Լավ մարդկանց նման են
Լավ մտքերը մարդու,
Հազվադեպ են ծնվում
Ու ոչ պատահական:

Սերվում են կյանքից,
Անկախ մեր կամքից
Պատվիրան են դառնում
ժամանակի հրամայական :

Անհավասար մարտում
Զորավար են կարգվում,
Պատերազմներ մղում
Հանուն ճշմարտության:

Բարոյապես կայուն,
Իմաստությամբ քայլում,
Դեպի անվերջություն
Ճամփով հավերժության:

Լավ մարդկանց նման են
Լավ մտքերը մարդու,
Հազվադեպ են ծնվում
Ու շուտ մեռնում ավաղ:

Երբ անականջ պահի
Անկենսունակ խելքով,
Չեն հասկացվում բնավ
Ու չեն գնահատվում:

Լավ մտքերով հարուստ,
Լավ մտքերի արժան,
Իմ ընթերցող ընկեր
Ու իմ լավ բարեկամ:

Լավ ընկալիր ավաղ
Լավ մտքերը բոլոր,
Դու մարտիկն ես դարի,
Ճամփորդն հավերժության:

 

ՀԻՆ ԳԻՐ

Ինքնամփոփ եմ
Միշտ մենակ
Խոհերիս հետ
Շարունակ…

Իմ աշխարհում
Բնակվում եմ
Մեն-մենակ:

Սակայն մեկ է
Ձեր աշխարհի
Անգամ քամին
Աննշան
Փոթորկում է
Իմ աշխարհը
Ավերում է
Իմ ներկան…

Ձեր աշխարհում
Իմ աշխարհը
Բնակվում է
Մեն-մենակ…
Իմ հոգին էլ
Ուրվական է
Այս ներկայում
Ավերակ:

 

Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ,
Թող ձեր հոգին չքաղցի
Համատարած քաղցի մեջ:

Երբ օդը չի հերիքի
Կյանքի թոհուբոհի մեջ,
Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Երբ կհոգնեք աշխարհից
Ու ուժ չեք գտնի ձեր մեջ,
Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Երբ շատ հիվանդ կլինեք
Ու դեղ-դարման չեք գտնի,
Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Երբ ձեր հույսը կորցնեք
Ու մարեք լույսը վերջին,
Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Երբ երջանիկ կլինեք
Ու կուզեք այն երկարի,
Պոեզիա շնչեք մարդիկ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Իսկ երբ մահը մոտենա
Իր դավադիր քայլքով ձեզ,
Փչեք պոեզիան դեմքին,
Թող խճճվի կյանքի մեջ:

Ու մինչ մահը խեղճացած
Կազատվի կապանքներից,
Պոեզիա շնչեք մարդիկ ,
Պահեք պոեզիան ձեր մեջ:

Ու երբ մահը վախեցած
Մոտ գա արդեն թիկունքից,
Արտաշնչեք պոեզիան
Որպես հոգու վերջին ճիչ:

 

ՉՄԱՐԵՍ ԿՐԱԿՍ ՍԻՐԵԼԻՍ

Երբ ես խաղամ մազերիդ հետ,
Լուռ նայելով աչքերիդ,
Քո շուրթերը գերելով ինձ,
Կմոտենան շուրթերիս,
Իմ ձեռքերը գրկելով քեզ,
Կմիացնեն մեզ նորից,
Քո համբույրից այրվելով ես,
Կհրդեհեմ քեզ նորից:

Իմ սիրո անմար կրակից այրվող,
Քո ջերմ մարմինը երբեք չի մրսի,
Այլ հավետ կայրվի,
Մեր գրկում ծնված կրքի ծովի մեջ…
Միայն կրակս հանկարծ չմարես,
Մեկ այլ կրակից հանկարծ չայրվես…..

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ

Մասիսը սրտում նա աշխարհ եկավ
Ու հայոց հողի աղերսը դարձավ,
Աղերսն առ աշխարհ ու կոչը դարձավ,
Որ հասնենք Անի, որ Կարսում մնանք,
Որ միասնական ոգի ունենանք:
Նա մայր գովերգեց
Ու Հայրենիքն էլ մորից շատ սիրեց,
Նա հայով շնչեց, նա հայով ապրեց,
Իր կյանքը միայն հային նվիրեց:
Մահից հետո էլ, նույն խենթը մնաց,
Ձգտեց Մասիսին, հասավ Մասիսին,
Իր սիրտն էլ ,նրա ստին պահ տվեց,
Ինքը որբացած, որբին կյանք տվեց,
Մասիսի սրտում ինքն էլ կյանք առավ
Ու նա ապրում է հիմա Մասիսում
Ու դեռ ձայնում է.
_ Հեյ հայոց քաջեր, հեյ հայոց աշխարհ,
Մասիսս մռայլ ,իր տունը կուզե,
Իր հային կուզե…

 

 

Օտար հողում եմ հիմա,
Երթուղային եմ նստել
Ու հայացքս ակամա,
Մի հայուհու է մեխվել:
Ինձ օտար է անծանոթ,
Բայց հարազատ ու շատ մոտ:
Իր հոգսաշատ հայացքում ,
Խորին ցավ եմ նկատում,
Տեսքը տեղով ոսկի է,
Բայց մռայլ է, չի փայլում:
Հիմա խոսել եմ ուզում,
Ցավից շեղել եմ ուզում,
Միտքը ցրել եմ ուզում,
Նրան գրկել եղբոր պես,
Ուժ տալ ,օգնել եմ ուզում,
Բայց մատանին իր մատի,
Ու ուղեկից ծեր կինը,
Մի բառ ասել չեն թողնում,
Ու ես էլ եմ մռայլվում ,
Ճամփաս երկար է թվում,
Բայց կանգառս մոտեցավ,
Նրան մենակ եմ թողնում,
Ինքն էլ, դեռ իր մտքերում ,
Ինձ այդպես էլ չի տեսնում
Ու հիմա նա իմ մտքում
Քայլեմ խանութ հետո տուն…

Հեղինակ`Գևորգ Միրզոյան