Գիրք գրել ու նվիրել դեռ կհասցնենք, կյանքի էջերը ճիշտ գրելն է դժվար. Անկեղծանում է <<Հուշացած ակնթարթներ>> գրքի հեղինակ Գ. Նավասարդյանը

Ժամանակակից գրականությունը հաստատուն քայլերով առաջ է գնում: Մերօրյա գրողներն ու նոր անունները շարունակում են հների թողած ավանդույթներն ու ստեղծում նորերը, բայց մի բան հստակ է. գրողին այդ կոչումն ընթերցողն է տալիս` իր ստեղծագործությունները սիրելով, գնահատելով, կարդալով ու պահանջելով: Շատ կարճ ժամանակ է, ինչ ժամանակակից հայ գրականությունում հայտնվել է Գոհար Նավասարդյանի անունը, բայց այս հեղինակը հասցրել է սիրվել հարյուրավոր ընթերցողների կողմից: Սոցցանցերում հեղինակի վարած էջերից նրա ստեղծագործությունների, դրանց մեջբերումների, անգամ տեխնիկական մասից շատ բան է հայտնի սովորական ընթերցողներին, բայց ոչ բոլորը գիտեն, թե ով է <<Ինձ պիոններ չնվիրես>> ու <<Հուշացած ակնթարթներ>> վիպակների հեղինակը: Այսօր` գիրք նվիրելու օրվա շրջանակներում, զրուցելու ենք սիրված գրողի հետ` իր ստեղծագործությունների հաջողության գաղտնիքը բացահայտելու և, ինչու չէ, հեղինակ-անհատի կերպարի հետ ծանոթանալու մեծ ցանկությամբ:

-Նախ, շնորհավորում եմ Ձեզ` գրքի տոնի կապակցությամբ: Մի քանի խոսք կասե՞ք այս օրվա մասին: Ինչպե՞ս էիք նշում տոնը առաջ և հիմա: Արդեն հասցրե՞լ եք գիրք նվիրել ու ստանալ:
-Շնորհակալ եմ, Ձեզ էլ եմ շնորհավորում այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Այո, շատ սիրուն տոն ունենք ու ամեն տարի ավելի մեծ ոգևորվածությամբ է նշվում, տարեցտարի ընդլայնվում է ու սիրվում շատերի կողմից: Փետրվարի 19-ին առաջ այսքան մեծ ոգևորությամբ չէի սպասում, բայց հիմա ամեն ինչ ուրիշ է: Ես ինքս եմ նպաստում, որ օրը գրքերով լի լինի: Անգամ անծանոթ ընթերցողներիս եմ գրքեր նվիրում, մրցույթներ եմ կազմակերպում: Նվերներ ստացել եմ, նվիրել էլ եմ: Գիրքը, ինչ խոսք, ամենալավ նվերն է, ուղղակի տարիներ առաջ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր իմ իսկ գրած գրքերը կնվիրեմ այս տոնին:
-Գիտեմ, որ ստեղծագործել վերջերս եք սկսել ու երբեք չեք էլ երազել գիրք գրելու մասին, ինչպես սովորաբար լինում է ստեղծագործողների մոտ: Վստահ եմ, որ հենց դա էլ հետաքրքրում է շատերին: Վաղեմի երազանք չունենալով ու նոր-նոր գրական փորձեր անելով` ինչպե՞ս Ձեզ հաջողվեց ընթերցողների մեծ բանակ հավաքել, գիրք գրել, հրատարակել, ամիսներ շարունակ պահել այն հայկական բեսթսելլերների ցանկում:

-Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Այո, ստեղծագործել սկսել եմ մոտ երկուսուկես տարի առաջ: Առաջին քայլերիցս յոթ ամիս անց արդեն գիրքը տպագրված էր` <<Ինձ պիոններ չնվիրես>> վիպակը: Երբ սկսեցի գրել, չէի էլ մտածում, որ մի օր գիրք կհրատարակեմ: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց, բազմիցս ասել եմ` ընթերցողներիս շնորհիվ:
Ինչ-որ բանի հասնելու համար երազելը պարտադիր չէ: Առաջ գնալու համար միայն նպատակներ են պետք: Երբ գիրք ստեղծելու գաղափարը ծնվեց, դրանից հետո միայն այդ մասին էի մտածում: Դա դարձավ նպատակ, ու այլևս ոչինչ չէր կարող ինձ հետ պահել դրան հասնելուց: Ճիշտ է, կարող է շատ ուշ անեի դա, բայց շուտ ստացվեց: Վայրէջքներն էլ էին շատ, կողքից ամեն ինչ հեշտ է թվում, բայց կոտրվել չի կարելի: Նպատակները կանչում են մեզ, պիտի հասնես դրանց, թեթևացած շունչ քաշես, ասես, որ կարողացար այդ ճանապարհն անցնել: Ամենաերանելի զգացողություններից է սա ինձ համար: Միշտ հաճելի է եղել իմ առջև դրված առաջադրանքը կատարելն ու դրա արդյունքից գոհանալը:

-Իսկ Ձեր երկրորդ գրքի` <<Հուշացած ակնթարթների>> դեպքում է՞լ է այսպես եղել:

-Կարելի է ասել` այո: Թվում է, թե արդեն հեշտ պիտի լիներ, փորձը կար, ավելի տեղեկացված էի, առաջին անգամը չէր, բայց ավելի պարտավորեցնող էր, որովհետև ընթերցողները սպասում էին ու շատ դժվար էր ինձ համար գրել մի բան, որը չպիտի զիջեր առաջին գրքիս: Ամեն օր ուղեղիս մեջ այդ միտքն էր, որ հանկարծ ընթերցողներիս հուսախաբ չանեմ, հանկարծ վիպակը թերի չստացվի: Ես զգում էի, որ ընթերցողներիս մեծամասնությունը <<Պիոնների>> նման ստեղծագործության է սպասում, բայց գրել նույն ոճով կնշանակեր սպառել ինձ որպես հեղինակ: Զգում էի նաև, որ ինչքան երջանիկ սեր ապրած մարդիկ էին շատ, այդքան էլ կորցրած սերեր, անավարտ պատմություններ ունեցող ընթերցողները: Դրա համար էլ ծնվեց <<Հուշացած ակնթարթներ>> գիրքը, որովհետև պահանջարկը կար:

-Իսկ Ձեր գրքերն ինչքանո՞վ են իրար նման կամ որքանո՞վ են ուսուցողական. չէ՞ որ լավ ստեղծագործությունը նաև ուսուցանող պիտի լինի:

-Միանշանակ համաձայն եմ, հենց սրանով էլ առաջնորդվել եմ վիպակները գրելիս: Իմ երկու գրքերն իրար նման չեն, ավելին` հակառակ բևեռներ են: <<Պիոնները>> սիրահարվածության սկզբնական վարդագույն, թեթև շրջանի մասին է, որը հանդիպում է գրեթե բոլոր զույգերի մոտ: Գիրքը նույնքան թեթև էլ ավարտվում է, բայց իր թեթևության մեջ շատ խորը իմաստ ունի: Սրա մասին տարբեր հարցազրույցներում խոսել եմ: Գրքի ուսուցանող կողմերից կառանձնացնեմ մեկը` չվախենալ սրտին սիրել թույլ տալուց, չվախենալ կարոտելուց, կասկածներից ու վախերից: Անկեղծ սերն ամեն ինչ հաղթահարում է: Այլ տեսակի սերերն այս գրքի հետ կապ չունեն:
<<Հուշացած ակնթարթները>> երկու մասից է կազմված` <<Քեզ հետ>> ու <<Քեզնից հետո>>: Այնպես է ստացվել, որ գիրքը հավասարապես կիսվել է երկու հատվածների, ու վիպակի ուղիղ կեսը գրված է <<Պիոնների>> ոճով, մնացած 100 էջն արդեն նկարագարում է բաժանման փուլերը, որոնց միջով անցնում է իր սիրելի էակից հեռացած ցանկացած ոք: Վերհիշելու, կարոտելու, զղջալու, մոռանալ փորձելու, չկարողանալու, ես-ի հետ կռվելու մի պրոցես է գրքի երկրորդ մասը, որի վերջին գլուխներում էլ հենց իմ ուղերձն է ընթերցողներիս` ժպիտով հիշել նրան, ում կողքին երջանիկ են եղել, եթե իհարկե իրենք բաժանման ցավից բացի ուրիշ ցավ չեն ստացել: Այս ցավը ժամանակի ընթացքում կփոխվի այլ բանի, նախ վիրավորանք կդառնա, հետո կարոտ ու ափսոսանք:

-Այսինքն ցանկացած կիսատ թողած պատմություն հնարավո՞ր է մոռանալ ու նորը սկսել:

-Իհարկե` ոչ: Գրքում հենց այս մասին է խոսվում: Մոռանալն անհնար է, որովհետև երբ փորձում ես չհիշել, արդեն իսկ նրա մասին ես մտածում, բայց սա հեռացումի փուլերից ընդամենը մեկն է: Դրան դեռ մի քանիսը հաջորդելու են: Բոլորի մոտ էլ այսպես է. ուղղակի յուրաքանչյուր սրտի դեպքում ժամանակահատվածներն են տարբեր:

-Ինչքա՞ն ժամանակում են ծնվում ձեր գրքերը:

-<<Պիոնները>> գրվել է 2 ամսում` գրեթե մի շնչով, արդեն սիրված հեղինակային մտքերի վրա կառուցվելով, բայց <<Հուշացած ակնթարթները>> 9 ամսում եմ գրել, մեծ դադարներով, ինքս ինձ հետ կռվելով, պայքարելով, կասկածելով, հաղթելով: Մի բառով ասած` դժվար է ծնվել այս գիրքը, շատ դժվար: Պատրաստի հատվածներ շատ կային, որոնք գրքի կմախքն էին, բայց սյուժեն մի քանի ամիս չէր ծնվում:

-<<Հուշացած ակնթարթները>> Գյումրիի մասին է: Գրքի կազմին էլ այս քաղաքի սիրված փողոցներից մեկն է: Գիրքն ուղղակի շնչում է Գյումրիով: Միանգամից զգացվում է Ձեր սերը քաղաքի նկատմամբ: Այդպե՞ս է:

-Այո, այդպես է: Գրքի գործողությունները ծավալվում են Գյումրիում: Բնականաբար, սխալ կլինի ասել, որ այս ստեղծագործությունը Գյումրիի մասին է, բայց այն, որ վիպակի էջերում այս քաղաքն է, հաստատ է: Սա խոստացել էի ինքս ինձ ու խոստմանս տերը եղա: Ուզում էի հին ու նոր Գյումրիի շունչը լիներ գրքիս մեջ, ու առաջին դժվարությունը հենց սա էր: Հերոսս գյումրեցի է, բնականաբար պիտի գյումրվա բարբառով խոսեր, ինչը ոչ բոլորին հասկանալի, ինչու չէ, նաև հաճելի կլիներ: Պիտի ընտրվեր ոսկե միջինը, որ գիրքը ոչ մեկի չվաներ: Մի քանի լեզվաբանների, բանասերների հետ զրուցեցի, որոշեցինք սյուժեն այնպես կառուցել, որ խոսակցականի մասով գրքի գեղարվեստականությունը չտուժի: Արդյունքում մի քանի տարբերակ փոխելուց հետո ստացվեց այն, ինչ դրված է ընթերցողի սեղանին: Գիտենք, որ Թումանյանն իր էս, էն-ով դարձավ ժողովրդական ու սիրվեց, բայց հիմա այդ ժամանակները չեն, և ինչ խոսք, կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, ում համար գրքում ընդգրկված այս մի քանի բարբառային էջն էլ շատ կթվա ու խորթ:
Հաջորդ դժվարությունը հենց քաղաքի նկատմամբ ունեցած սերը չափից դուրս շատ չցուցադրելն էր: Պետք չէր դա բացեիբաց նկարագրել, գիրքը լցնել իմ սիրած վայրերի նկարագրություններով, պետք չէր աչք ծակող ու Գյումրի կանչող տողեր գրել, որովհետև ոչ մի ընթերցողի դա դուր չէր գա: Իսկ այս ամենը գործնականում անելն իրականում հեշտ չէր: Քաղաքն իմ հերոսներից մեկն է, անձնավորել էի Գյումրին, ու, կարծում եմ, ստացվեց, որովհետև ամեն երկրորդ ընթերցողն իր կարծիքի վերջում գրում է, որ պիտի գա Գյումրի` Լևոնի ու Սոֆիի սիրո քաղաք, պիտի գա ու տեսնի այն վայրերը, որոնցով քայլել են այս երկուսը:

-Լևոնն ու Սոֆին իրակա՞ն կերպարներ են: Գիրքը որքանո՞վ է ինքնակենսագրական: Սա ցանկացած գրքի վերաբերյալ ընթերցողներին հուզող առաջին հարցերից է, հատկապես երբ նյութը չափազանց ապրված է թվում:

-Լևոնն ու Սոֆին իրական կերպարներ չեն, պատմությունն էլ իրական չէ, բայց ես շատ լևոնների ու սոֆիների գիտեմ… Գրքի ապրումներն են իրական: Ոչ մի տող, ոչ մի բառ, ոչ մի չապրած զգացողություն նկարագրել չեմ կարող: Անկեղծ ասած` կուզենայի, որ հակառակը լիներ: Գրողը պիտի ցանկացած թեմայի շուրջ ազատ ստեղծագործի, բայց ինձ մոտ դեռ չապրած, չզգացած երևույթների մասին խոսել չի ստացվում: Գուցե տարիքի հետ է սա գալու… Ի դեպ` տարիքի հետ կապված, ինձ շատ հաճախ հարցնում են, թե քանի տարեկան եմ, որ նման մտքեր եմ գրում, անծանոթները երբ գրքերի մասին կարծիքներ են արտահայտում, <<տիկին>>-ով են ինձ դիմում, հետո զարմանում են, որ 28 տարեկան եմ: Ու չգիտեմ` սա լավ է, թե վատ:

-Գուցե հենց կյանքի փո՞րձն է, որ ստիպում է տարիքի մասին պատկերացում կազմել…
-Չգիտեմ: Հստակ չեմ կարող ասել:

-Ձեզ ո՞ր գիրքն է ավելի հոգեհարազատ: Գուցե դժվար լինի այս հարցին պատասխանելը, բայց ինձ թվում է մեկն ու մեկին կտաք առավելությունը:
-Բնականաբար, <<Պիոնները>>` որպես առաջին ստեղծագործություն, իր ուրույն տեղում է, բայց <<Հուշացած ակնթարթները>>` որպես գիրք, ավելի բարձր եմ գնահատում: <<Պիոններն>> ուղղակի զգացմունքների նկարագրություն է, առաջին ներշնչանքով գրված փոքր պատմություն, որն ասես տարիներ շարունակ իմ ներսում սպասում էր, որ թղթին հանձնվեր` ուղղակի այլ տողերի, այլ մտքերի համար տեղ ազատելու համար, իսկ երկրորդ գիրքն այլ է ինձ համար: Սա ավելի հասուն է, ավելի խոսուն ու արժեքավոր` որպես գեղարվեստական ստեղծագործություն: Չնայած որ շատ ընթերցողներ նախապատվությունը տալիս են <<Ինձ պիոններ չնվիրես>> վիպակին, ես <<Պիոններն>> այնքան եմ քննադատում, որ մտերիմներս հաճախ ասում են` ոնց որ դու գրած չլինես:

-Ո՞րն է Ձեր գրքերի, Ձեր հաջողության բանալին, և արդյո՞ք սպասենք երրորդ գրքի:
-Իմ գրքերի հաջողությունը առաջին հերթին ընթերցողների կողմից սիրված լինելով է պայմանավորված: Իսկ ընթերցողների մեծ լսարանը հավաքվել է սոցցանցերի տարբեր հարթակների միջոցով: Այսօր իմ բիզնես էջերով ինձ կարդում է ավելի քան 40.000 հետևորդ: Ակամայից ստացվեց այնպես, որ հանրությանը իմ գրքերի հետ ծանոթացնելու նպատակով բլոգեր էլ դարձա: Այսօր համացանցը լայն հնարավորություններ է ընձեռում, դաշտն ազատ է, այն ի օգուտ քեզ օգտագործելը` ժամանակատար ու աշխատատար: Ես չուզեցի կանգ առնել ու աջ ու ձախ ուղղակի ասել, որ մի գիրք եմ գրել կամ մի տարի առաջ լույս տեսած <<Ինձ պիոններ չնվիրես>> գրքի հեղինակը ես եմ: Գիրքն էլ տպագրվել է մի քանի հարյուր օրինակով, վաճառվել է, սպառվել ու վերջ: Ես իմ հոբբին դարձրի աշխատանք, որը սիրով եմ անում: Իհարկե, նորից հետևորդներիս շնորհիվ: Իրենց կարծիքը միշտ առաջնային է: Օրինակ` պատերազմից հետո ահագին երկար ժամանակ գրառումներ չէի անում: Հետո հարցում արեցի, թե կուզենան արդյոք նորից գրքերից մեջբերումներ կարդալ: Մեծամասնությունը խնդրեց, որ վերցկցեմ էջերը թարմացնել, անգամ ասացին, որ մտքերը ցրելու միջոց է: Ես էլ լսեցի իրենց ու նորից գործի անցա: Ամեն օր թարմացվող էջերի շնորհիվ գրքերի պահանջարկը չի նվազում: Նոր գիրք անպայման կլինի, չգիտեմ, թե երբ, բայց մի օր կհասնի ընթերցողին, դեռ չեմ սկսել գրել, չնայած որ մեծ մասը մտքումս է…

-Վերնագիր կա՞ արդեն:
-Անկեղծ ասած` մտածել էի դեռ չբարձրաձայնել, բայց այս խորհրդանշական օրով կասեմ: <<Սիրելուց հետո…>>. Այսպես է նոր գրքի վերնագիրը:

-Կասե՞ք` Դուք ինչու՞ եք գրում:

-Այն, որ մեզ վերևից են ինչ-որ կարողությամբ օժտում, դա հաստատ է: Մի կայծ է պետք, որ յուրաքանչյուրս բացահայտենք այդ կարողությունը: Այդ կայծը եղավ, իսկ դրանից հետո ինձ ընթերցողներս են ստիպել գրել: Հիմա` մոտ երկու տարի անց, երբ գրիչը ձեռքս եմ վերցնում, հաճախ հիշում եմ առաջին ընթերցողներիս ոգևորող մեկնաբանություններն ու ժպտում եմ, որովհետև իրենց մտքով էլ չի անցնում, որ Գոհար Նավասարդյան գրողին իրենք են ստեղծել: Իրենք չգիտեն, որ եթե զլանային ու կարծիք չհայտնեին, ես երբեք գիրք չէի տպագրի ու երևի չգիտեն էլ, որ իրենց համար եմ շարունակում գրել…

-Շատ հետաքրքիր պատասխանեցիք: Իսկ մուսա ունե՞ք: Ի՞նչն է Ձեզ ոգևորում, որ ստեղծագործեք:
-Մուսա չունեմ, բայց, ցավոք, նկատել եմ, որ միայն տխուր ժամանակ եմ գրում: Եղանակներից աշունն է գրելուն հարմար: Երկու գրքերի կեսից ավելին աշնանն է ծնվել: Արևոտ օրերին չեմ հիշում, որ ինչ-որ մի տող գրած լինեմ, ինչպես նաև լավ տրամադրություն ունենալիս: Անգամ դրական մտքերը սթրեսային իրավիճակներում են ծնվում: Չէի ուզենա, որ այսպես լիներ, բայց, ինչ արած…

-Շատ շնորհակալ եմ ժամանակ հատկացնելու համար: Հաճելի զրույց ստացվեց: Վերջում ի՞նչ կմաղթեիք Ձեր ընթերցողին ու մերօրյա երիտասարդ ստեղծագործողներին:

-Ես էլ եմ շնորհակալ: Մենք շատ տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներ ունենք: Մի քանիսին շատ եմ հավանում ու հետևում եմ: Անուններ չեմ նշի, իրենք գիտեն: Նաև վստահ եմ, որ դեռ նոր փայլուն հեղինակներ ենք ունենալու, որոնք գուցե չեն էլ փորձում մտքերը թղթին հանձնել: Ուզում եմ համարձակ լինեն, նպատակներ ունենան ու հասնեն դրանց: Կուզենայի` ընթերցողներս էլ, գրչընկերներս էլ շատ կարդալուն զուգահեռ նաև շատ սիրեն ու չսխալվեն երբեք, որ և ոչ մի պահ չզղջան անցած թեկուզ մի օրվա համար: Գիրք գրել, կարդալ ու նվիրել դեռ կհասցնենք, կյանքի էջերը ճիշտ գրելն է դժվար:

Զրուցեց Սյուզի Ամիրյանը