Եվս մեկ հրաշք աղջիկ, գեղեցկուհի հայուհի:

-Ես ոգեշնչվում եմ բնությունից, ամեն ժանրում ինձ փորձել եմ, սակայն իմ հոգին ազատ է բնության մեջ: Ես յուրաքանչյուր քարին, ծառին կարող եմ մեծ սիրով նայել, տեսնել գեղեցիկը, Պիկասոյի խոսքերն եմ հիշում. «Մենք տեսնում ենք գեղեցիկը, որովհետեւ այն կրում ենք մեր մեջ», ես գեղեցիկը կրում եմ իմ մեջ: Ես գտել եմ իմ առաքելությունը՝ գեղեցիկը տարածելը: Ուզում եմ, որ մարդիկ իմ նկարների միջոցով կտրվեն այս գորշ իրականությունից, վերադառնան բնություն, փախչեն ստից ու կեղծիքից,-ասում է երիտասարդ նկարիչ Լիլիթ Տոնականյանը:

Նրա գործերում բնությունն է` իր վառ ու պայծառ գույներով, գերիշխում է բարձր տրամադրությունը, հուզականությունը: Նկարչուհին ասում է` եթե ստեղծագործելիս 3 գույն ընտրելու հնարավորություն ունենա հայրենիքը նկարագրելու համար, ապա կվերցնի կարմիրը, կապույտն ու դեղինը:

-Կարմիրը՝ չարչարված, արյուն տեսած ժողովրդին պատկերելու համար, կապույտը՝ խաղաղության համար մարտնչողի ոգին պատկերելու համար եւ դեղինով էլ ցույց կտամ արեւը, հույս ունենալով, որ մի օր լույս կիջնի երկրիս, քաղաքիս վրա: Մեր եկեղեցիները հզոր են, ես գիտեմ, որ կգա այն օրը, երբ իմ ժողովուրդն էլ իր հողում լավ կապրի ու կստեղծագործի,-ասում է Լիլիթը:

""

Լիլիթ Տոնականյանն արվեստի բնագավառում իր առաջին  քայլերը սկսել է դեռ վաղ տարիքից, նույն տարիքից էլ նկարչության հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել:

-Հիշում եմ, մայրիկին խնդրում էի` գրքից արտանկարներ անել, եւ զարմանում էի, թե ինչպես է կարողանում  եւ՛ այդքան նման, եւ՛ այդքան գեղեցիկ նկարներ ստանալ: Արդեն դպրոցական տարիներին սկսեցի ինքս արտանկարել, խզբզել թղթի վրա: Ընտանիքս նկատեց, որ կա այդ շնորհքն իմ մեջ ու ինձ ուղարկեցին նկարչական դպրոց: Դա ինձ շատ ոգեւորեց, սկսեցի տարբեր գրքեր կարդալ, ուսումնասիրել արվեստի մեծերի գործերը, ամբողջովին տարվեցի նկարչությամբ: Արդեն դպրոցն ավարտելիս` պարզ էր, որ ընտրելու եմ նկարչի ուղին:

Լիլիթը սովորել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում:

-Ուսանողական տարիները յուրաքանչյուրի համար առանձնահատուկ են: Երիտասարդական խենթություններ, սովորելու անհագ ծարավ եւ, միեւնույն ժամանակ, հնարավորություններ, որ չպետք է բաց թողնել,-ասում է Լիլիթը:

Ուսման տարիներին Լիլիթը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների: 2013թ. — ԵԳՊԱ Գյումրի` «Ձմեռը մեր աչքերով», 2014թ.-ին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին` նաեւ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին` Արթիկի մշակույթի տանը:

Երիտասարդ նկարչուհին 2014թ-ին արժանացել է Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը:

2015թ-ին Տաշիրում մի խումբ երիտասարդ նկարիչների հետ ներկայացել է խմբակային ցուցահանդեսով, նույն թվականին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ունեցել է «Աշնան գույներով» խորագիրը կրող ցուցահանդես:

""

Ներկայում երիտասարդ նկարչուհին աշխատում է համալրել նկարների շարքը` առաջիկայում անհատական ցուցահանդեսով ներկայանալու նպատակով:

-Ցուցահանդես չեմ դնի զուտ դնելու համար, կուզենամ ներկայացնել ինձ, իմ ներաշխարհը, իմ ապրումները, որ մարդիկ զգան իմ էներգիան, վրձնհարվածները, քննադատեն եւ, իհարկե, խորհուրդ տան: Հիմա հասել եմ մի կետի, որտեղ կա՛մ ամեն ինչ գիտեմ, կա՛մ ոչինչ, կա՛մ կգնամ առաջ, կա՛մ կթողնեմ ամեն ինչ, բայց զգում եմ, որ ինչ-որ բան կա, մի ուժ, որ ինձ ստիպում է առաջ շարժվել, եւ ես երջանիկ կլինեմ, երբ մի քանի տարի անց զգամ, որ իմ նկարները խոսում են իմ փոխարեն, տալիս այն, ինչ կուզենայի փոխանցել ժողովրդին:

""

Երիտասարդ նկարչուհին հաստատում է, որ նկարչությունը թանկ հաճույք է եւ օգնության կարիք է նկատում:

-Կոտրվում եմ, երբ զգում եմ, որ աշխատանքս չեն գնահատում, կամ չկա մեկը, ով կկանգնի կողքիս, հովանավորի: Նկարչությունը շատ թանկ հաճույք է՝ վրձիններ, ներկեր, հաճախ հնարավորություն չի լինում` պարագաներ գնելու: Ու երբ ամեն անգամ որոշել եմ նկարչությունը թողնել, հայտնվել են բարի մարդիկ, դե իհարկե, առաջին հերթին ծնողներս, մորս ոգեւորող խոսքերն ու հանգստացնող հայացքը,-եզրափակում է Լիլիթը:

 


«Երբեք չնահանջել, այլ նայել առաջ» — Լիլիթ Տոնականյան

 Լիլիթ Տոնականյան  (նկարչուհի) — ծնվել է 1995թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Փոքր հասակից սիրել է նկարել: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը: 
Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների: 
 
Lilit Tonakanyan — Armenian painter (official FB page)
 
 
 
  2013թ. — ԵԳՊԱ Գյումրի — «Ձմեռը մեր աչքերով»: 
 2014թ. —ին մասնակցել է  Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին «Գարնան մոտիվներով» — Արթիկի մշակույթի տուն:

 2014թ.- ին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը:

 2015թ. — անհատական ցուցահանդեսներ  ԵԳՊԱ Գյումրի (Աշնան գույներով), Կալինինո, Տաշիր:
 

«Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: 
Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, 
սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա: 
Մենք կապված ենք արևի հետ,
այն դարերով տանում է մեզ իր հետևից: 
Դեպի ու՞ր: Հայտնի չէ: 
Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է 
մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ 
մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, 
լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը»:
Մարտիրոս Սարյան
 
Լիլիթ Տոնականյանի գույների- հոգու ծաղիկների աշխարհում *
 
 
 
 
 
 
 
————————————————————————
 Բնանկարի ժանրը
 
 
 
(Դիպլոմային աշխատանք — ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ)

 «Ընտրել եմ բնանկարի ժանրը , քանի որ ինձ շատ հոգեհարազատ է: Պատկերել եմ Հառիճավանքը , որը VII դարի կառույց է: Այն գտնվում է Շիրակի մարզում , Խաչաձև Գմբեթավոր կառույց է, վանքը եղել է նաև գիտական կենտրոն: Այնտեղ գործող դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը: Տեղանքը փոքրուց ինձ ծանոթ է, բազմիցս եղել եմ այնտեղ: Փորձել եմ պատկերել տարածքը օրվա տարբեր ժամերին առավոտյան, կեսօրին, երեկոյան: 

 Ուսումնասիրել եմ տարբեր նկարիչների գործերը, օրինակ՝ Անրի Մատիսի , Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի: Աշխատանքներս կատարել եմ ազատ քսվածքով, մաքուր անխառը գույներով: Աշխատանքներում եկեղեցին ամբոխջովին պատկերվաց չէ մի մասն է: Հատկապես ընտել եմ ժայռերը, որպես դիտակետ քանի որ դուրս են գալիս բնության միջից բնության մի մասն է, ճիշտ է եկեղեցին էլ է գտնվում բնության մեջ, սակայն կառուցվել է մարդու միջամտությամբ իսկ շինության համար նյութ է հանդիսացել հենց այդ ժայռերի քարերը: Ինքս լինելով տվյալ տեղանքում ընտրել եմ այդ դիտակետերը, որտեղ ավելի ցայտուն է երևում ժամային փոփոխությունները առավոտ, կեսօր, երեկո»:

 
Լիլիթ Տոնականյան
 
 
 
 
 
 
 Տաղանդավոր, հարուստ ներքնաշխարհի տեր Լիլիթ Տոնականյան:
 Նկարչուհի, որին սպասվում է փայլուն ապագա, եւ իհարկե այժմա երազանքը՝ ցուցահանդես Երեւանում. համոզված ասելով, որ այն շատ չի ուշանա:
 շարունակելի…