Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am

Լուսանկարում՝ աջից՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մ. Արզումանյանը, ձախից՝ գնդապետ Ս․ Առստամյանը

Հարավային ուղղությամբ տեղակայված միավորմում մեկնելիս մեր զրույցի հիմնական թեման ապրիլյան մարտերն են: Սպաները համամիտ են՝ հակառակորդի անսպասելի հարձակումը մեր պետության ու բանակի համար բավականին լուրջ փորձություն էր, որը  հաղթահարելու նպատակով անհրաժեշտ եղավ կարճ ժամանակում, կարելի է ասել, հաշված ժամերի ընթացքում ըստ պատերազմական շրջանի պահանջների վերակառուցել պետության կյանքը, համախմբել բոլոր ուժերը և կասեցնել նախահարձակ հակառակորդի գործողությունները: Այդքան կարճ ժամանակահատվածում այդ հսկայածավալ գործը հնարավոր չէր լինի կատարել, եթե բանակը և պետությունը մշտապես չպատրաստվեին պատերազմի: Ադրբեջանական ագրեսիայի առաջին ժամերին, երբ ակնհայտ դարձավ, որ հակառակորդը հերթական դիվերսիան չէ ձեռնարկել, այլ փորձում է լայնածավալ մարտական գործողությունների միջոցով լուծել լուրջ ռազմաքաղաքական խնդիրներ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի որոշմամբ միավորման գործողությունները համակարգելու նպատակով հարավային ուղղություն գործուղվեց ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայորՄիքայել Արզումանյանը:

-Առավոտյան գեներալ-մայոր Մ. Արզումանյանը մեր մոտ էր, ու այդ պահից իրավիճակը կարծես հարյուր ութսուն աստիճանով շրջվել է,- պատմում է միավորման շտաբի պետ, գնդապետ Ժ. Պողոսյանը, -իրադրության ճիշտ գնահատումը, կշռադատված ու համարձակ որոշումները հնարավորություն տվեցին կարճ ժամանակում կանգնեցնել հակառակորդին, կազմակերպել այնպիսի պաշտպանություն, որ  անհնար դառնա նրա  մտահղացման հաջորդ փուլերի իրագործումը և ստեղծեցին նպաստավոր պայմաններ մեր ուժերի հակագրոհի համար:

Միավորման բարձրաստիճան սպաները հակառակորդի աննշան, ընդամենը մի քանի հարյուր մետր խորությամբ առաջխաղացումը բացատրում են հարձակման անսպասելիությամբ: Գնդապետ Ա. Չիլինգարյանը պատմում է, որ իր հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմն ըստ օրվա կարգացուցակի զբաղված էր առօրյա ծառայությամբ, երբ հակառակորդը «Գրադ» կայանքի երեսուն հրթիռ է արձակում զորամասի մշտական տեղակայման վայրի ուղղությամբ:

-Փառք Աստծո, զինվորներիցս որևէ մեկը նույնիսկ աննշան քերծվածք չի ստացել,- ժպտում է  գնդապետը,-հրետակոծությունից հետո ստորաբաժանումներն անմիջապես դուրս բերեցինք զորամասի ՄՏՎ-ից, սկսեցինք գործել ըստ  վերադասի նշած ուղղությունների: Հակառակորդին լավ պատժել ենք: Անչափ կարևոր է, որ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի ռեզերվների առաջխաղացումը մարտական կիրառման շրջաններ: Վրեժխնդիր ենք եղել նաև մեր զորամասի վրա արձակված հրթիռների դիմաց, հակառակորդի ռեակտիվ մարտկոց ենք խոցել:

Հակառակորդի հինգ տանկ ոչնչացրած Մարատ Պետրոսյանը գնդապետ Չիլիինգարյանի զինվորն է,  գնդապետը պատմում է նաև աչքի ընկած մյուս զինծառայողների մասին:

-Պակաս հերոս չէ նաև Մարատի հակատանկային համալիրի օպերատորը՝ նորակոչիկ զինվոր, շարքային Գարիկ Արամյանը, մեկ Տ-72 տանկ է ոչնչացրել սերժանտ Արայիկ Խաչատրյանը:

Հրամանատարը մի պահ լռում է, հետո վստահ եզրակացնում.

-Զորամասն իր խնդիրը կատարել է պատվով, մարդկային կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ չունենք: Ի դեպ, ի տարբերություն հակառակորդի՝ մենք որևէ խաղաղ բնակավայրի վրա կրակ չենք բացել:

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպել փոխգործակցությունը:

-Փոխգործակցությունը կազմակերպված է եղել բարձր մակարդակով: Վերադասը մշտապես հետևել է իրադրության զարգացմանը, ժամանակին ստացել ենք մեր խնդիրները և անհապաղ կատարել դրանք:

Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Առստամյանը առաջնագիծ տանող ճանապարհին ցույց է տալիս Ն զորամասի հրետանային մարտկոցներից մեկի կրակային դիրքը: Դիրքի  շրջակայքում նորաբույս կանաչի վրա սևին են տալիս հակառակորդի արկերի պայթյուններից առաջացած ձագարները:

-Այս մարտկոցի տղաները իսկական հերոսներ են,- ենթակաների մասին գովեստով է խոսում գնդապետը,- դիրքի վրա հակառակորդը շուրջ չորս հարյուր արկ է արձակել, սակայն տղաները, գրագետ գործելու, կրակային դիրքի ինժեներական առումով ճիշտ կահավորած լինելու  հետևանքով ոչ միայն կորուստներ չեն ունեցել, այլև ամբողջ ծավալով կատարել են առաջադրված խնդիրը՝ խոցելով հակառակորդի զգալի ուժեր, այդ թվում նաև տանկային ստորաբաժանում: Ի դեպ, այստեղով անցնելիս գեներալ Արզումանյանի հետ ականատես ենք դարձել  հակառակորդի հրետակոծությանը: Արկերը թափվում էին ճանապարհի չորս կողմը:

Նկատելով  զարմանքս՝ պարզաբանում է.

-Գնում էինք դեպի Լյալա Իլյագի, առանց տեղազննություն աշխատել չէր լինի: Միավորման շտաբում գնդապետ Ներսիսյանի զեկույցը լսելուց հետո գեներալ Արզումանյանը որոշեց աշխատել առաջնագծում: Հրետակոծվող տեղամասը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի ստորաբաժանումներից մեկի հրամանատարական դիտակետը, սակայն դիտարկումն իրականացրեցինք շրջակա բարձունքներից մեկի վրայից: Հակառակորդի տանկային ստորաբաժանումները ելման դիրքեր էին զբաղեցնում, թիկունքից էլ ռեզերվն էր առաջանում: Ակնհայտ էր, որ հակառակորդը պատրաստվում է գրոհի:  Գեներալ Արզումանյանի հրամանով անմիջապես կապվել եմ հրետանային ստորաբաժանումներից մեկի հրամանատարի հետ, խնդիր դրել խոցել գրոհի պատրաստվող հակառակորդին: Տեսնելով, որ նշանափորձման արկերը ճշգրտորեն խոցում են հակառակորդին, հրամայել եմ շարունակել կրակը: Հուժկու համազարկից հետո հակառակորդը խուճապահար նահանջել է: Ընթացքում ղեկավարել եմ կրակը, ներգրավել նոր հրետանային ստորաբաժանումներ: Հակառակորդի ձախողումը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր հետագա գործողություններ համար:

Մարտական գործողություններին մասնակցած սպաները վկայում են, որ, մարտադաշտում նկատելով գեներալ-մայորին,  զինծառայողները ոգևորվել են ու ավելի խիզախորեն կատարել մարտական խնդիրները:

-Կորցրած դիրքերը հետ կգրավեինք, եթե հակառակորդը, տեսնելով իր աննախադեպ արկածախնդրության լիակատար ձախողումը, հրադադար չաղերսեր,-համոզված պնդում են միավորման զինծառայողները,- եթե համադրենք հակառակորդի աննշան առաջխաղացումը նրա ունեցած հսկայական կորուստների հետ, ակնհայտ է, որ թշնամու բարձրագոչ հայտարարությունները սեփական  հաջողության մասին  անհեթեթ են ու նախատեսված են ներքին լսարանի համար:

Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը քառօրյա պատերազմի օրերին մշտապես գտնվել է առաջնագծում, դիրքերից մեկում անձամբ մասնակցել է մարտական գործողություններին, կազմակերպել այդ դիրքի ուղղությամբ գրոհող հակռկորդի հետ մղումը, վիրավորվել ադրբեջանական արկի բեկորներից: Գնդապետը առաջնագծի այդ հատվածում բազմիցս հանդիպել է գեներալ Արզումանյանին, ով իրավիճակը ճիշտ գնահատելու և մարտն արդյունավետորեն ղեկավարելու համար անհրաժեշտ էր համարել անձամբ գտնվել մարտադաշտում:

-Վաղ առավոտյան գեներալ Արզումանյանն արդեն մեր միավորման տեղամասում էր: Հեռակապով ճշտելով իմ գտնվելու վայրը՝ քիչ անց նա միավորման հրետանու պետի ուղեկցությամբ այնտեղ էր՝ առաջնագծում: Երբ մեր հակատանկային միջոցները սկսել են արդյունավետորեն աշխատել, գրոհող հակառակորդի շարքերում շփոթություն, խուճապ է նկատվել: Չմոռանամ նշել, որ հակատանկային համալիրի ավագ օպերատոր Մարատ Պետրոսյանին ,,Ուստա,,, մականունով հենց գեներալ Արզումանյանն է կնքել: Ճիշտ է, այդ ժամանակ Մարատը դեռևս հինգ միավոր զրահատեխնիկա չէր խոցել, ու գեներալի նպատակը մեր կապն ամենայն հավանականությամբ գաղտնալսող հակառակորդին մոլորեցնելն էր, սակայն Մարատը կարողացել է արդարացնել իր մականունը:

Գեներալ Արզումանյանը հակագրոհը կազմակերպում ու ղեկավարում էր հենց առաջին խրամատից, զինվորի ու սպայի հետ նույն շարքում, ինքնաձիգը ձեռքին: Եթե Արզումանյանն այնտեղ չլիներ, դեպքերը այլ զարգացում կարող էին ունենալ: Ինքն էր ոգի հաղորդում զորքին, լարվածությունը թուլացնելու նպատակով ռադիոեթերում անգամ անեկդոտ է պատմել գեներալը: Թուրքերը հավանաբար մի լավ զարմացել են,- ժպտալով շարունակում է գնդապետ Մելքումյանը,- մարտադաշտում կատակն էլ իր տեղն ունի: Երբ հատուկ նշանակության ստորաբաժանման տղաների հետ մարտական դիրքում հետ էինք մղում հակառակորդի հարձակումը, ակամա ,,Երեք հրացանակիրները,, ֆիլմից Լա Ռոշել ամրոցի պաշտպանության դրվագն էի հիշում:

Գնդապետը մի պահ լռում է, հետո բարձրաձայն մտորում.

-Իսկ ի՞նչ է նշանակում, որ դիրքի անձնակազմը մինչ վերջ կռվել է:

Ինքն էլ պատասխանում է սեփական հարցին:

-Նշանակում է, որ տղաների մտքով նույնիսկ չի անցել փախչել: Փախչելը երբեք անհնար չէ:

Գնդապետը համոզված է, որ հակառակորդի նպատակը մեր պաշտպանությունը ճեղքելն ու որքան հնարավոր է առաջանալն է եղել, իսկ նա ծրագրերը տապալվել են միմիայն ՊԲ զինծառայողների հերոսական գործողությունների արդյունքում:

Փոխգնդապետ Մ. Ջհանգիրյանի տանկային զորամասը հակառակորդի հարձակումից կարճ ժամանակ անց լքել է մշտական տեղակայման վայրը և, երթ կատարելով դեպի մարտական գործողությունների շրջան, ընթացքից մտել է մարտի մեջ՝ տանկային հրանոթների դիպուկ կրակով հակառակորդին հասցնելով լուրջ կորուստներ:

-Տվյալ տեղամասում մեր ստորաբաժանումների գործողությունները նախ ղեկավարում էր գնդապետ Մելքումյանը, այնուհետև՝ գեներալ-մայոր Արզումանյանը,-պատմում է փոխգնդապետ Ջհանգիրյանը,- գեներալ Արզումանյանը ղեկավարումն իրականացնում էր ոչ թե հրամանատարական կետից, այլ հենց մեր մարտակարգերում, զենքը ձեռքին, չտարբերվելով սպաներից ու զինվորներից: Առաջինն էր նետվում մարտադաշտ, առաջինն էր մտնում հակառակորդից ազատված խրամատը: Այն փաստը, որ բանակի հրամանատարի տեղակալը մեր կողքին էր՝ մարտադաշտում, անկասկած, էապես ամրապնդում էր թե սպայական կազմի, թե զինվորների ոգին:

Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում գեներալն եղել է մեզ հետ, իսկ զինադադարի վերահաստատումից հետո ղեկավարել ու համակարգել է միավորման հտվածում իրականացվող  հետագա աշխատնքները, — խոսքն ավարտում է փոխգնդապետ Ջհանգիրյանը:

Մարտական գործողությունների ավարտից հետո գեներալ-մայոր Արզումանյանը անձամբ վերահսկել է նաև  միավորման առաջնագծի ինժեներական լրակահավորումը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, որի արդյունում միավորման ստորաբաժանումները ոչ միայն ներկայումս իրենց խնդիրների իրականացնում են առավելագույնս պատսպարված հակառակորդի դիտարկումից ու կրակային ներգործությունից, այլև վստահորեն վերահսկում են իրավիճակը և համապատասխան հրաման ստանալու դեպքում կարող են կատարել ցանկացած բնույթի մարտական խնդիր:

Սուրեն Սարումյան Hetq.am

 Ազգային Հերոսամարտիկներ

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *