armradio.am Ներկայացնում ենք Հանրային ռադիոյի եթերում Մարկ Գրիգորյանի՝ Լևոն Արոնյանի հետ հարցազրույցից մի հատված. – Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում  լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք: -Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում: – Իսկ նույն լարվածությունն իրենք իրենց վրա չե՞ն զգում: – Ժամանակին կար: Մի պատմություն կպատմեմ, բայց անուններ չեմ տա: 2003, թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց (ծիծաղում է,-խմբ.): – Հարցազրույցներից մեկում ասել եք. «Երբ խաղում ես նորմալ մարդու, նորմալ շախմատիստի հետ, ապա խաղի ընթացքում նորմալ հարաբերություններ են ձևավորվում: Բայց եթե հակառակորդը փորձում է քեզ հունից հանել, իրեն դրսևորում է ոչ մարզական ձևով, բնականաբար դա իր հետ բերում է «ուղեբեռ», որն էլ իրեն զգացնել է տալիս»: Ինչպիսի՞ հնարքներ են օգտագործել Ձեր դեմ: – Շատ է եղել: Իսրայելից մի շախմատիստ կա (ոչ առաջատարներից), խաղի ժամանակ թեյ էր խմում և թեյի փաթեթը հանելուց մատներով սեղմում էր, որից հետո քայլ էր անում (ծիծաղում է, –խմբ.): Պարտիայի ժամանակ ինձ մոտեցավ Ալեքսանդր Գրիշչուկը, ում հետ մոտ եմ, և ասաց. «Լևոն, խաղը հավանաբար հաղթելու ես, բայց կարո՞ղ ես մի ձև գտնել և ձեռքը չսեղմել»: Լինում են տարբեր բաներ: Նույնիսկ առաջատար խաղացողների հետ խաղերում եղել է, երբ փորձել են կատարած քայլը հետ վերցնել: Օրինակ՝ Նակամուրան, Կարլսենը: Երկու դեպքում էլ մրցավարին կանչել եմ: Նրանք շարունակում էին հերքել, բայց մրցավարները հաստատեցին իմ ասածը: Նրանք էլ գիտեին, որ նկարահանող սարքեր կան, և ի վերջո խոստովանեցին: Շախմատը շատ արդար խաղ է: Կապ չունի` շուրջբոլորն ինչ է կատարվում, եթե ուժեղ ես՝ կհաղթես:

Մարկ ԳՐԻԳՈՐՅԱՆ  Հանրային  Ռադիո   armradio.am