ԳՐՈՂԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԱՄ ԿՅԱՆՔԸ ԲԱՌԱՎՈՐԵԼՈՒ ՆՈԻՐԲ ՀՆԱՐԸ

Արձակ բանաստեղծությունների շարքը սկսվում է գեղեցիկ աշնանային պատկերներով: Աշնանային մանրանկարից մինչև ծիածանոտ երազներ…հեղինակի հոգու գանձարանից ամեն ստեղծագործության հետ մի բուռ ջերմություն է փոխանցվում ընթերցողներին, միաժամանակ, տարվա գունագեղ եղանակ աշնան պատկերավոր նկարագրությունը մնում է բաց և ընկալելի բոլոր տարիքի գրականասերների համար, որովհետև գրականությունը սահմաններ չի ճանաչում, գրիչը բյուրեղացնում է գրողի հոգու գանձերը, բառեր է հավաքում երկրից ու երկնքից, միավորում ու կառուցում այն, ինչն այսօր կա:
Առանց հիացմունքի չես կարող ընթերցել ՙՄի պատառ մանկություն. ծաղկաշքերթ՚ ստեղծագործությունը, որն ուղղակի արարում է՝ բնության հրաշալիքների և բույսերի, ծաղիկների բուժական ազդեցությունների վերաբերյալ: Այն բժշկական տեղեկատու է ասես՝ հիասքանչ մեղեդայնությամբ ձևակերպված. ՙ… Շնդեղ վարդագույն՝ թունավոր բույս է, նաև՝ դեղ ու ճար, թե հիվանդացար՝ կօգնի անպատճառ: Հրաշք պատատուկ, ինքը՝ բազմագույն, նուրբ է ու քնքուշ՝ իր տեսքի հանգույն: Թավշածաղիկ՝ զատկի խաղիկ, մեղվի տաղիկ, արևքուրիկ՝ համը՝ քաղցրիկ, տեղովը մեկ՝ հազար ու մի դեղի հատիկ: Թե քարքարոտ զառիթափում գտնես սուսամբար՝ համեմունքով կզարդարես ամեն մի ամբար: Տերեփուկը՝ հրաշք աստղիկ, չքնաղ է այնքան, որ բազմագույն երանգներից կապույտն է արքան…Կեչու սև սունկ՝ հաբեթասունկ, անչափ բուժիչ՝ որպես մասունք: Կատվախոտը՝ շատ օգտակար, սրտի համար բուժիչ դեղ, ճար, կատուն եթե հոտը քաշի, վայ թե տեղում շունչը փչի…՚:
… ՙԼույսը մոտեցավ, մոտեցավ, ճառագեց ու… լուսապսակի մեջ հստակ ուրվագծվեց Հիսուս Քրիստոսի կերպարանքը: Աչքերը խաղա՛ղ-խաղաղ էին, նայվածքը՝ փաղաքուշ ու բարի: Իսկ հագուստը լու՛յս էր՚,-գրել է Սոֆյա Սարգսյանը:
Կյանքը շարունակվում է անչա՛փ ուրախ, անչա՛փ տխուր…և անկեղծ, ոչ ոք չգիտի, բացի Աստծուց, թե երբ կավարտվի մեր կյանքը: Այդ իսկ պատճառով մեր ամեն մի օրն ապրենք այնպես, ինչպես՝ վերջինը, ամեն քայլ անենք այնպես, ինչպես՝ ամենավերջինը, և գնահատենք ու պահպանենք այն ամեն լավն ու հարկավորը, ինչ ունենք:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՙԳրական Արցախ՚ համահայկական
պարբերականի և ՙՎարդանանք՚
թերթի գլխավոր խմբագիր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *