ՀՆՉԱԿՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ Գրիգոր Ավշարյան
Ս.Դ. Հնչակյան կուսակցության մարտական ուղու կերտիչներից է Գրիգոր Ավշարյանը: Գրիգոր Ավշարյանը ծնվել է 1891 թ-ին Բաքվում՝ ղարաբաղցու ընտանիքում: Հայրը եղել է ռուսական բանակի զորավար և Պետերբուրգի սպայական հեծելազորային դպրոցի պետ: Նա երազել է, որ իր կրտսեր որդին հետևի իր ասպարեզին: Ուստի, Գրիգորը նախակրթական ուսումը ավարտելուց հետո հաճախում և ավարտում է Կազանի զինվորական ուսումնարանը: Նախքան Գրիգոր Ավշարյանի կյանքի հետագա հանգամանքներին անցնելը, պետք է նշել ոմանց անդրադարձը Գրիգորի մասին, որոնք նրա կենսագրության մեջ շփոթություն են առաջացրել: Հայ պատմաբան Հայկ Հայրապետյանը գրել է, թե Գրիգոր Ավշարյանը 1901թ-ին գերազանց ավարտելով վերոհիշյալ դպրոցը, 1904թ-ին կամավոր մեկնել է ռուսական բանակ, որն այդ ժամանակ ծանր մարտեր էր մղում ճապոնացիներ դեմ: Ավելորդ է ասել, որ 1901թ-ին Գրիգորը ընդամենը 10 տարեկան էր, և դժվար թե հասցրած լիներ ավարտել սպայական դպրոցը: Իսկ սպայական դպրոցը ավարտողի համար ավելորդ է ասել կամավոր բանակ մեկնելը, որովհետև դա իր պարտականությունն է:
Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը գրել է, թե Գրիգոր Ավշարյանը ռուսահայ է և ծնվել է Բաքվում: Ավարտել է ռուսական գիմնազիան և ստացել զինվորական կրթություն: Իսկական անձնանվեր հայրենասեր է` օժտված ռազմագիտական բարձր կարողություններով: Եղել է կամավորական 6-րդ գնդի հրամանատար: Բասենի դաշտում մղած ճակատագրական կռվի ընթացքում նա հերոսաբար ընկել է` ապահովելով իր գնդի հաղթանակը: Հնչակյանները փորձել են նրան ներկայացնել Ս.Դ. Հնչակյան կուսակցական:
Այս պարագայում, հնչակյանները Ավշարյանին կուսակցականացնելու փորձ չեն արել: Իրականությունն այն է, որ տակավին 1905թ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ Գրիշան (Գրիգորի անվան ռուսական փաղաքշական ձևը), դեռ աշակերտ էր, շփում չուներ հնչակյանների հետ և որքան որ պատանի էր, չուզեց հետ մնալ իր ընկերներից և դիրքերի պաշտպաններից մեկն էր: Փարամազը և Մելքոնը շարունակ կրկնում էին.
«Գրիշան մի հրաշալի ուժ է դառնալու, մարտական մի հզոր ուժ»: 
Ավելին, ՍԴՀԿ Ե. Համագումարից հետո (1905թ.) ղեկավար ընկերները հանդիպումներ ունեցան Անդրկովկասի և Ռուսաստանի մասնաճյուղերում` բացատրելու համագումարի հիմնական որոշումը, որն էր` Տաջիկստանում ազգ-ազատագրական և Ռուսաստանում ընկերվարական պայքարները համատեղ մղելու համար: Այսպիսի ժողովներից մեկի ընթացքում, որին մասնակցում էին Փարամազը, Սաքոն (Սարգիս Աղամիրզյանը), Լազոն, Սև Մելքոնը, Ռուբեն Կարապետյանը և ուրիշներ, Գրիգոր Ավշարյանը ելույթով է ներկայանում, ասելով.
«Ես կարծում եմ` մեր ամենաառաջին գործը, մեր սրբազան պարտականությունը տաճկահայ դատն է, որից հրաժարվել նշանակում է ոչ միայն դավաճանել հնչակյան սկզբունքներին, այլև այն սրբազան հերոսներին, ովքեր գնացին երկիր և իրենց անձը զոհեցին…Տաճկահայ դատը սրբագրված է մեզ համար մեր բազմաթիվ ընկերների արյունով, որոնց ուղղարկելով դեպի մահ ու կախաղան, մենք խոստացել ենք հետևել նրանց, մինչև մեր տառապյալ եղբայրների, տաճկահայերի ազատությունը: Հրաժարվել դրանից, նշանակում է դավաճանել նրանց, որոնք և իրենց գերեզմանի խորքերից նզովք կկարդան մեզ համար: Ով խնայում է իր անձը դնել հայրենիքի փրկության սեղանի վրա, ազատ է, կարիք չկա անտեղի խռովությունների: Սուրբ գործը չի մեռնի, ուխտյալ անձնվիրյալները կմնան և կշարունակեն այն»:
Համենայն դեպս, Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ Գրիգոր Ավշարյանը արդեն ռուսական բանակի սպա էր և ծառայում էր ավստրիական ճակատի դեմ: Մասնակցում է շուրջ 23 ճակատամարտերի և ցուցաբերած արիության համար պարգևատրվում «Գևորգյան» ոսկյա սրով և զինվորական շքանշաններով: Վիրավորվում է և բուժման համար վերադառնում ծննդավայր: Ապաքինվելուց հետո ցանկանում է շարունակել ծառայությունը: Հնչակյան կուսակցությունը նույնպես ցանկանում է Ավշարյանին ստանձնել կամավորական 6-րդ գնդի հրամանատարությունը: Այդպես էլ լինում է:
Ավշարյանի 6-րդ գնդի հրամանատարությունը երկար չի տևում: Սակայն, այդ կարճ ժամանակաընթացքում, 6-րդ գունդը նրա հրամանատարության տակ արձանագրում է մի շարք հաղթանակներ: 
Վերջին ճակատամարտը, սակայն, 6-րդ գնդում, Հնչակյան կուսակցությանը և ընդհանրապես հայ ժողովրդի համար շատ սուղ արժեր: 6-րդ գունդը տալիս է հարյուրավոր նահատակներ և վիրավորներ: Հերոսի մահով ընկնում է նաև Գրիգոր Ավշարյանը:
Հերոսի դիակը տեղափոխում են Բաքու, որտեղ տեղի է ունենում ազգային և զինվորական փառահեղ թաղում:
Գրիգոր Ավշարյանի նահատակության առաջին տարելիցին, գնդի փոխհրամանատար Հայկ Բժշկյանը «Գաղափար» թերթում նկարագրում է Ավշարյանի նահատակության վերջին ժամերը: