգիստ փակել էր դուռն ու գնացել։ Բայց զարմանալին այն էր նաև, որ չկար բանկի կառավարիչը՝ Հովհաննես Պետրոսյանը։ Պարզվեց, որ նա գիշերն էլ տուն չէր գնացել, կինն էլ անհանգստացած էր, իսկ ձեռքի հեռախոսը անջատված էր։ Բանկի պահնորդ ոստիկանի հետ հենց իր խցում զրուցելիս, Արմենը նկատեց փոքրիկ սեղանիկին դեռ անլվա դրված սուրճի բաժակը, դիմեց պահակին․
— Ասում եք, միշտ, նույնիսկ տառապել եք անքնությամբ, բայց այս գիշեր քնել եք անսովոր խորը քնով, առավոտյան էլ դժվարությամբ եք արթնացել, իսկ այս սուրճը ո՞ր ժամին եք խմել։
— Դե, կառավարիչը երեկոյան տասին մոտ էր՝ գնաց, ես այդ ժամանակ էլ սուրճը խմել եմ։
Արսենյանը ձայն տվեց աշխատակիցներից մեկին, հանձնարարեց՝ վերցնել անլվա սուրճի բաժակն ու ներկայացնել լաբորատորիա՝ ստուգման, ինչպես նաև՝ արյան անալիզ անել ոստիկանին։ Փաստորեն, այդ օրը բանկում ոչ մի արտառոց բան չէր կատարվել, ընկերներից, մտերիմներից միայն հայտնի գործարար Հայկ Ստեփանյանն էր նրան այցելել, մոտ մեկ ժամ զրուցել էին, հետո Հայկ Ստեփանյանը վրդովված հեռացել էր։ Այս տեղեկությունը տվող աշխատակցուհին զրույցի վերջում անհամարձակ մի ինֆորմացիա ևս հայտնեց, այն, որ շշուկներ կային, իբրև բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանը շատ մեծ գումար է պարտք գործարարին, բայց չի կարող վստահ ասել, թե որքանո՞վ են շշուկները ճիշտ։ Գործարարի ձեռքի հեռախոսը պատասխանում էր՝ բաժանորդն անհասանելի է։
MMM կողոպտված բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանը այդպես էլ չհայտնվեց ոչ հաջորդ, ոչ էլ մյուս օրերին։
Հաջորդ օրը Արմենը լաբորատորիայից իմացավ, որ սուրճի փոքրիկ տոպրակի մեջ քնաբեր է եղել, իսկ բանկից քիչ վերև՝ խաչմերուկում գտնվող տեսախցիկը ֆիքսել է, որ գիշերվա ժամին խճուղով անցնող մեքենաների մեջ եղել է նաև առանց համարանիշի, սպիտակ գույնի թափքով գազ 24 ավտոմեքենա։ Արմենը մի պահ ցնցվեց․ առանց համարանիշերի, սպիտակ գույնի գազ 24 ավտոմեքենա, չէ՞ որ մեկ օր առաջ ճիշտ այդպիսի մեքենա նա տեսել է իր հարևան վարձակալի բակում։ Արագ տուն գնաց։ Իջավ ավտոմեքենայից, հարևանի դարպասը փակ էր, հնարավոր չէր ոչինչ տեսնել։ Տանը մայրը զարմացավ, Արմենը սովորաբար այդ ժամին երբեք տուն չէր գալիս։ Ի՞նչ անել, ինչ պատրվակով մտնել հարևանի բակ։ Հանկարծ միտքը պայծառացավ, գտա, ասաց ինքն իրեն ու արագ գնաց դեպի հարևանի դարպասը։ Մի քանի անգամ թակեց, ներսից կանացի ձայնը հարցրեց․
— Ո՞վ է։
— Քույրիկ ջան, ձեր դիմացի հարևանն է, մի հարցով եմ եկել։
Կինը դարպասի դուռը կիսաբաց արեց։
— Լսում եմ Ձեզ։
Բավական երիտասարդ, կանոնավոր դիմագծերով կին էր, բայց Արմենի աչքից չվրիպեց, որ կնոջ աջ աչքի տակը կապտած էր։
— Բարև Ձեզ,- աչքը արագ գցեց բակից ներս՝ ընկույզի ծառի տակ, իսկ այնտեղ արդեն դատարկ էր, բայց պետք էր շարունակել,- ես տեսել եմ, որ դուք թափքով գազ 24 մակնիշի ավտոմեքենա ունեք, հիմա տանից իրեր կան գյուղի մեր տունը տեղափոխելու և ավտոմեքենա է պետք, Ձեր այդ մեքենան շատ հարմար էր, դրա համար եմ Ձեզ դիմում։
— Մենք այլևս ավտոմեքենա չունենք, Ձեր տեսած ավտոմեքենան ամուսինս վաճառել է,- արագ ասաց կինն ու դռնակը ծածկեց։
Արմենը դեռ չէր հասցրել շուռ գալ, երբ դռնակը նորից բացվեց ու երիտասարդ կինը դիմեց նրան։
— Դուք ոստիկան եք, չէ՞։
— Այո՛, ոստիկան եմ,- մի պահ շփոթվեց Արմենը։
— Ես ցանկանում էի Ձեզ հետ․․․
Բայց հենց նույն պահին էլ դարպասի մոտ կանգնած ավտոմեքենայից դուրս թռավ կենվորը՝ կնոջ ամուսինը։ Արմենը հասցրեց նկատել ներս փախչող կնոջ վախից սոսկահար եղած դեմքը։
— Ի՞նչ հարց կա, ընկեր ջան,- մոտեցավ ու առանց բարևի Արմենին դիմեց կենվորը։
— Հարցն այն էր, որ մեքենա էր պետք՝ մի քանի իրեր գյուղ տեղափոխելու համար, Ձեր դռանը թափքով ավտոմեքենա էի տեսել, որը շատ հարմար էր, բայց Ձեր կինն ասաց, որ վաճառել եք,- հանգիստ նրան դարձավ Արմենն ու հաջորդ պահին նկատեց, որ կենվորի լարվածությունը իսկույն թուլացավ։
— Հա, ճիշտ է ասել, վաղուց ենք վաճառել,- մի տեսակ քթի տակ մռմռաց կենվորն ու ներս մտավ։
Արմենը նստեց ավտոմեքենան, միացրեց շարժիչը, մի պահ վարանեց՝ հըմ, վաճառել է, իսկ մեկ օր առաջ մեքենան այստեղ , ընկույզի ծառի տակ կանգնած էր։
Աշխատատեղ մտնելիս, նորից հիշեց երիտասարդ կնոջը, իսկ ինչու՞ էր կնոջ աչքի տակը կապտած, և ինչ էր ցանկանում ասել կենվորի կինը։
․․․
Հավաքվել էին գնդապետի մոտ խորհրդակցության։
— Արմեն, դու գործարար Հայկ Ստեփանյանին գտա՞ր։
— Ոչ, պարոն գնդապետ, անհասանելի է։
— Գնացեք տուն, իմացեք, որտե՞ղ է։ Չմոռանաք նաև առանց համարանիշի գազ 24-ը գտնել։
Արմենն, ինքն էլ չհասկացավ , թե ինչու լռեց հարևանի բակի առանց համարանիշի սպիտակ գազ 24-ի մասին հայտնելուց։
Քիչ հետո նորից հավաքեց գործարարի հեռախոսահամարը։
— Այո՛, լսում եմ,- այս անգամ եղավ պատասխանը։
— Պարոն Ստեփանյան, ձեզ անհանգստացնում է ոստիկանության մայոր Արմեն Արսենյանը։ Մենք պետք է հանդիպենք, ձեզ մի քանի հարցեր ունեմ տալու՝ կապված MMM բանկի կողոպուտի հետ։
— Ես հիմա Սևանում եմ, երեկոյան վերադառնալու եմ։ Վաղը անպայման կհանդիպենք, կզրուցենք, իսկ Հովիկից լուր կա՞։
— Ոչ, լուր չկա։
— Լիլիկն է՞լ տեղյակ չէ։
— Լիլիկն ո՞վ է։
— Հովիկի ընկերուհին, MSM կահույքի խանութի տնօրենը, իսկ կարո՞ղ է էդ տղեն փողերն առել, թռել է։
— Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, նախաքննություն է գնում,- պատասխանեց մայորը,- շնորհակալություն, եղավ, վաղը ձեզ կսպասեմ։
Դիմեց աշխատակցին։
— Շտապ պարզեք, թե ո՞վ է Հովհաննես Պետրոսյանի ընկերուհի, MSM կահույքի խանութի տնօրեն Լիլիկը։
Երկու ժամից աշխատակիցը ներկայացրեց անհետացած բանկի կառավարչի ընկերուհու՝ Լիլիկ Սիմոնյանի մի քանի լուսանկարներ ու տեղեկություն, որ երեսունհինգամյա կինը ոչ վաղուց MSM կահույքի խանութի սեփականատերն է։ Արմենը երկար, շատ ուշադիր նայեց կնոջ լուսանկարները, հետո կտրուկ վեր կացավ տեղից։
MSM կահույքի խանութում նրան ուղեկցեցին Լիլիկ Սիմոնյանի առանձնասենյակը։ Արմենը բարևեց, ներկայացավ, մի ընդհանուր հայացք գցեց սենյակին ու նստեց։
— Ձեզ հետ ցանկանում եմ զրուցել MMM բանկի կողոպուտի և անհետացած կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի մասին,- իր գալու նպատակը ներկայացրեց Արմեն Արսենյանը։
Արսենյանի համար էլ անակնկալ, հանկարծ տիկնոջ աչքերը լցվեցին, ու նա միանգամից փղձկաց։ Որոշ ժամանակ անց հանգստացավ, անձեռոցիկով մաքրեց արցունքով ողողված դեմքը։
— Խնդրում եմ, ներեցեք ինձ,- դիմեց այցելուին։
Արմենը նկատեց, որ Լիլիկը շպարված չէր, այնինչ՝ իր տեսած նկարներում ուղղակի աչքի էր զարնում կնոջ ոչ նուրբ շպարը։
— Հովիկի հետ մենք արդեն մի քանի տարի է՝ ընկերներ ենք, կասեի, նույնիսկ ավելին, քան ընկերներ, մենք սիրում էինք իրար։ Ճիշտ է, ինքը կին ուներ, երեխաներ, բայց այդպես էր ստացվել, մենք իրար սիրում էինք, վերջերս էլ որոշել էինք երեխա ունենալ, բայց իմ երազանքը անկատար մնաց,- ասաց տիկինը ու նորից փղձկաց։
— Հասկանում եմ Ձեզ, տիկին,- խոսակցին սևեռուն նայեց Արսենյանը,- բայց խանգարող ի՞նչ կա, մի՞թե Հովիկն արդեն չկա։
Հարցը անակնկալի բերեց Լիլիկին։ Կինը մի պահ շփոթվեց ու զգաստացավ։
— Բայց ես այդպիսի բան չասացի։
Արսենյանը սկսեց նման դեպքերի համար ընդունված հարցեր տալ, որոնց կինը պատասխանում էր ավելի զգույշ։ Պարզվեց, որ կահույքի խանութն ի սկզբանե, որոշակի տոկոսային հարաբերությամբ, պատկանելիս է եղել և Լիլիկ Սիմոնյանին, և Հովհաննես Պետրոսյանին, բայց վերջերս՝ բանկի կողոպուտից մի քանի օր առաջ, Լիլիկը գնել է Հովհաննես Պետրոսյանի բաժնեմասը և դարձել միանձնյա սեփականատեր։
Արմեն Արսենյանը դուրս եկավ կահույքի խանութից, նստեց իրեն սպասող ծառայակցի ավտոմեքենան ու մտազբաղ գլուխն օրորեց, ինչը նշանակում էր, որ բանկի կառավարիչն արդեն կենդանի չէ։
— ՀԸ՛, շեֆ, ի՞նչ կար,- դիմեց աշխատակիցը։
— Վարդան, վաղվանից հսկողություն եք սահմանում կահույքի խանութի մոտ։ Ես պետք է հատ-հատ իմանամ խանութ մտնող-ելնողներին, ինչպես նաև Լիլիկ Սիմոնյանի շարժը։
Երեկոյան, տուն գնալիս, նկատեց, որ Սաքոյենց կենվորը նույնպես նոր է տուն վերադարձել, ավտոմեքենան տեղավորել բակում, հիմա դարպասն է ծածկում։ Արմենը որսաց կենվորի դեպի իրեն գցած ատելությամբ, արհամարհանքով լի հայացքը ու նորից տարվեց այն մտքով, թե ի՞նչ էր ուզում իրեն ասել կինը, հիշեց նաև երիտասարդ կնոջ աչքի տակի կապտուկը։ Իրեն համոզեց այն մտքով, որ կինը ցանկանում էր զուտ կենցաղային հողի վրա եղած ամուսնու հետ ունեցած կոնֆլիկտից խոսել։
— Մա՛,- դիմեց պատշգամբի սեղանին հաց դնող մորը,- Սաքոյենց էս կենվորներն ի՞նչ մարդիկ են, կնոջ հետ բարև-բարի լույս ունե՞ս։
— Չէ, Արմեն ջան,- ուսերը վեր քաշեց մայրը,- միայն գիտեմ, որ Հրազդանից են։ Կինը համարյա տանից դուրս չի գալիս, միայն հազվադեպ հացի խանութ է գնում ու վերադառնում, գոնե էն երեխային չի թողնում՝ փողոց դուրս գա, տարեկից երեխաների հետ խաղա, շփվի։ Ամուսինն էլ մռութը կախ տղա է երևում, մարդ բան չի հասկանում։
— Արմեն ջան,- քաշվելով ասաց մայրը,- Արսենիցս տեղեկություն ունե՞ս, ինչպե՞ս է։
— Մամ, լավ է, խոսել եմ, երեկ տասն օրով այն պապու հետ գնացել են Հունաստան՝ հանգստանալու։
Քնելուց առաջ դիմեց մորը․
— Մամ, էդ կենվորի տունը գնացող-եկող կա՞։
— Ուշադիր չեմ եղել Արմեն ջան, չեմ տեսել։
— Լավ, կնոջը տեսնելիս, աշխատիր զրույց սկսել հետը,- ասաց ու մտավ ննջարան։
— Հա, Արմեն ջան,- հանկարծ մի բան հիշելով՝ տղային դիմեց մայրը,- երեկ կողքի հարևան Նունիկն էր դժգոհում, որ այդ կենվորները շատ անհաշտ են։
— Մամ, Նունիկն էլ ի՞նչ է ասում։
— Դե, ասում է՝ ամուսիններով շատ անհաշտ են երևում, կնոջ դեմքին միշտ կապտուկներ կան, մարդկանց էլ նայում է մի տեսակ վախեցած հայացքով, խուսափում է նույնիսկ բարև տալ-առնելուց, մի անգամ էլ, պատուհանի տակով անցնելիս, լսել է կնոջ բղավոցները, ասում է անասունի նման բառաչում էր։
Արմենը նորից հիշեց կնոջ սարսափահար դեմքը, երբ տեսավ ամուսնուն, ու նորից ընկավ մտքերի մեջ՝ ի՞նչ էր ցանկանում հարցնել այդ կինը։
․․․
Չնայած հոգնածությանը, քնել չէր կարողանում, նորից ու նորից վերլուծում էր բանկի կառավարչի ընկերուհի Լիլիկի հետ ունեցած զրույցը, նրա ողբերգական տեսքն ու լացը։ Աչքը նոր էր կպել, հեռախոսը զանգեց, բաժնի ոստիկանապետն էր։
— Արսենյան, Սևանի մայրուղու վրա գտել են գործարար Հայկ Ստեփանյանի դին, շտապ բաժին արի, որ գնաք։
Լուրն Արմենին ցնցեց։ Չէ՞ որ առավոտյան պետք է հանդիպեին, զգացվեց, որ գործարարն ասելու բան ուներ։
Գործարարի դին ընկած էր խճուղուց քիչ հեռու, խոտերի մեջ, այնինչ՝ նրա ավտոմեքենան կանգնած էր դին ընկած տեղից մոտ մեկ կմ վերև, դեպի Սևան։
— Նրան մեքենայից դուրս են նետել,- դիակը հապշտապ զննելուց հետո, ասաց դատաբժիշկը,- հարվածներ չկան, մահը վրա է հասել ավտոմեքենայից դուրս ընկնելուց հետո, անկասկած ինչ-որ մեկը օգնել է նրան՝ ընթացքի մեջ գտնվող մեքենայից դուրս ընկնել։
Այո, քանի որ գործարարը Սևանի հյուրանոցից ավտոմեքենայով միայնակ է դուրս եկել, իսկ հիմա ավտոմեքենան հարմար դիրքով կանգնած է խճուղու եզրին, իսկ գործարարի դին ընկած է նրանից մոտ մեկ կմ ներքև, պարզ է, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրան սպասելիս է եղել, գործարարը կանգնեցրել է իր ավտոմեքենան, տեղափոխվել նրա կամ նրանց ավտոմեքենան, հնարավոր է, որ իր կամքով չի տեղափոխվել, սպառնալիքով տեղափոխել են, մտածեց Արսենյանը, նույն պահին էլ նրա ուշադրությունը գրավեց գործարարի սեղմած բռունցքը։ Երբ դատաբժիշկը դժվարությամբ բացեց բռունցքը, այնտեղ կանացի ադամանդե ականջօղ էր ու դեղնավուն մազերի մի փունջ: Արսենյանը ուշադիր զննեց ականջօղը, որտե՞ղ էր նա տեսել այդ օղը։
….
Ոստիկանության Կենտրոնի քննչական վարչությունում խորհրդակցություն էր անցկացնում Ներքին գործերի նախարարը։ Բոլորը նստած էին գլխահակ, դադարել էին նույնիսկ շնչել։
— Դե, ի՞նչ, պարոնայք սպաներ, փաստորեն տասնհինգ օրվա ընթացքում կատարվել են ոչ սովորական հանցագործություններ․ գործարարի սպանություն, բանկի կառավարիչ է անհետացել, բայց մեզ դեռ չի հաջողվել մի քայլ անգամ առաջ տանել նախաքննությունը, միայն այն է հայտնի, որ բանկի կառավարիչը հենց բանկի կողոպուտի գիշերվա համար Փարիզ չվերթի տոմս է ունեցել, բայց չի թռել, հանրապետությունից դուրս չի եկել։ Ուրեմն՝ այստեղ է մարդը, իսկ դուք չեք գտնում։ Հայտնի գործարարի սպանված դին դուրս են գցում մեքենայից, թողնելով բավականին խոսուն հետքեր՝ մազեր, ականջօղ, բայց ձեզ այդպես էլ չի հաջողվում ընկնել որևէ հետքի վրա։ Վատ է, շատ վատ եք աշխատում։
Նախարարը ոտքի կանգնեց, մի կողմ հրեց աթոռը, քայլ արեց դեպի դուռն ու նորից հետ դարձավ։
— Եվ բոլորովին էլ չպետք է նեղանալ, որ հասարակությունը մեղադրում է մեզ անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Այնպես որ, պարոնայք սպաներ, ես ձեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս, առաջընթաց չեղավ, բոլորդ հրաժեշտ եք տալիս ձեր աշխատատեղերին,- ասաց նախարարն ու առանց սպասելու, որ իրեն ուղեկցեն, շտապ քայլերով դուրս գնաց բաժնից։
Արսենյանը վերադարձավ աշխատասենյակ, ուր աշխատակիցները անհամբեր սպասում էին լսել, թե ինչ է ասել նախարարը։
— Ի՞նչ պետք է ասեր, ասաց, որ շատ վատ ենք աշխատում;
Ծառայակիցներից մեկը սեղանին դրեց մի քանի լուսանկարներ։
— Պարոն մայոր, կահույքի խանութ երեկվա ելումոտ արած մարդկանց լուսանկարներն են, իսկ Լիլիկ Սիմոնյանի շարժը նորից սահմանափակվել է խանութ-տուն, տուն-խանութ երթուղով։
Արսենյանը համարյա անտարբեր վերցրեց նկարները, աչքի անցկացրեց, հանկարծ դեմքը լարվեց, միանգամից ոտքի կանգնեց։ Մի պահ վարանեց, մյուսներն զգացին, որ ինչ-որ բան կատարվեց։ Արված նկարում, կահույքի խանութ մտնողների մեջ նա նկատեց հարևան կենվորին։ Հանեց Լիլիկ Սիմոնյանի լուսանկարները, շատ երկար նայեց, հըմ արեց։ Առանց պատասխանելու աշխատակիցների հարցերին, շտապ դուրս եկավ։ Հասավ իրենց փողոց, ավտոմեքենան կանգնեցրեց դարպասի մոտ, զգաց, որ շունչը կտրվում է, մի ներքին դող է մտել մեջը։ Ծանոթ զգացողություն էր այդ դողը, ուրեմն՝ ճիշտ հետքի վրա է։ Գլուխը դրեց մեքենայի ղեկին, աչքերը փակեց։ Նորից հիշեց կենվորի կնոջ սարսափահար դեմքը, դեմքի կապտուկները։ Հարկավոր էր կենվորի բակ մտնել, բայց ինչպե՞ս։ Հիշեց, որ Սաքոյենց փոքրիկ այգու ցանկապատին թիթեղի մի տեղաշարժվող կտոր կար, հաճախ, երբ Սաքոն ցանկանում էր մորից թաքուն փողոց վազել, այդ ճեղքից էր օգտվում։ Հա, այդպես էլ կանի։ Դուրս եկավ մեքենայից, բարձրացավ տուն։
— Արմեն ջա՞ն, այս ժամին ինչու՞ ես տուն եկել, ի՞նչ է պատահել։
— Բան չկա, մամ, մի անհանգստացիր, թե ժամանակ ունես, սուրճ դիր։
Մայրը գնաց սուրճ դնելու, ինքը նստեց պատշգամբում՝ աչքը կենվորի բակի կողմը։ Կարո հորեղբոր քաշած բարձր պարիսպն ու դարպասը խանգարում էին տեսնել ներսը։ Հանկարծ կենվորի դարպասը բացվեց, երեխայի ձեռքից բռնած դուրս եկավ երիտասարդ կինը, իջան փողոցով ցած։ Արմենը արագ տեղից վեր կացավ, ձայն տվեց մորը․
— Մամ, սուրճը թող մնա, քիչ հետո։
Սաքոյենց պարսպի այդ շարժվող հատվածը ինչպես կար, այդպես էլ մնացել էր։ Արմենը մի կերպ ներս խցկվեց։ Այգով անցավ, մտավ բակ, պտտվեց, համարյա տարիներ ի վեր իր իմացած նույն բակն էր։ Ընկույզի ծառի կողմը, դատարկ հավանոցի մոտ, մոխրի կույտ տեսավ։ Կռացավ, ճյուղի կտորով խառնեց մոխիրը։ Պլաստմասայի հոտ առավ։ Մոխրի մեջ մետաղի կտորներ կային, երևում էր, որ այրվածը ինչ-որ սարքավորում էր եղել։ Վերցրեց մետաղի կտողները , դրեց գրպանը։ Հանկարծ բացվող դարպասի ձայն լսեց։ Երիտասարդ կինն ու երեխան վերադարձան, հավանաբար խանութ էին գնացել ու շուտ հետ եկան։ Արմենը արագ մտավ հավաբնի ու պարսպի միջև եղած նեղ արանքն ու սեղմվեց պատին։
— Մամ, ես գնդակով խաղում եմ, դու հանկարծ տուն չգնաս, նստիր այդտեղ,- մորը ձայն տվեց երեխան։
— Ես այստեղ եմ, դու խաղա,- արձագանքեց տանից դուրս եկող մայրը, վերցրեց ծղոտե բազկաթոռի մեջ դրված կիսատ թողած գիրքն ու նստեց, շարունակեց կարդալ։
Լսվում էր գնդակի թըփթըփոցը, երեխան այն նետում էր, հետո վազում հետևից։ Հանկարծ նետված գնդակը գլորվեց, եկավ ուղիղ Արմենի կողմը, հասավ ոտքերը մոտ։ Երեխան վազեց գնդակի հետևից ու հայտնվեց Արմենի հետ դեմառդեմ։ Խեղճ երեխան քարացած կանգնեց։ Արմենը մատը սեղմեց շուրթերին, նշան անելով, որ երեխան սուս մնա։ Երեխան անսպասելիությունից քարացել, կանգնել էր։ Հանկարծ հետ-հետ գնաց ու դողացող ձայնով դիմեց մորը․
— Մամ, ես վախենում եմ։
— Արի այստեղ, Արսեն ջան, վախենալու ոչինչ չկա, գնդակդ վերցրու, արի այստեղ,- ձայնեց մայրը։
— Չէ, մամ, հողի տակի էն ձյաձյան դուրս է եկել, ինձ է նայում, ես վախենում եմ։
— Արսեն ջան, մոռացիր էն ձյաձյային, նա հողի տակն է, մեռած է, դուրս գալ չի կարող, մի վախեցիր, արի, այստեղ խաղա, էդ ընկույզի ծառի կողմը մի գնա,- նվազ ձայնով երեխային համոզեց մայրը։
Քրտինքի մանրիկ կաթիլները ողողել էին Արմենի դեմքը, հատկապես, երբ լսեց տղայի անունը՝ Արսեն, սիրտը մի տեսակ նվաց, հիշեց իր Արսենին։ Ի՞նչ անի, իսկ եթե դուրս գա, պատճառաբանի, որ այն օրը կնոջ կիսատ թողած հարցը շատ է հետաքրքրել, դրա համար է եկել։ Ոչ, կինը, հնարավոր է, որ խուճապի մատնվի, բղավի, բացառված չէ, որ նաև ամեն պահ կարող է հայտնվել ամուսինը։
Երեխան վազեց, փաթաթվեց մորը։
— Մամ, արի գնանք տուն, ես վախենում եմ։
Տան դռան փակվող ձայնից Արմենը հասկացավ, որ մայր ու տղա տուն մտան։ Զգույշ դուրս եկավ իր թաքստոցից, մոտեցավ ընկույզի ծառին։ Ծառի տակ թարմ փորած հողի շերտ էր, վրան մի քանի անպետք իրեր էին դրված։ Նորից հիշեց երեխայի խոսքերը՝ հողի տակի էն ձյաձյան դուրս է եկել, ինձ է նայում։ Մեկ անգամ էլ ուշադիր զննեց շուրջը ու իր եկած նեղ անցքով նորից դուրս եկավ։
Երբ հասավ բաժին, նորից պահանջեց կահույքի խանութի սեփականատեր Լիլիկ Սիմոնյանի կենսագրությունը։ Այո, արդեն անսպասելի չէր, Լիլիկ Սիմոնյանը, ինչպես հարևան կենվորը, նույնպես Հրազդանից էր։
— Պողոսյան,- դիմեց աշխատակցին,- վերցնում ես Լիլիկ Սիմոնյանի և այս տղամարդու նկարները, հենց հիմա գնում ես Հրազդան, պարզում ես, ո՞վքեր են, ինչ կապ ունեն իրար հետ, մի խոսքով՝ բոլոր մանրամասները։ Երեկոյան տեղեկությունները իմ սեղանին լինեն։
Հետո դարձավ մյուս աշխատակցին․
— Գևորգ, հենց հիմա կապվիր օդանավակայան, պարզիր, բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի հետ նույն օրվա Փարիզ թռչողների մեջ կա՞ր Լիլիկ Սիմոնյանի անունը։
— Արամ, իսկ դու կադաստրից կամ այլ տեղից պարզիր՝ երբվանի՞ց է Լիլիկ Սիմոնյանը հանդիսանում կահույքի խանութի սեփականատեր, ի՞նչո՞վ է զբաղված եղել մինչ այդ, ո՞վ է սեփականաշնորհման գործարքն իրականացրել, ինչ պայմաններում, տեղը, ժամը, և ընդհանրապես, պարզիր այդ հարցի հետ կապված ամեն մի մանրուք,- հանձնարարեց ու ինքը մտավ պետի մոտ։
Քիչ անց, երբ այնտեղից դուրս եկավ, հայտնեցին, որ՝ այո, Փարիզ թռչողների ցուցակում եղել է նաև Լիլիկ Սիմոնյանի անունը, բայց վերջինս չի թռել, հանրապետությունից դուրս չի եկել ընդհանրապես։։
— Լավ, եղավ,- ասաց ու արագ դուրս եկավ բաժնից։
Երկու օր առաջ էր եղել կահույքի խանութում։ Լիլիկը սգվորի իր դերից արդեն դուրս էր եկել, հագած-կապած էր, նախկինի պես՝ շպարված, աչքի ընկնող մեծ, գեղեցիկ կլիպսե ականջօղերով ու վզնոցով զարդարված։ Կինը երկար պատմեց իր ու Հովիկի սիրային հիշողություններից։ Այսօր նույնպես տեսքը բանական խնամված էր, վզնոցն ու ականջօղերը իրենց տեղում էին, նորից աշխույժ ընդունեց մայորին, աշխատակցուհուն հանձնարարեց սուրճ, միրգ բերել, նույնիսկ սառը ձմերուկ առաջարկեց։ Արսենյանն իսկույն նկատեց, որ Լիլիկը փոխել է նաև մազերի գույնը, այն ավելի է մգացրել, տալով, այլ երանգ։
— Մեծ հաճույքով,- ժպտաց Արմենը,- այս շոգին ո՞վ կհրաժարվի սառը ձմերուկից, մանավանդ, երբ այն հյուրասիրում է այսպիսի մի չքնաղ տիկին։
Խանութում մնաց մոտ մեկ ժամ, հաճոյախոսություններ շռայլեց գեղեցիկ կնոջը, ապա ներողություն խնդրեց, որ տանը շտապ գործեր ունի ու դուրս եկավ։
Բաժնում աշխատակիցը զեկուցեց, որ գործարար Հայկ Ստեփանյանը գարնանը Իտալիայից ներկրել է 300 հազար եվրոյի բարձրորակ կահույք, բայց այն ոչ մի տեղում մուտքագրված չէ, ոչ ընտանիքի անդամները, ոչ էլ աշխատողները ներկրված կահույքից տեղեկություն չունեին։ Մի լավ լուր կար՝ Մոսկվայից վերադարձել էր գործարարի այն ընկերը, որի հետ նա , մինչև դեպքը, երկու օր անց էր կացրել Սևանում, ինչ-որ աղջիկների ընկերակցությամբ։
ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋ ՊԱՏՄԱԾԸ
Զանգեցի Հայկին, ասաց, որ շատ անտրամադիր է։ Առաջարկեցի երկու օրով գնալ Սևան։ Այնտեղ, դե, գիտեք, երկու անկապ աղջիկներ բերեցին, բայց Հայկի տրամադրությունը չէր բացվում, կապված MMM բանկի կողոպուտի ու Հովիկի անհետացման հետ։ Ես Հովիկին գիտեի, թեև՝ ոչ մոտիկից, անշառ տղա էր, բայց շուտ էր ընկնում ազդեցության տակ։ Այդտեղ առաջին անգամ լսեցի, որ Հովիկը շատ մեծ գումար է պարտք Հայկին, իսկ պարտքը ֆիքսված չէ որևէ փաստաթղթով, Հայկն ասում էր, որ միշտ էլ ինքը ապրանք է ներկրել, հարկային ինչ-ինչ պարտավորություններից խուսափելու համար, առանց թուղթ ու թանաքի, հանձնել է Հովիկին, վերջինս ինչ-ինչ ճանապարհներով իրացրել է, գումարը մաս-մաս կամ ամբողջովին հետ տվել։ Դե, իրենք մանկության ընկերներ են եղել, Հայկը նրան անմնացորդ վստահել է։ Ես անգամ չհետաքրքրվեցի, թե ի՞նչ ապրանք է այս անգամ տվել, որ արդեն երեք ամիս է, Հովիկը տեղից չի շարժվում, ամեն օր էսօր-էգուց է անում։ Ահա, թե ինչու Հովիկի անհետանալը շոկի մեջ էր գցել Հայկին։ Այդ օրը ցերեկը ես պետք է թռչեի Մոսկվա։ Առավոտ շուտ լոգարանից լսեցի, որ Հայկը հեռախոսով զայրացած խոսում էր ինչ-որ մեկի հետ, առանձնապես ուշադիր չէի, ամեն ինչ չէր․ որ լսվում էր, միայն արդեն լոգարանի ջուրը փակելուց հետո, պարզորոշ լսեցի, որ ասաց․<< Դե, ես երեկոյան տասին կլինեմ Երևանում, ուղիղ քեզ մոտ կգամ։ Կամ գումարն ես տալիս, կամ ապրանքն ես վերադարձնում, կամ էլ ես գնում եմ ոստիկանություն, ուր քննիչի հետ արդեն պայմանավորվել եմ առավոտյան հանդիպել>>։ Նույնիսկ ինձ թվաց, որ Հովիկն է հայտնվել, Հովիկի հետ է խոսում։ Քանի որ շտապում էի, Մոսկվա թռչելուց առաջ, դեռ պետք է տուն մտնեի, որոշ բաներ կային վերցնելու, այդպես էլ հրաժեշտ տվեցի Հայկին, դուրս եկա։ Նա ասաց, որ երեկոյան հովը ընկնի, նոր ինքը քաղաք կգնա։ Երկու օր անց միայն, Մոսկվայում լսեցի Հայկի հետ կատարվածի մասին։
Այո, պարզ է, որ ինչ-որ մեկը ճանապարհին նրան սպասելիս է եղել, բայց ո՞վ, գաղափար անգամ չունեմ։
․․․
Կարճ ժամանակում ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ այդ առավոտ Հայկ Ստեփանյանը հեռախոսով խոսել է կահույքի խանութի տիրուհու՝ Լիլիկ Սիմոնյանի հետ։
Ուշ երեկոյան, Հրազդանից վերադարձած Պողոսյանը, իրոք, արժեքավոր տեղեկություններ բերեց։ Նկարի տղամարդը՝ հարևան կենվորը, Գոռ Ղարիբյանն էր, որը Լիլիկ Սիմոնյանի հետ եղել են համադասարանցիներ։ Դպրոցն ավարտելուց հետո, սիրավեպ են ունեցել, երբ Գոռն արդեն ամուսնացած է եղել։ Այդ ընթացքում, աստիճաններից գլորվելով, մահանում է Գոռ Ղարիբյանի երիտասարդ կինը, որը հինգ ամսեկան հղի է լինում։ Իրենց քրոջ ընկնելու ու մահանալու հարցում Գոռին մեղադրում են մահացածի եղբայրները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փեսան կապված է եղել համադասարանցու հետ և այդ պատճառով միշտ վատ է վերաբերվել կնոջը։ Բայց դատարանում դա չեն կարողացել ապացուցել, որոշել են ինքնադատաստան տեսնել, լուծել մահացած քրոջ վրեժը։ Կռվի ժամանակ դանակի հարվածից վիրավորվել է Գոռը, բայց իր հերթին հասցրել է դանակով հարվածել եղբայրներից մեկին, որն էլ հիվանդանոցում մահացել է։ Դատարանը, նկատի ունենալով Գոռի ինքնապաշտպանության հանգամանքը, նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման։ Կալանավայրից դուրս գալուց հետո, Գոռը նորից ամուսնացել է, ունի մեկ որդի, բայց ըստ լուրերի, շարունակում է կապ ունենալ համադասարանցի Լիլիկ Սիմոնյանի հետ, որին հիմա Հրազդանում ճանաչում են, որպես բիզնես լեդի։
Պակաս հետաքրքիր չէր նաև Արամի հավաքած տեղեկությունը։ Պարզվում է, կահույքի խանութի առքուվաճառքը կատարվել է բանկի կառավարիչի անետացումից հինգ օր առաջ, ուշ երեկոյան, անշարժ գույքի N գործակալությունում։ Բայց Արամին շատ կասկածելի է թվացել գործակալության տնօրենի շփոթված պահվածքը, ուստի ոստիկանության աշխատակիցը նրան հրավիրել է, առավոտյան լինել ոստիկանության բաժնում, ավելի մանրամասն պատմել կատարած գործողության մասին։
Փորձագիտությունը պարզեց նաև, որ կենվորի բակում, Արսենյանի մոխրից հանած մետաղի կտորները համակարգչի վինչեստրի մասեր են, այն եղել է բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի անձնական համակարգիչը։ Արմենը բոլոր տեղեկություններով մտավ պետի մոտ, ներկայացրեց նաև իր հանդիպումը , խոսակցությունը կենվորի կնոջ հետ, երեխայի խոսքերն ու վախը։
․․․
Որոշ ժամանակ պետի սենյակում մնալուց հետո, դուրս եկավ, նստեց ծառայական ավտոմեքենան, ուր իրեն սպասում էին նաև օպերատիվ երկու աշխատակիցները։
— Գնացինք կահույքի խանութ։
Քաղաքացիական հագուստով ոստիկանները մնացին խանութի սրահում, Արսենյանը մտավ Լիլիթի առանձնասենյակ։ Խանութի տիրուհին , ինչպես միշտ, նրան ընդունեց լայն ժպիտով, հրավիրեց նստելու։
— Հոգնած եք երևում, սու՞րճ, թե՞յ։
— Իհարկե, սուրճ,- իր հերթին ժպտաց Արմենը, մի ընդհանուր հայացք գցեց սենյակին, նորից դարձավ տիկնոջը,- օր օրի ծաղկում եք, գեղեցկանում, բայց մի խոստովանություն եմ ուզում Ձեզ անել։
— Օ՜, եթե հաճելի խոստովանություն է, անհամբեր սպասում եմ,- կոկետություն արեց Լիլիկը, թեև փորձառու ոստիկանը որսաց նրա անհանգստությունը։
Արմենը մի պահ վարանեց, թվաց, անհարմար է զգում, բայց անհամարձակ, ցածր ձայնով ասաց․
— Ինձ միշտ թվացել է, որ ես կյանքում չեմ կարող որևէ կնոջ հաճոյախոսություն անել, բարձրաձայն հիանալ նրա գեղեցկությամբ, բայց Դուք ինձ ստիպեցիք, որ ես կոտրեմ իմ մեջ եղած այդ բարդույթը և բարձրաձայն ասեմ, որ Դուք աշխարհի ամենագեղեցիկ կինն եք, ես կախարդվել եմ Ձեզնով։
Խանութի տիրուհին երազկոտ, նվաղուն հայացքով շշնջաց․
— Շնորհակալ եմ, բարեկամս, շոյված եմ, զգացված, որ հատկապես, ինձ համար այս ծանր օրերին Դուք իմ կողքին եղաք, շնորհակալ եմ։
Արսենյանը ափի մեջ առավ Լիլիկի սեղանին դրված ձեռքը։
— Ինձ կախարդել են Ձեր աչքերը, շուրթերը, նույնիսկ Ձեր այդ կախարդական ականջօղերը,- շարունակեց նա, բայց հանկարծ ձեռքը հետ քաշեց, ուղղվեց աթոռին, նորից շարունակեց,- ի դեպ, ես ուզում եմ մոտիկից տեսնել, շոշափել Ձեր այդ կախարդական ականջօղը։ Կարելի՞ է, տվեք, նայեմ,- ու ձեռքը առաջ պարզեց։
Արսենյանի աչքից չվրիպեց կնոջ աչքերի անհանգստությունն ու խուճապը։ Կինը ձեռքը տարավ դեպի ձախ ականջը։
— Ո՛չ, ո՛չ, մյուս, մյուս ականջի օղը,- մեղմ ժպտաց Արմենը։
Լիլիկ Սիմոնյանը քարացավ։ Արսենյանը շարունակում էր ձեռքը պարզած պահել։ Լիլիկը շատ դանդաղ, սահեցնելով պոկեց ականջից զարդը, մեկնեց Արմենին, բայց վերջինս արդեն զարդին չէր նայում։
— Օ՜, կներեք, Ձեր ականջի բլթակը կարծես վնասված է, հա՞։
Արագ շարժումով ծոցագրպանից հանեց փոքրիկ ցելոֆոնի մեջ դրված ադամանդե ականջօղը։
— Տիկին Սիմոնյան, արդյո՞ք այս ականջօղը չէ Ձեր ականջի վնասվածքի պատճառը։
Կինը քարացել էր։ Արսենյանը սեղմեց հեռախոսի կոճակը, երկու աշխատակիցները ներս մտան։
— Ի դեպ, միայն Ձեր ականջօղը չէ, որ մեզ մոտ է, ես իմ ծոցագրպանում եմ պահում նաև Ձեր թանկագին մազափունջը, որպես մասունք,- Արսենյանը ծոցագրպանից հանեց մյուս փոքրիկ ցելոֆոնը, որտեղ գործարար Հայկ Ստեփանյանի բռունցք արված ձեռքից վերցված մազերն էին,- այո, այո, Ձեր մազերն են, որ երբ գործարար Հայկ Ստեփանյանին բարձր արագությամբ սլացող մեքենայից դուրս գցեցիք, վերջին պահին նա ճիգ գործադրեց կառչել Ձեզանից, բայց իզուր, Ձեր սիրեկան Գոռ Ղարիբյանի օգնության հասած ձեռքի շնորհիվ, հաջողվեց վերջապես նրան դուրս նետել մեքենայից, միայն ափսոս, որ նրա կառչել ցանկացող ձեռքի ափի մեջ մնացին Ձեր մազափունջը և սիրելի ականջօղը։ Տիկին Սիմոնյան, Դուք ձերբակալված եք։
Արսենյանը շուռ եկավ ներս եկած ոստիկանների կողմը․
— Տիկինը ձերբակալված է, ձեռնաշղթաներ հագցեք նրան և բաժին տարեք, նա այնտեղ պատմելու շատ բան ունի։
․․․
Ուղիղ կեսգիշերին, ոստիկանության օպերատիվ խումբը մայոր Արմեն Արսենյանի գլխավորությամբ, վերցնելով տան խուզարկության դատարանի կողմից տրված թույլտվությունը, մոտեցավ կենվորի՝ Գոռ Ղարիբյանի ապրած տանը։ Ավտոմեքենայում մի քանի րոպե սպասելուց հետո, խումբը Արսենյանի իմացած ցանկապատի ճեղքով մտավ այգի, գնաց դեպի ընկույզի ծառը։ Մի կողմ տարվեցին ծառի տակ անկանոն դրված իրերը, իրենց հետ տարած բահերով տղաները սկսեցին փորել։ Լարված սպասումի պահեր էին, ոստիկանները իրար փոխելով, արագ-արագ փորում էին։ Անցավ հինգ րոպե, հետո տասը, տասնհինգ, և․․․․Ահա, հագուստի կտոր երևաց, մի քիչ էլ, և բացվեցին տղամարդու ոտքեր, հետո մեջքը, թևերը։ Դին փոսի մեջ դեմքով էր, ով լինելը այդ պահին հնարավոր չէր որոշել, դիակի վրա թղթապանակ էր ընկած։ Արսենյանը հետագա գործողության համար կապվեց պետի հետ, հանձնարարություն եղավ՝ կայծակնային գրոհել տան վրա, վերցնել Գոռ Ղարիբյանին։ Գործը բավականին հեշտացրեց այն հանգամանքը, որ տանտերը քնելուց առաջ տան դուռը ներսից չէր փակել։ Այդ պահին Արսենյանը հիշեց երեխային ու տխուր աչքերով երիտասարդ կնոջը, երեխան առանց այդ էլ վախեցած էր։ Գրոհը տան վրա կարճ տևեց, զինված ոստիկանները, մյուս սենյակները նայելով, մտան ննջարան։ Երբ վառեցին լույսը, անակնկալից քար կտրեցին։ Անկողնու մեջ միայն Գոռ Ղարիբյանի կինն էր՝ դեմքն ամբողջովին ուռած ու սևացած, երեխան քնած էր կողքի մանկական մահճակալին, իսկ ամուսինը չկար։ Կինը նստեց անկողնու մեջ ու անբնական մեծացած, վախեցած աչքերով՝ վերմակը իրեն քաշեց։ Արսենյանը մոտեցավ, հնարավորինս հանգիստ ձայնով հարցրեց․
— Մի վախեցեք, որտե՞ղ է ձեր ամուսինը։
Կինը սառած աչքերով մեկ Արմենին նայեց, մեկ՝ մյուս դիմակավոր ոստիկաններին։
— Ես երեկոյան ամուսնուս սպանեցի։ Նա այնտեղ է, խոհանոցի սեղանի տակ։
Քնից արթնացած երեխան ձգվեց մոր կողմն ու սկսեց սնքրտալով լաց լինել, կարծես շարունակելով քիչ առաջվա լացը։ Մայրը փորձեց ձեռքը պարզել երեխային, բայց մի սուր ճիչ արձակեց թևի ցավից, զգացվեց, որ թևը վնասված է։ Ոստիկաններից մեկը փորձեց սաստել լացող երեխային․
— Ձենդ կտրի, այ լակոտ։
Արսենյանը մի կողմ հրեց ոստիկանին, վերցրեց երեխային ու դրեց մոր կողքը։
Խոհանոցից վերադարձած ոստիկանները գլխով արեցին, Արսենյանը մտավ խոհանոց։ Սեղանի տակ Գոռ Ղարիբյանի դին էր՝ ծածկված սեղանի սփռոցով։ Երիտասարդ կինը շարունակում էր սառած աչքերով նայել ոստիկաններին, երեխայի լացը շարունակվում էր, բայց մայրն անհաղորդ էր նույնիսկ այդ լացին։ Արսենյանը հավաքեց մոր հեռախոսահամարը, վերջինս հավանաբար քնած էր, բայց արագ պատասխանեց։
— Արսեն ջան, լսում եմ, ասա։
— Մամ, շտապ իջիր մեր հարևան կենվորի տուն, ես այնտեղ եմ։
Երեխային գրկած, դուրս եկավ, տվեց մոտեցող մորը։
— Մամ, հարցերի ժամանակը չէ, տար երեխային, աշխատիր հանգստացնել, մինչև ես կգամ։ Հա, երեխայի անունը Արսեն է։
Վերադարձավ։ Երիտասարդ կինը շարունակում էր մնալ անկողնու մեջ, անտարբեր շրջապատին, նույնիսկ չընդդիմացավ, երբ Արմենը երեխային տարավ։
— Դուք ի վիճակի՞ եք անկողնուց դուրս գալու,- դիմեց կնոջը։
Կինը ոչ մի շարժում չարեց, չարձագանքեց։ Ժամանած շտապ օգնության բժիշկները նրան պատգարակի վրա դուրս տարան։
Քիչ անց, բաժնի պետի հետ, դեպքի վայր եկավ նաև ՆԳ Նախարարը։ Դիակը փորվածքից հանվեց, այն MMM բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի դին էր։ Ցելոֆոնե թղթապանակի մեջ Հովհաննես Պետրոսյանի անձնական փաստաթղթերն էին և Փարիզ մեկնող ինքնաթիռի երկու տոմս։
․․․
Տասնհինգ օր անց
Հիվանդանոցում ստրեսային, անգիտակից վիճակից վերջապես դուրս եկավ Գոռ Ղարիբյանի կինը՝ Անի Սահակյանը։ Առաջին պահ նա զարմացած նայեց կողքին կանգնած բժշկին ու Արմեն Արսենյանին, որը նրան այցելում էր օրվա մեջ մի քանի անգամ։ Հիշեց իր հետ կատարվածն ու դիմեց Արմենին․
— Որտե՞ղ է երեխաս՝ Արսենս։
— Դուք մի անհանգստացեք, երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նա մեր տանն է, մորս մոտ, իրեն շատ լավ է զգում, միայն Ձեր մասին է միշտ հարցնում,- կնոջ կողմը թեքվեց Արմենը,- այ, կլավանաք, միասին մեր տուն կգնանք, կգրկեք Ձեր Արսենին։
Բժիշկը գլխով արեց Արմենին, նրանք միասին դուրս եկան հիվանդասենյակից։ Արմենը այդ կնոջ նկատմամբ խղճահարության հետ միասին մի տեսակ մեղքի զգացում նաև ուներ։ Չէ՞ որ ինքը լավ էլ նկատեց, զգաց, որ կինն իրեն ասելիք ուներ, որ կինը հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր գտնում, բայց ի՞նչ արեց, ոչինչ, ոչինչ չձեռնարկեց, ինչն էլ կնոջը մարդասպան դարձրեց։
․․․
ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ
<< Գոռ Ղարիբյանին ճանաչում եմ դպրոցից, համադասարանցիներ ենք եղել։ Դպրոցից հետո երկար տարիներ չէինք հանդիպել, հանդիպեցինք վերջերս, երբ ես արդեն մտերիմ հարաբերությունների մեջ էի բանկի կառավարիչ Հովիկ Պետրոսյանի հետ։ Ես մերժել եմ Գոռի՝ իր սիրուհին դառնալու առաջարկը, ասել եմ, որ մենք կարող ենք միայն ընկերներ լինել, քանի որ սիրում եմ Հովիկին։ Համաձայնվեց, բայց խանդով էր լցված։ Հովիկն ինձ համոզում էր, որ միասին հեռանայինք Հայաստանից ու ամուսնանայինք, ապրեինք Փարիզում, որտեղ ինքը շատ մտերիմներ ուներ, քանի որ իր ամուսնալուծությունը կնոջից, ու ինձ հետ ամուսնությունը անհնարին էր Հայաստանում, նա վախենում էր կնոջ հարազատների վրեժխնդրությունից, որոնք կարող էին, իր ասելով, հաշված ժամերի ընթացքում իրեն զրկել ամեն ինչից ու բոմժ դարձնել։ Հենց այդ պլանի իրագործման համար էլ նա չվերադարձրեց գործարար Հայկ Ստեփանյանից ստացած կահույքի գումարը, սարքեց բանկի այդ կողոպուտը, քնաբեր լցրեց պահակի սուրճի տոպրակի մեջ, որ նա չխանգարի գործին, և առավոտյան, մինչև բանկի աշխատակիցների գալն ու կատարված կողոպուտի փաստի հայտնաբերումը, մենք Հովիկի հետ արդեն Փարիզում կլինեինք, ուր նրան խոստացել էին կեղծ անձնագիր՝ այլ մարդու տվյալներով։ Այդ օրը երեկոյան, պայմանավորված ժամին, բանկից քիչ հեռու ես ու Գոռը սպասում էինք Հովիկին՝ Փարիզ թռչելու բոլոր պատրաստություններով։ Գոռը մի քանի օրով վարձել էր գազ 24 մակնիշի ավտոմեքենա, որ մեզ այդ ավտոմեքենայով հասցնի օդանավակայան, կասկածներ չառաջանալու համար։ Բանկից մենք գնացինք նախ Գոռենց տուն, իրեն տալու նախօրոք խոստացված իր բաժին գումարը։ Բայց Գոռը իրեն տրվող գումարը շատ քիչ համարեց, պահանջում էր, որ կահույքի խանութը, որը մի քանի օր առաջ Հովիկը իբրև ինձ էր վաճառել, <<դավերնստով>> իրեն տայինք, բայց Հովիկը չհամաձայնեց, ասաց, որ նա համբերի, մինչև ես արտասահմանից կվերադառնամ, խանութը կվաճառեմ, գումարի կեսն իրեն կտամ։ Հովիկն ու Գոռը վեճի բռնվեցին, Հովիկը չէր ուզում զիջել, սպառնաց ու հայհոյեց, Գոռին անվանեց <<քոռ ախտեցի>>, ինչն էլ կատաղեցրեց Գոռին։ Գոռը հարվածեց նրան, Հովիկը ընկավ, գլուխը չգիտեմ ինչի խփեց ու մահացավ։ Մենք կանգնեցինք փաստի առջև, ուրիշ ոչինչ չէր մնում անել։ Գոռը այգում, ծառի տակ փոս փորեց, ու Հովիկին թաղեցինք այդտեղ։ Երբ հայտնի դարձավ Հովիկի անհետացումը, նրա ընկերը, գործարար Հայկ Ստեփանյանը, սկսեց զանգել ու ինձանից պահանջել այն մեծ գումարը, որը Հովիկն էր նրան պարտք, բայց ես այդ գումարից տեղեկություն չունեի։ Հայկը սկսեց սպառնալ ինձ, ես չէի կարող ապացուցել, որ անտեղյակ եմ այդ գումարից։ Գոռը առաջարկեց նրա հետ զրուցել երես առ երես։ Նա Սևանում էր, գնացինք Սևան, բայց նա արդեն վերադառնում էր Երևան, ճանապարհին հանդիպեցինք, ինքը չհամաձայնեց գնալ, մի տեղ նստել, զրուցել, առաջարկեց զրուցել հենց մեքենայի մեջ, տեղափոխվեց մեր մեքենան։ Զրույցը չէր ստացվում, նա պահանջում էր, որ ես վերադարձնեմ Հովիկի ունեցած պարտքը և վերջ։ Ես Հայկ Ստեփանյանի հետ նստած էինք մեքենայի հետևի նստատեղում, հանկարծ Հայկը ասաց, որ համաձայն է հրաժարվել այդ պարտքից միայն մեկ պայմանով, եթե համաձայնեմ դառնալ իր սիրուհին։ Ես ամոթանք տվեցի նրան, որ իմանալով Հովիկի ու իմ մտերմությունը, նա ինչպե՞ս չի ամաչում, ինձ նման առաջարկություն է անում։ Բայց դա չազդեց նրա վրա, հարձակվեց, ցանկանում էր համբուրել ինձ, ես ողջ ուժով հրեցի նրան, ահա այդ ժամանակ էլ բացվեց մեքենայի դուռը, և նա դուրս ընկավ։ Մենք շատ վախեցանք, այդ պատճառով էլ շփոթմունքից չկանգնեցրինք մեքենան, ինչի համար շատ զղջում ենք։
Ակնկալում եմ ձեր ներողամիտ վերաբերմունքը>>։
Երբ դատարանի դահլիճում պետական մեղադրողը ներկայացրեց, որ Լիլիկ Սիմոնյանը իր ցուցմունքի մեջ թաքցրել է շատ մանրամասներ, խեղաթյուրել դեպքերի ճիշտ նկարագրությունը ի օգուտ իրեն, որ Գոռ Ղարիբյանի հետ իրենց կապը ավելի վաղ է սկսվել, որ հենց այդ կապի պատճառով եղած վեճի ժամանակ է Գոռը կնոջը հրել աստիճաններից ցած, որի արդյունքում էլ հղի կինը մահացել է, թաքցրել է նաև, որ ինքն է ծաղկամանով հարվածել բանկի կառավարչի գլխին, որ Լիլիկը բոլորովին էլ չի սիրել, չի ցանկացել Հովհաննես Պետրոսյանի հետ ապրել արտասահմանում, այլ այդ բոլորը պլանավորվել և արվել է Գոռի հետ միասին, շահադիտական, հանցավոր նպատակով, Լիլիկը գլխով համաձայնության նշան արեց, զգաց, որ արդեն ավելորդ է թաքցնելը, ամեն ինչ պատմեց կատարվածին համապատասխան։

ԳՈՌ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՆՈՋ՝ ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ
Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո աշխատում էի N մանկապարտեզում, որպես դաստիարակչուհի։ Շատ եմ սիրում աշխատանքը երեխաների հետ։ Ծնողներիս մահից հետո ապրում էի եղբորս ընտանիքի հետ, որը այդ ընթացքում գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Գոռի հետ ծանոթացել եմ կանգառում, որտեղից ամեն առավոտ, երկուսս էլ նույն ժամին գնում էինք աշխատանքի։ Գոռն աշխատում էր ինչ-որ ավտոտեխսպասարկման կետում և վարձով ապրում հարևան շենքում։ Մեր ծանոթությունից մեկ շաբաթ անց, նա ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Այդ ժամանակ թեթևակի պատմեց իր նախկինում ամուսնացած լինելու և կալանավայրում անցկացրած տարիների մասին։ Ես հավատում էի նրա պատմածներին ու շատ էի խղճում։ Այդ ժամանակ թվաց, թե սիրում էի նրան, արագ համաձայնեցի նրա ամուսնության առաջարկին։ Նա տեղափոխվեց ապրելու եղբորս տանը։ Միայն շատ ուշ ես հասկացա, որ Գոռն ինձ հետ ամուսնացել էր հիմնականում բնակարանի համար և, երբ իմացավ, որ բնակարանը եղբորս անունով է, իսկ ես այդտեղ մասնաբաժին չունեմ, շատ հիասթափվեց ու այդ չթաքցրեց։ Ամուսնությունից մի երկու ամիս անց, նա մեր տուն բերեց Լիլիկին, ներկայացրեց, որ իր դասընկերուհին է, իբրև պատահաբար հանդիպել է փողոցում, հրավիրել մեր տուն։ Իհարկե, հետո իմացա, որ նրանք միշտ էլ, դեռ առաջին կնոջ ժամանակ, կապված են եղել։ Դրանից հետո Լիլիկը հաճախ էր գալիս մեր տուն։ Մի անգամ, խանութից պատահական տուն վերադարձա ու նրանց գտա գրկախառնված։ Նախկինում էլ ես կասկածում էի, որ նրանց մեջ ինչ-որ կապ կար, բայց ինձ հանգստացնում էի, որ ուղղակի անտեղի խանդն է իմ մեջ խոսում։ Բայց նրանք բոլորովին էլ իրենց վատ չզգացին, որ ես արդեն տեղյակ եմ իրենց ինտիմ կապի մասին։ Ես չգիտեի՝ ինչ անել, շփոթված էի, որովհետև շուտով պետք է ծննդաբերեի, իսկ կողքիս ոչ ոք չկար, ստիպված համակերպվեցի այդ մտքի հետ, բայց միայն ինձ է հայտնի, թե ինչ գնով։ Ծնվեց Արսենս։ Լիլիկը ավելի հաճախ էր գալիս, օգնում ինձ՝ երեխային լողացնելու ու մյուս հարցերում։ Այդ ժամանակ իմացա, որ նա չէր կարող երեխա ունենալ, բայց երազում էր Գոռից երեխա ունենալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր կապվում իմ փոքրիկ Արսենին, մի օր էլ , իբրև կատակով, ասաց, որ, թե խելք ունենամ, կհրաժարվեմ մայրական իրավունքից, Արսենին կտամ, որ ինքը մեծացնի, որ՝ ես դեռ երիտասարդ եմ, շատ երեխաներ կարող եմ ունենալ։ Կատակով ասաց, բայց մեջս սարսափ մտավ, ես սկսեցի ավելի քիչ Արսենին թողնել նրա գրկում, ինչը պատճառ էր դառնում, որ հաճախ ծեծվեմ, իմ դեմքին համարյա միշտ կապտուկներ կային։ Մի օր, նույնիսկ, Լիլիկը հեգնանքով չարախնդաց, որ դեմքիս կապտուկները ինձ շատ են սազում։ Պատահել է, որ Գոռը ինձ սկսել է դաժան ծեծել հենց Լիլիկի ներկայությամբ։ Ողջ ընթացքում, Լիլիկի դեմքի մկանն անգամ չի շարժվել, միայն երբեմն-երբեմն նետում էր, թե՝ Գոռ, մորթին, մորթին չփչացնես։ Այդ կինը իսկական հրեշ էր։ Իհարկե, ես գիշեր-ցերեկ արդեն մտածում էի Գոռից ազատվելու համար, երբ այդ մասին նրան ասացի, նա ափի մեջ ճզմեց դեմքս ու սպառնաց, հիշեցնելով, թե ինչպես է սպանել առաջին կնոջը, խոստացավ՝ ինձ ավելի դաժան ձևով սպանել։ Լիլիկն այդ ժամանակ արդեն մտերմություն էր անում բանկի կառավարիչ Հովիկի հետ, ինչը դուր չէր գալիս Գոռին, բայց Լիլիկին հաջողվեց համոզել վերջինիս, որ Հովիկի նման հիմարի փողերը պետք չէ ձեռքից բաց թողնել, պետք է մի բան մտածել, տեր կանգնել նրա ունեցվածքին, քանի Հովիկը խելագարի նման սիրահարված է իրեն, անվերապահ վստահում է, իսկ հետո մի ձևով Հովիկին կչեզոքացնեին ու կվայելեին նրանից մնացածը։ Լիլիկը որոշ գումար ուներ,այդ օրերին, ըստ պլանի, նա համոզեց Հովիկին, միասին գնեցին կահույքի խանութը, որի սեփականատերը հետագայում դարձավ Լիլիկը այն կեղծ նպատակով, որ երբ Հովիկի հետ ուրիշի անվամբ հաստատվեն արտասահմանում, հետ կգա, կվաճառի խանութը ու արտասահմանում իրենց համար բնակարան կգնեն։ Լիլիկը Գոռին ծանոթացրեց Հովիկի հետ, նրան ներկայացնելով, որպես իր հորեղբորորդի։ Հովիկը երբեմն Լիլիկի հետ գալիս էին մեր տուն։ Ես ընդհանրապես խոսքի իրավունքից զրկված էի, որպես մի ստրկուհի, երբեք չէի խառնվում նրանց խոսակցություններին, բայց միշտ, նույնիսկ գաղտնի, հետևում էի նրանց զրույցներին, խարդավանքներին, հույս ունենալով, որ մի գեղեցիկ օր կարող եմ դրանք բարձրաձայնել։ Երկու տարի անց, Ռուսաստանից ընտանիքով վերադարձավ եղբայրս, ու մենք տեղափոխվեցինք, որպես վարձակալներ ապրելու ձեր իմացած տանը։ Բայց ես չէի կարող եղբորս ոչինչ պատմել իմ դժբախտ կյանքի մասին, քանի որ նա տառապում էր ծանր հիվանդությամբ։ Հազվադեպ էի հանդիպում եղբորս, Գոռն արգելում էր ինձ շփվել որևէ հարազատի կամ ընկերուհու հետ, ինձ արգելված էր, նույնիսկ ձեռքի հեռախոս ունենալ։ Մի անգամ ես Գոռին հարցրեցի, եթե ինքը սիրում էր Լիլիկին, ինչու՞ ամուսնացավ ինձ հետ, ասաց, որ երեխա ունենալու համար է ամուսնացել, քանի որ Լիլիկը չէր կարող երեխա ունենալ։
Ես զգում էի, որ Գոռն ու Լիլիկը ինչ-որ նոր պլան են իրագործում, բայց չգիտեի՝ այդ ի՞նչ պլան էր, մինչև որ մի կեսգիշեր մեր տուն եկան Գոռն ու Լիլիկը Հովիկի հետ։ Երբ տուն մտան, խոսակցությունից հասկացա, որ Հովիկն ու Լիլիկը լուսադեմին թռչելու էին Փարիզ։ Կիսաբաց դռնից երևաց, որ Հովիկը ձեռքի ճամպրուկը դրեց սեղանին ու բաց արեց, այնտեղից հանեց երեք կապոց փող, դրեց սեղանին, հրեց Գոռի կողմը։ Գոռը վերցրեց, ընդհանուր նայեց ու ասաց, որ դա շատ քիչ է, որ ինքը երեխա չէ, որ իրեն խաբեն, բանկի այդ հսկայական գումարից իրեն այս թուլափայո՞վ են ուզում խաբել։ Հովիկն ասաց, որ երկու շաբաթից Լիլիկը հետ է գալու, կվաճառի կահույքի խանութը և իրեն կտա իր ուզած գումարը, իսկ հիմա Փարիզում իրենց դեռ շատ գումար է պետք գալու՝ ուրիշի անունով անձնագիր գնելու համար, բայց Գոռը չէր համոզվում։ Հետո Գոռն առաջարկեց կահույքի խանութը <<դավերնստով>> իրեն տալ, Հովիկը ծիծաղեց, հեգնեց նրան, որ շատ մեծ ախորժակ ունի ու Գոռին անվանեց ,,քոռ ախտեցի>>։ Գոռը կարմրատակեց ու բռունցքով հարվածեց Հովիկին, Հովիկը աթոռից ընկավ գետնին, Գոռը սկսեց ոտքով հարվածել նրան։ Հենց այդ պահին էլ Լիլիկը ասաց Գոռին․
— Արի, սրա հարցերը լուծենք, ուղարկենք Վերին Երուսաղեմ, պրծնենք։
Հովիկն արդեն երևի ուշագնաց էր։ Լիլիկը վերցրեց սեղանի վրայից տանտերերի թողած մեծ, հաղճապակե ծաղկամանն ու հարվածեց ուշաթափված Հովիկի գլխին։ Ես վախից քարացել էի, մի կերպ անշշուկ ինձ գցեցի ննջարան, ուր քնած էր Արսենս։ Հենց շորերով մտա անկողին ու դողացնում էի։ Ահագին ժամանակ զգում էի, որ տանը շարժ կար, ելումուտ էին անում, բայց չէի համարձակվում վերմակի տակից գլուխս հանել։ Չեմ կարող ասել, թե որքան, բայց ահագին ժամանակ անցավ, երկու ժամ, գուցե և ավելին։ Հանկարծ ննջարանի դուռը բացվեց, ու Գոռը ձայն տվեց, թե՝ շուտ հագնվիր, արի։ Նրա ձայնից երեխան արթնացավ ու կպավ ինձ, թե՝ ես էլ եմ գալիս։ Մի կերպ նրան համոզեցի, պառկեցրի իմ անկողնու մեջ ու գնացի։ Սենյակի հատակին փռված էր Հովիկի դին։
— Արի այստեղ, բռնիր մի ոտքից,- առանց որևէ բացատրության պահանջեց Գոռը։
Դիակի մի ոտքից ես բռնեցի, մյուս ոտքից՝ Լիլիկը, Գոռը՝ թևատակերից, սենյակից դուրս հանեցինք, բայց հենց այդ պահին ննջասենյակից լացելով դուրս եկավ Արսենս, վազեց փաթաթվեց ոտքերիս։ Ոչ իմ խնդրանքը, ոչ Գոռի ու Լիլիկի զայրույթն ու հորդորը չազդեցին երեխայի վրա, նույնիսկ՝ հակառակը, նա ավելի ամուր փաթաթվեց ոտքիս։ Ուրիշ բան չէր մնում անել, հենց այդպես, երեխան փեշիս կպած, քարշ տվեցինք դիակը, հանեցինք բակ, տարանք ընկույզի ծառի տակ, ուր Գոռը մի խոր փոս էր փորել, նետեցինք այդ փոսը, դիակի հետ նաև ինչ-որ թղթապանակ, որի մեջ երևում էին ինքնաթիռի երկու տոմսեր։ Գոռը սկսեց բահով արագ-արագ հողով ծածկել փոսը։Առավոտյան Լիլիկն ու Գոռը մտան ննջասենյակ, ուր վերմակի տակ, երեխային գրկած, դեռ դողացնում էի։ Գոռը մատը պարզեց իմ կողմն ու ցածր, բայց մի ահավոր ձայնով ասաց․
— Տեսար, չէ՞, այն փոսը, այդ մասին մի թեթև շշուկ անգամ բերանիցդ դուրս գա, դու էլ կհայտնվես այնտեղ։
Ես հավատում էի, նա իրոք այդ կաներ, ես էլ կհայտնվեի այդ փոսում։ Օ՜, դուք չեք կարող պատկերացնել, նա իր ասածը կաներ շատ սառնասրտորեն, ես սարսափում էի նրանից էլ, Լիլիկից էլ։ Նրանք ինձ համոզել էին, որ ես թույլ, մտավոր հետամնաց մեկն եմ, կամազուրկ, իմ եսը չունեցող մի թրջված հավ, որի խելքը ոչնչից չի հասնում,բայց սարսափելին այն էր, որ դրանում նրանք ինձ էլ էին համոզել, ես ինձ հենց այդպիսին էլ զգում էի։
Լիլիկը գնաց և այդ օրվանից այլևս նա մեր տան կողմը չերևաց, նույնիսկ հեռախոսով Գոռի հետ խոսում էին հազվադեպ ու շատ կարճ, հավանաբար զգուշանում էին։ Հետագա օրերին Գոռը գազազած էր, անհանգիստ, օրվա ընթացքում քիչ էր տանը լինում, միշտ վերադառնում էր կեսգիշերին՝ հարբած։ Այդ երեկոյան նա տուն եկավ, նորից հարբած էր։ Ես երեխային էի քնեցնում, մոտեցավ, համբուրեց նրան, ապա դարձավ ինձ․
— Ես դիմել եմ ամուսնալուծվելու համար, առավոտյան պատրաստվիր, գնալու ենք դատարան, ծանոթ մարդ կա, արագացված դատ կանեն ու կբաժանվենք, բայց Արսենը ապրելու է ինձ հետ, դատարանում դու պետք է հրաժարվես երեխայից, քանի որ ոչ տուն ունես, ոչ աշխատանք, ոչ էլ ապրելու միջոց, ոչ էլ՝ խելք, երեխան պետք է ինձ հետ ապրի։ Ես ու Լիլիկը պետք է ամուսնանանք։
Ես խելագարվեցի, սկսեցի լացել, աղաչել նրան, որ այդպիսի բան չանի, ավելի լավ է, ինձ էլ սպանի, հա, նույնիսկ շատ ուրախ եմ ամուսնալուծվելու համար, բայց ես առանց Արսենի կյանք չունեմ։ Նրա վրա չազդեցին ոչ իմ լացը, ոչ աղաչանքը։ Նա գնաց խոհանոց, հանեց կոնյակի շիշն ու բաժակը, իրար հետևից նորից սկսեց խմեց։ Այդ ժամանակ, հանկարծ մի ուժ ու համարձակություն եկավ վրաս, վախս անհետացավ, մտա խոհանոց, ասացի, որ նման բան երբեք թույլ չեմ տա, կվերցնեմ երեխայիս ու հենց հիմա կհեռանամ, կդիմեմ ոստիկանություն։ Շուռ եկա, որ հեռանամ, բայց նա ձեռքը գցեց ու կոպտորեն ցավեցնելով, բռնեց թևիցս, թևս ոլորվեց, ես ցավից ճչացի, նա սկսեց հարվածներ տեղալ դեմքիս ու հայհոյել, բայց ես արդեն ոչինչ չէի զգում, ուշագնաց էի եղել, ձախ թևս այդ պահին կոտրվել էր։ Երբ ուշքի եկա, ընկած էի խոհանոցի գետնին, իսկ նա շշի կոնյակը լրիվ հասցրել էր խմել, առանց այդ էլ արդեն հարբած էր, որ տուն եկավ։ Ես ընկած տեղից մի կերպ զգույշ բարձրացա։ Բռնեցի սեղանին դրված նրա ձեռքը, ցանկացա նրա մեջ գութ, խղճահարություն արթնացրել, բայց նա կարծես ավելի գազազեց․
— Էս դու դեռ չե՞ս սատկել, դե, հիմա ես քեզ կսատկացնեմ։
Նա երկու ձեռքով բռնեց կոկորդիցս, ես հետ-հետ գնացի դեպի պատուհանը։ Զգում էի նրա կոշտ մատների սեղմումը, շունչս սկսեց կտրվել, աչքերիս դեմ արդեն սև օղակներ էին, հենց այդ պահին էլ խոհանոցի դռան մեջ աչքս ընկավ քնից արթնացած ու զարմանքով մեզ նայող Արսենիս, հենց Արսենս էր, որ ինձ ուժ տվեց։ Ես սկսեցի թփրտալ ու թփրտոցի մեջ, հանկարծ ձեռքս դիպավ պատուհանի գոգին դրված մուրճին, որով ցերեկը, ճանճերից պաշտպանվելու համար, պատուհանի պոկված ցանցն էի ամրացրել։ Վերցրեցի մուրճն ու ճարահատ, որքան ուժ ունեի,հարվածեցի Գոռի գլխին։ Դե, իսկ գիշերն արդեն դուք եկաք։
Պարոն դատավոր, ես մարդ եմ սպանել, ինձ դատեք օրենքի ողջ խստությամբ, միայն չգիտեմ, թե ինչ է լինելու Արսենիս հետ։

ՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՎԿԱ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Աննա Սահակյանի կատարած հանցագործության մեջ ես իմ մեղքի բաժինն ունեմ։ Երբ նա դիմեց ինձ, տեսա, որ ասելու բան ունի, որ նա վախեցած, իրեն կորցրած, թույլ մի էակ է։ Այդ պահին ես հանդես բերեցի պրոֆեսիոնալ ոստիկանին ոչ հարիր պահվածք ու հոտառություն, այնինչ՝ ես իմ ճիշտ գործունեությամբ կարող էի կանխել Գոռ Ղարիբյանի սպանությունը։ Այդ իսկ օրը, ես պարտավոր էի միջոց, հնարավորություն ստեղծել Աննային լսելու համար, մանավանդ, որ հարևաններն էլ նկատել էին, որ Աննան միշտ ծեծված, կապտուկների մեջ էր, հաճախ են լսել նրա լացն ու գոռոցները։
․․․
Դատարանի որոշմամբ MSM կահույքի խանութի սեփականատեր Լիլիկ Սիմոնյանը դատապարտվեց, ըստ որի՝ իր կյանքի մնացած տարիները անց էր կացնելու ուժեղացված ռեժիմով կանանց գաղութում՝ մինչև կյանքի վերջին օրը, իսկ Գոռ Ղարիբյանի կինը՝ Աննա Սահակյանը, ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատարանը հաշվի առավ, որ Աննան ամուսնու սպանությունը կատարել էր աֆեկտի ազդեցության տակ, որից հետո երկար ժամանակ կորցրել էր գիտակցությունն ու հիշողությունը, ինչպես նաև, որ նրա խնամքին էր գտնվում երեքամյա որդին։ Ըստ նախկին աշխատավայրի, ինչպես նաև հարևանների ու շրջապատի բնութագրմամբ, Աննան եղել էր խելացի, համեստ, բարի անձնավորություն, որին բոլորը հարգել ու սիրել են։
․․․
Արմեն Արսենյանը ավտոմեքենան կանգնեցրեց իրենց դարպասի մոտ, իջավ, բաց արեց մյուս դուռը, օգնեց, մեքենայից իջավ Աննա Սահակյանը։ Աննան կանգնեց, մի հայացք գցեց դիմացի տանը, հետո արագ դիմեց Արմենին․
— Պարոն Արսենյան, ես ցանկանում եմ Արսենիս վերցնել ու, որքան հնարավոր է, շուտ հեռանալ այստեղից, ես չեմ կարող նայել այդ տանը։
— Աննա ջան, մի անհանգստացիր, հենց վաղը ես կզբաղվեմ քո բնակարանի հարցով, այլ տեղ վարձով մի բնակարան կճարեմ, դու և Արսենը կտեղափոխվեք ապրելու այնտեղ,- երիտասարդ կնոջը հանգստացրեց Արմենն ու բաց արեց դարպասի փոքրիկ դուռը։
— Մամա՜,- նույն պահին բակից լսվեց փոքրիկ Արսենի ձայնը։
Երեխան վազեց ու թռավ մոր գիրկը։ Արմենի մայրը, բակում կանգնած, ժպիտի մեջից հոսող արցունքներն էր մաքրում։

Մելանյա Պետրոսյանց