Գոռը գնաց գիտակցված մահվան․ հունվարի 21-ին հերոսը կդառնար 21 տարեկան

12-ամյա Վրեժը գուցե իրոք տարիներ հետո իր հերոս-եղբոր՝ Գոռի հետ կռիվ տար հայրենիքի համար, բայց Գոռն իր բաժինն արեց։ Նրա ու մյուս նահատակների կյանք գնով կերտած հաղթանակի շնորհիվ այսօր գլուխներս բարձր ենք քայլում:

Հունվարի 21-ին Գոռը կդառնար 21 տարեկան, էլ ծառայության մեջ չէր լինի, ծննդյան օրը հավանաբար կնշեր տանը՝ հարազատների ու ընկերների հետ:

Նեղ շրջանակով ծննդյան օր նշել նրան չհաջողվեց. ողջ Հայաստանը եւ հատկապես հերոսի հայրենի՝ Արմավիրի մարզն է տեղյակ՝ Գոռի ծնունդն է: Արմավիրի մշակույթի տունը հաճախ չէ, որ լեփ-լեցուն է լինում. Գոռի ծննդյան օրը հիշում են ոչ միայն նրան, այլեւ մյուս քաջորդիներին:

Գեղեցիկ, ոգեւորող խոսքերի պակաս չկա, սակայն խոսքերը չէ, որ կարող են մխիթարել որդեկորույս ծնողներին. մխիթարողն այն հպարտությունն է, որ ապրում են ամեն անգամ իրենց նահատակված զավակին հիշելիս՝ գնաց գիտակցված մահվան, հետմահու պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության «Արիության» եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալներով:

 

Ընկերոջ ծնունդը շնորհավորելու է եկել նաեւ Արգիշտին: Հիշում է՝ մեկ տարի առաջ այդ օրը միասին էին: Նույն վաշտում են եղել, հետո ծառայությունը շարունակել են տարբեր գումարտակներում: Գոռին, որ ավտոտեխնիկի արհեստն էր տիրապետում, ու շատ էր սիրում մեքենաների հետ գործ ունենալ, վստահվել էր դիրքեր սնունդ հասցնելու գործը: Արգիշտին վիրավորվել էր ապրիլի 4-ին, բայց նրան դիրքերից իջեցնելն առանց մեքենայի անհնար էր: Գոռը հանդգնեց՝ հաց կտանի կռվող ընկերներին, վիրավորներին էլ՝ կհասցնի բուժման:

«Եկավ իմ մոտ, կարճ ենք խոսացել, ժամանակ չկար, չէինք կարա երկար դուրսը կանգնեիքն, ասեցի՝ զգույշ կլինես, ասաց՝ լավ ախպեր, ու երկու դիրք վերեւ բարձրանալուց հետո դեպքը տեղի ունեցավ, մինամյոթը գցեցին, ականից… երկու զոհ ունեցանք հենց տեղում՝ դիրքի ավագն ու ինքը»,- հիշում է Արգիշտի Շաքրիկյանը:

Հետո արդեն ինքն է զոհված ընկերներին ուղեկցել ներքեւ: Դեպքից հետո իրենց առաջին հանդիպումն է. Արգիշտին բուժման երկար ընթացք է անցել, դեռ մի բեկորն էլ ոտքի մեջ է: Ուզում է, որ էլ ոչ մի հայ զինվոր չանցնի այն ամենի միջով, ինչի միջով իրենք անցան մի քանի օրերի ընթացքում, բայց եւ վստահ է՝ իր մարտական ընկերները, մեր բոլոր զինվորներն այսօր էլ ամուր կանգնած են սահմանին:

Գոռի սենյակում ու ողջ տանը շատ են սրբապատկերները, այսօր դրանց կողքին նաեւ Գոռի լուսանարներն են: Ծննդյան տորթը զինվորկան վերնաշապիկի տեսք ունի, բայց մոմեր չկան. ո՞վ պիտի փչի:

«Ինքը շատ-շատ էր ուզում գնար ծառայելու, որովհետեւ անվախ էր, վախ չուներ ընդհանրապես եւ միշտ ասում էր՝ պիտի գնամ ծառայեմ ու իմ պարտքը տամ հայրենիքիս»,- պատմում է Գոռի մայրը՝ Գայանե Շահնազարյանը:

 Հեղինակ՝ Անի Ռափյան yerkirmedia.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *