Գարիկ Գալոյանի պատմվածքներից և բանաստեղծություններից

Գիշերս ցուրտ է..
Գիշերս ցուրտ է… մարմինս անեփ
Լողում է անափ ջրերի վրա..
Մի անզգույշ ալիք պարում էր հեռու.
.
Գիշերս ցուրտ է… աննշուկ լույսով
Լողում էր արևն կապույտ ծովի մեջ
Երազս հեռու… անկյանք…անշնչել…
 
Արևս ու՞ր էր… անմշակ քամին
Ցուրտս մոռացած զեփյուռ էր ցողում
Գգվում ալիքի մերկապարի հետ..
.
Մարմինս հպված սառը ալիքին…
Գիշերս ցուրտ էր… հեռու էր,
Խորթացած, անտես ձեռքերի գրկում.
..
Գիշերս ցուրտ էր… խորթ էր…անլեզու…
Արդեն չէր զգում մարմինս անմեռ…
Թե մոտ, թե հեռու…
 
Ինձ չէր նեղացնում ծիծաղն ալիքի,
Գիշերս ցուրտ էր…
Ու էլ չէր կանչում ալիքը պարի…
04.10.2016թ
 
Քարերը երգում են
Հայ տուն,
Հայի տան կիսավեր պատեր,
Անգամ խարխլված,
Անգամ անտանիք,
Երկնքին բաց հայացքով,
Ցավին կարոտ խառնած,
Կարոտին կաթիլ արյուն,
Արյան հետ պատիվ ու սուգ,
Ողջ ազգի ողբ անհատնել…
 
Քարերը ձայն են տալիս,
Քար կա դեռ քարի վրա,
Մշտարթուն կարոտը զրնգուն,
Հայ քարի կարոտն է վկա:
 
Եղիցի լույս ամեն, ամեն
Մատուռից վայր ընկած քարիդ,
Սալաքար դարձած խաչքարիդ,
Քարերիդ այլ պատի վրա:
Քարերդ աղաղակում են
Շարական, հորովել,
Ա´խ, դլե յաման,
Երգ է մրմնջում ամեն քար:
Ամեն թուրք տան պատի մեջ,
Մեկ հորովել ու որքան յաման կար…
 
Զարմանքով ինչու՞ եք նայում,
Կրկնում քայլլերս անկանոն,
Խելագար վազք դարձած իմ հոգու,
Հետագիծն ինչպե՞ս հասկանաք:
Անհոգ ապրում եք իմ հողում,
Թուրք զավակներդ հայ շվաքի տակ,
Ձեզ պես փոքր էին իմ որդիները,
Բայց չապրեցին ձեզ պես նույն արևի տակ:
 
Էլի հորովել եմ լսում,
Աՙխ, յաման, մեր ցավը նորից,
Կերկերուն ձայնը չի լռում,
Իմ տան մեջ ո՞վ է երգում:
Ու՞մ շունչն է մնացել իմ տան
Կիսավեր, կիսաքանդ պատերի մեջ,
Ո՞վ է նորից հեկեկում,
Իմ ցավը հերիք ,հերի՞ք չի ինձ…
Դու´րս եկեք, դու´րս, իմ տնից,
Թողե´ք, քանդված պատերը ինձ,
 
Թողե´ք, կիսաձայն իմ տան մեջ,
Իմ տան մեջ հայերենն հնչի:
Ո՞ր սենյակում ես թաքնվել,
Ո՞ր անկյունում իմ տան,
Քանդված է ամենուր, ամեն քար,
Իմ երգը իմ տան մեջ ողջ է, կա:
Ուրեմն սարերը լսեցին,
Ձորերի արձագանքը տեղ հասավ,
Ուրեմն հարսներիս պատիվը,
Ձորերը լոկ իրենց գիրկն առան:
Ուրեմն տունս էլ ավեր չէ,
Զավակներս ողջ են ու անվտանգ,
Ա´խ, անիծվի թուրք անունն աշխարհից,
Թուրք որդի´ք, անեծքս քո նախնյաց վրա…
 
Շարականը հնչում է արդեն,
Արդեն քանի ժամ է չի լռում,
Հորի, լորի, հորովեեել,
Աՙխ որքաՙն քաղցր է հնչում:
Որտեղ ես թաքնվել, ի´մ երգիչ,
Արթնացավ կիսամեռ իմ տան շունչն,
Իմ երգիչ, վաղուց է չես հնչում,
Քանդված եմ, անշունչ չեմ արդեն:
 
Ախ, տառերս ոտքերի տակ,
Անարժան, անաստված թուրքի,
Քարտաշ վարպետ, բառերդ
Չեն մաշի ոտքերի տակ:
Գիշերում տառերդ ցոլում են,
Լուսինը նոր կյանք է շնորհում,
Ամեն ծպտված հայ գիշերը,
Ողբի կանչ է զգում:
Գիշերը նահատակները իմ,
Իմ տան պատերն են ամրացնում,
Քահանան ամեն գիշեր,
Պղծված մատուռն է սրբում…
 
Ախ, դլե յամանը չի լռում,
Քարերը արյունով են պատվել,
Դիմացի տների հիմքերը ցնցվում են,
Իմ քարը չի մնա օտար հիմքի մեջ…
 
Ոչ մի երգիչ չգտա իմ պատերի մեջ,
Պատերս կիսաքանդ, անշուք,
Ու՞մ շուրթն է երգում,
Ախ, դլե յաման ու հորովելն:
Ուրեմն քարե՞րն են երգում,
Քարե՞րն են ողբը ասում,
Ամեն տան, ամեն պատի
Ամեն քար երգ է ասում:
Երեխաները թուրք ու քուրդ,
Ու հազար-հազար քոչվոր,
Վազում են խելագար իմ ետևից,
Ուրեմն երգը չեն լսել:
Քարերը հայերեն են երգում,
Քարերն սկսել են խոսել,
Բացվող լույսն քարին է ընկել,
Օտարր պատի մեջ է այն անգամ շողում:
 
Ախ, հիմա հասկացա քարերի երգը,
Քարերը բողոք են երգում,
Ախ, խաչքարը մզկիթի պատի մեջ,
Տան, շենքի, կամուրջի հիմքերում:
Քարերը հայերեն են երգում,
Որքան ցավ ու գաղտնիք կա նրանց մեջ,
 
Որքան ձեռագրեր են պահպանում,
Նարեկ-ի ուժն է նրանց հետ:
Քարերը ձայն են տալիս,
Ախ, կանչում, դլե յաման,
Վարդապետը քարերի երգն էր լսել,
Խելագար չկարծեք նրան:
Քարերի ողբաձայնն է լսել,
Հայ ազգի խելագար հսկան,
Ու այս երգ շարականի հետ,
Ախ, որքան յաման, յաման:
Քարերն հոգի են առել,
Որքան ողբ դեռ կա ողբալու,
Քարերը երգ են դառել:
 
Եղիցի լույս ամեն, ամեն
Մատուռից վայր ընկած քարիդ,
Ճամփեքիդ լուսապայծառ,
Եղիցի լույս հացքաղ հնձվորիդ:
Լույսը մարեցին մեզ վրա,
Հացթուխին այրեցին թոնրի մեջ,
Ախ, ինչպես քարերը չզնգան,
Ու մնան անզգա,անզգա…
 
Ախ ինչպես քարերը մոռանան,
Մատուռին հյուր եկող հայի դեմքն,
Համբյուրը քար առ քար չհիշեն
Գիշերվա լուսնազարդ շողի հետ:
Ի՞նչ քար քաշեն սարերը,
Նրանց սպանող չեղավ,
Որ մաքրեր արյունոտ քարերը,
Հայերը, հայերը ի՞նչ եղան:
Չխելագարվե՞ր Վարդապետը,
Երբ արյունոտ քարերը տեսավ,,
Երբ հազար հալածված շիրիմներին,
Խնկարկող, լացող չգտավ:
Պատարագն այդօրվա չհնչեց,
Սարգավագն լույս տեսավ վանքի մեջ,
Ժամկոչը իր գործը ավարտեց,
Ժամկոչը չվիճեց արյան հետ:
 
Խելագարն իր ողբը ու՞մ թողներ,
Հաշտվե՞ր արյունոտ վշտի հետ,
Ի՞նչ սրտով շարականներն իր երգեր,
Խորովված հացթուխին հորովե՞լ…
Շարականն ի՞նչ աներ Վարդապետն,
Դլե յամանն էր անգամ քիչ,
Ազգս տուն առ տուն կոտորվեց,
Ախ, դլե յամանն ազգիս հետ…
 
Քարերը երգում են,
Քարերը ասելիք ունեն,
Որքան բաց բերան փակ պահած,
Պիտ պատմեն, պատմեն, պատմեն:
Առաջինը Վարդապետը լսեց,
Խեղճ հոգին քարուքանդ եղավ,
Ամեն քարի հետև արյուն տեսավ,
Մի-մի տուն, որքաան մեռել:
Քարերի շարականը մահ ասեց,
Խաչը պարզած կտրած թևն ընկավ վայր,
Մայրն որդու վրա չոքեց,
Թիկունքում հայրը ճչաց:
 
-Քարե´ր, բավական է, լռե´ք,
Քնհարամ ազգը մեռավ,
Վարդապետը գլուխն օրորեց,
Ականջներն համրացած, հանգած,
Խելագար չդարձավ լավ օրից,
Քարեքար աղաղակը չմարեց,
Չկարկիսավեր մի տուն,
Որ պատմող մի-մի ողբ չասեր:
Վարդապետ, չկա ոչ մի տուն,
Քարերի ձայնն է հնչեղ,
Երգիչ ու երգասան էլ չկան,
Ամեն ձայն լուռ է արդեն:
 
 
Զարմանքով նայում են դարձյալ,
Կիսավեր տան պատերից ներս,
Երեխաները քուրդ ու թուրք,
Վազում են, վազում ու ինձ հետ:
Ես լսում եմ շարական, հորովել,
Իսկ նրանք, իսկ նրանք չեն լսում,
Ամեն տան, ամեն պատի
Ամեն քար երգ է ասում:
Ինձ մենակ, ինձ մենակ թողեցին,
Խելագար կարծելով հեռացան,
Խոհերս ինձ չոքել դրդեցին,
Հարազատ հորովելն այդքան լաց:
Ձայնը պատից էր հնչում,
Մոտ կանչում, մոտ պարզում ինձ թևերն,
Կիսաքանդ պատի ծեփերն են դողում,
Կիսաքանդ, կիսաշեն քարի հետ:
 
Եղիցի լուլս ամեն, ամեն
Մատուռից վայր ընկած քարիդ,
Սալաքար դարձած խաչքարիդ,
Ու անզոր աղոթքիդ վրա:
 
Քարերը երգեցին հնչեղ,
Մատուռի պատը երերաց,
Նախշաքանդ մի մեծ քար դուրս թռավ,
Մատուռի գանձերը երևաց..
 
Քարերը երգում են ու լալիս,
Մագաղաթները թևքիս տակ,
Կիսաշեն, կիսաշար տունը իմ,
Բույնը իմ էլ անտեր չի մնա:
Քարերը երգում են հորովել,
Քարերի շարականն է տխուր,
Իմ ողբը հենց ինձ կմնա,
Ախ, դլե յաման, յաման, յաման…
21.12.2016թ
 

Մահ ավետող հրեշտակը

-Իմ մայրիկի բարի Աստված, որ վերևում ես, ես քեզ երբեք չեմ տեսել, բայց մայրիկիս աղոթքներում միշտ քո անունն եմ լսել: Լսել եմ, թե մայրիկս քեզ ինչպես էր անվանում Հայր, իսկ երբ հարցրեցի, թե մայրի´կ, Աստվածը իմ հայրն է՞լ է,նա ասաց, որ դու բոլոր մարդկանց Մեծ Հայրն ես, ու որ քեզ պետք է միշտ սիրել, որ դու միշտ մեր կողքին կլինես: ՈՒ ես սկսեցի սիրել մայրիկիս Մեծ Հայրիկին, որ ես էլ հայր ունենամ: Մյուս փոքրիկները իրենց հայրիկների ձեռքը բռնած քայլում են, խաղում, գրկում նրանց,, համբուրում այտը: Իսկ ես հայրիկ չունեմ, որ թռչկոտեմ ու խաղամ նրա ձեռքը բռնած:
Ես մայրիկիս Մեծ Հայրիկին երբեք չեմ տեսել, բայց չեմ տխրում ու հավատում եմ , որ ունեմ հայրիկ, ու իմ հայրիկը վերևում է: Ես հավատում եմ, որովհետև մայրիկս էլ է հավատում: Մայրիկս ինձ պատմում էր, որ դու, իմ Մե´ծ Հայրիկ, հրաշագործ ես, որ մարդկանց մենակ չես թողնում,, որ մեզ էլ մենակ չես թողնի: Մայրիկս ասում էր, որ դու մեր հոգու մեջ ես, չնայած այդպես էլ չհասկացա հոգին ինչ է ու որտեղ է, բայց որ գտնեմ իմ հոգու տեղը, ամուր կփակեմ այն, որ դու այնտեղից դուրս չգաս:
Ես հիմա մայրիկիս պես եմ աղոթում՝ ծնկի եմ եկել,գլուխս խոնարհել ու ձեռքերս միացրել իրար: Մայրիկս ասում էր, որ Մեծ Հայրը լսում է բոլորին, ու առաջինը այն մարդկանց ձայնը, ովքեր հասարակ են, խոնարհ, ովքեր աղոթում են հավատով: Ես հիմա մայրիկիս ասածի պես եմ աղոթում ու հավատում եմ, որ իմ Մեծ Հայրը կլսի ինձ, կլսի իմ փոքրիկ ձայնը:
Ես խոստանում եմ, որ չեմ լացի այլևս ու էլ չեմ նեղանա հայրիկիցս, որ ինձ մենակ է թողել, նա երևի շատ կարևոր գործեր ունի,որոնք դեռ չի վերջացրել: Ես էլ հիմա իմ ընկերների նման կխաղայի հայրիկիս հետ, եթե շուտ վերադառնար, եթե անգամ չվերադառնա չեմ նեղանա, խոստանում եմ: Մայրիկս ճիշտ է ասում՝ ես Մեծ հայր ունեմ, ով երբեք ինձ չի լքի, ու միշտ կլսի ինձ, երբ խոսեմ հետը:
Իմ ու մայրիկի Մեծ Հայրիկ, գիտեմ հիմա լսում ես ինձ, երևի զբաղված ես, որ չես պատասխանում, բայց կարևորը, որ լսում ես:Ես ուզում եմ պատմել մայրիկիս մասին ու մի հրաշք խնդրել նրա համար:
Ես իմ մայրիկին շատ եմ սիրում, նա միշտ ինձ գրկում էր ու երկար խոսում հետս, ես շատ բաներ չէի հասկանում, բայց լսում էի, ես շատ եմ սիրում մայրիկիս ձայնը: Նա գիտեր դա ու միշտ խոսում էր ինձ հետ ու շատ ժպտում ինձ համար: Ես էլ էի ժպտում: Երբ չէր խոսում՝ ամուր գրկում էր, բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էր մայրիկս լացում, երբ մենակ էր մնում, ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է արագ սրբում արցունքները, որ ես չտեսնեմ: Երևի հայրիկին ինքն էլ է շատ կարոտում:
Շատ բարի է իմ մայրիկը, երբեք ինձ վրա չի բարկացել, անգամ, երբ սխալ եմ արել, կամ ինչ որ բան կոտրել: Միայն նա ունեմ այս աշխարհում, Մե´ծ Հայրիկ, սա նույնպես մայրիկի խոսքերից է, հիմա եմ հասկանում, որ իմ համար էր ասում, հասկանում եմ ու ես էլ նույն բանն եմ կրկնում: Ես միայն մայրիկիս ունեմ այս աշխարհում:
Մե´ծ Հայրիկ, գիտեմ՝ դու հրաշագործ ես ու օգնում ես բոլորին, մայրիկս շատ բարի է, խնդրում եմ կատարի խնդրանքս ու մի հրաշք կատարի մայրիկիս համար:
Ուզում եմ մայրիկիս համար ժպիտներ խնդրել, երևի նրա ժպիտները վերջացել են, նա ամբողջը ինձ է նվիրել, ես եմ մեղավոր, որ նա հիվանդացել է: Եթե ամբողջ ժպիտները ինձ նվիրած չլիներ, հիմա կժպտար ու հիվանդ չէր լինի: Եթե նա հիմա ժպտա, կլավանա ու ամուր կգրկի ինձ, երկար կխոսի ինձ հետ:
Երբ ես հիվանդանում էի, նա ինձ միշտ խնամում էր, ու ոտքի կանգնացնում, ժպտում, որ ժպտամ, հիմա որ հիվանդանամ, ինչպես է ինձ ժպտալու, նրա ժպիտները ես եմ վերջացրել:
Իմ ու իմ մայրիկի Մե´ծ Հայրիկ, խնդրում եմ մի հրաշք կատարի մայրիկիս համար, որ նա միշտ ժպտա…

……

-Փոքրիկի աղոթքը ազդեց ինձ վրա, ու ես՝ քո ամենահավատարիմ հրեշտակներից մեկը,մեղանչեցի քո առաջ, Մե´ծ Հայր, ես կընդունեմ ամեն պատիժ:
-Սիրելի Գաբրիել, մի անհանգստացիր, դու ճիշտ ես վարվել, այդ փոքրիկը խոսում էր ինձ հետ ու ես նրան լսեցի…
20.10.2016թ.

 

Ընդմիշտ օրորվող երգը

Օղապարանը անշարժ էր, ինչպես անշարժ էր նրա դիմաց կանգնած տղամարդը:
Անսպասելի մի մեղմ քամի սկսվեց՝ իր քնարերգությամբ տարածվելով հանդիպած ամեն թփի, իր հետ պարի կանչելով ընկնող ամեն տերև, դողերոցքով պատելով ծանրումեծ եղած ամեն սիրտ, հոգու ամեն տվայտանքին խառնվելով, ապա հեռանալով, սակայն, այնուամենայնիվ, իր բաժինը թողնելով պարեղանակի մեղեդու մեջ:
Օղապարանը անշարժ էր, բայց նրանից նոտո-նոտա դուրս հորդացող մահեղանակի մեղեդու հնչողությունը դառնացած, անշարժ պարանի օրորվող երգն էր հնչեցնում: Որի ողբանվագ, անլսել հնչյունները անհերթ ու հերթով շարվում էին միակ ներկա ունկնդրի սառցակալած հայացքի մեջ:
Երգը հնչում էր արդեն ո՞րերրորդ անգամ,սակայն առաջին անգամ այդօրվա այցելուի համար, ու այդ առաջին անգամը շատ խորթ արձագանք գտավ տղամարդու հոգում, այնտեղ քնեցված ամեն զգայարան իրար խառնելով:
Տղամարդը կանգնած մնաց երկար, նրա անդիմագիծ հայացքի մեջ քնեցվեց յուրովի ստեղծված գույնզգույն երազանքի ամեն ծվեն, տափօղակի շարժման տրամաբանության արագ հոսքով մթագնեց ամեն փայլփլուն գույն, նկարչի վրձինը հրաժարվեց կտավի իր կեսից:
Տղամարդու հայացքը խավարի մեջ գծագրեց մի ուրվանկար, երկու թաց աչքեր կիսաբաց էին լինում ու միանում կապտօղակներով երիզված օվկիանի անհունությանը, սրտի ամեն զարկ անլսելի դարձնելով: Տղամարդը հայացքը փախցրեց իր պատրանքից, աչքերը չոր մնացին, քարացած հոգին սկսեց արտացվել:
Անշարժ օղակը քիչ առաջ խորթ էր թվում նրան, սակայն դարձավ բավականին հարազատ: Այս անգամ իրական հայացքը չճոճվող օղապարանի անցքից այն կողմ անցնելով նկատեց մոռացության դատապարտված անընդունելիին, ցերեկվա լույսի ներքո խավարին խոնարված հայացքի անշնչացումով:
Տղամարդը գտավ իր գույները միագույն դարձրած մթնագույնի տիրուհուն, ով երևաց օղակի այն կողմում ու սկսեց կանչել իրեն, կանչել դեպի իրեն ու մինչև օղապարանի սառնությունը: Վերջինիս դժգույն հայացքի մեջ սառեցված արև կար նկարված, ու արևի ջերմությունից այնքնան հեռու…
Տղամարդը սկսեց սիրել օղապարանի ջերմությունը, որը սակայն շատ արագ ընդունակ էր սառեցնելու, սառելու հավերժ: Ահա հենց այնտեղ էր օրորվող երգը իր կենդանության շունչը գտնելու, հնչելու իր տարերքի մեջ, իր գորշ նոտան խառնելով կյանքավարտի մարող ելևէջներին: Այնտեղ սկսելով ու ավարտելով ամեն կիսատ գործ:
Օղապարանի սառնությունը սկսեց ձգել իրեն պարզած հայացքի մահականչ կարոտին, որը հավերժական ավարտ էր խոստանում, որը կավարտեր հոգում բույն դրած ապրել-չապրելու ամեն կյանքակռիվ: Որքան կրճատվում էր նրանց հանդիպման տևողությունը, այնքան վերամբարձ մեղեդին իրեն էր կանչում, այնքան ջերմորեն էր կանչում անշարժ օղապարանի նկրտումները կյանքից կյանք խլելու առատաձեռնությունը բացահայտ ի ցույց դնելով:
Ժամանակն էր հին, ոգեղեն երգի նոտաներին ազատություն տալու, նրանք վաղուց նոր շրջափուլ չէին մտել, հնացել էր փայտե չորսոտնանու վայր ընկնելու վայնասունը, վաղուց օղապարանի լայն բացված երախը չէր սեղմվել, վերջինս փափագում էր նոր կյանքի, գարնան ծաղկունք մտած նոր հոգու, ումից պիտի ագահաբար խլեր ողջ ժամանակը, հափշտակեր ու ուռճանար իր անսահմանափակ ժամանակին նոր ժամանակ ավելացնելով:
Տղամարդը մոտ եկավ, օղապարանը դեռ անշարժ էր: Անշարժ երգը սկսվեց ու սկսվեց օրորվելու ամեն ճոճի պարտականությունը վերցնելով իր վրա…

Օղապարանը մնաց անշարժ, անօրորվել ու աներեր: Նրա հնչեցրած երգը բաց թողեց իր հերթական որսին, իր խորամանկ մահերգության թովչանքի ամեն շրշյուն անարդյունք թողնելով: Երգը հնչեց, սակայն չհասավ վերջին ելևէջին, անշարժ, կախված թողնելով պարանի խորհրդավորությանը, որի հերթական պարի ավարտով էլ ավարտվելու էր օրորվող երգը, որը ամեն այցելույի համար մի սկիզբ ու մի վերջ էր նախասահմանել:
Օղապարանը մնաց անշարժ, տղամարդը ևս մեկ պահ դադար տվեց ու առաջին անգամ անշարժ պարանի ճոճի ձգտող ախորժակը թողնեց քաղցած:
Տղամարդը շրջվեց ու դադար տալով ընդմիշտ օրորվող երգին, օրհնեց արևով բացվող ամեն օրը ու հեռացավ: Նրա հատիկ-հատիկ քայլքի մեջ ճանապարհը համբուրեց ժամանակին, ու փակեց ամեն դուռ, որը դեպի օրորվող երգի գայթակղությունն էր բերում շփոթահար ու խեղանդամված ամեն հոգու…

Օղապարանը մնաց անշարժ՝ ընդմիշտ օրորվող երգին հավերժ լռեցնելով…

30.10.2016թ.

հեղինակ`Գարիկ Գալոյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *