ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Գիշերը փքվել է.
Իրենն է օրը,
Դեռ երկար ժամանակ
Տերն է ու հզորը.
Մի բուռ ցերեկ է,
Մի խղճուկ արև,
Մի սառած երկինք`
Մեր գլխի վերև։
Իսկ երբ խավարն է
Աշխարհը տիրում,
Աստղերն են միայն
Թաքուն ծիկրակում,
Քնած երազին
Հուշիկ արթնացնում,
Ու նրան բարձում
Հավատի լույսեր,
Առաքում երկիր,
Որ վառի հույսեր,
Հոգնած մտքեը
Բարուրի քնքուշ
Ու մինչ լուսաբաց
Օրորի անուշ…

ՏՈՒՆԸ ՄՆԱՑ

Մի այր ու իր կին փոքրիկ քաղաքում
Ապրում էին հաշտ ու աղոթք անում,
Որ տերն ողորմած իրենց քիչ գթա
Եվ մի լույս զավակ իբրև պարգև տա։

Աստված երազը նրանց կատարեց.
Եվ մի սիրունիկ աղջիկ նվիրեց,
Թիթեռնկի պես ժիր ու սիրունիկ,
Թռչկոտում էր նա ծաղիկից ծաղիկ։

Փոքրիկ հրաշքը մեծացավ արագ,
Ծնողներն արդեն մտորում են շատ.
Մի լավ հարսնախոս հենց դուռը բացի,
Դառնան խնամի սուրբ աղ ու հացի։

Երբ որ առաջին տղան ներս մտավ,
Աղջկա քնքուշ սիրտը վեր թռավ,
Բայց իսկույն նորից ընկավ իր տեղը.
Դուր չէին եկել խեղճի բեղերը։

— Վո՜ւյ, վո՜ւյ, չե՛մ ուզում, ինձ սազական չի,
Ես`ո՜ւր, իսկ նա`ուր, թող գնա՛, կորչի՛։

Հայտնվեց ահա նոր երիտասարդ…
Տեսնենք`ի՞նչ կասի աղջիկը հպարտ.
-Է՜ս ինչ թզուկ է, չէ՛,չէ՛,չեմ ուզում,
Ինձ կվայելի պարթև դյուցազուն։

Ուզողը գնում, գալիս է նորը,
Կույսը մնում է նույն կամակորը։

Օրերը այդպես հաջորդում են լուռ,
Մեր ժպտերեսը դառնում է տխուր,
Տունը մնացած օրիորդ պառաված,
Այն հպարտ կույսից ոչինչ չմնաց…

Պատճառն հասկացավ աղջիկն այսուհետ.
Նա հիմարաբար համեմատում էր
Ուզող տղայի մի փոքրիկ արատ
Իր անձի չնչին առավելի հետ։

ՈՎ ԵՄ

Ինքս ինձանից գլուխ չեմ հանում…
Իսկ դուք ասում եք.《Ես քեզ լա՜վ գիտեմ…》
Ախար ամեն օր նոփ — նոր եմ դառնում.
Կարծես`նոր մարդ է ինձանից հառնում.
Երեկ`անտարբեր օրն էի մաշում`
Տաղտուկին տված խոհերս բազում:
Այսօր զարթնել եմ ժպիտով անհուն,
Ու կյանքը լուսե երազ է թվում։
Վաղը կարթնանամ տխուր ու տրտում…
Եվ հանելուկն այս անվերջ է թվում։
Հազիվ եմ զսպում`չգոռալ վրաս.
— Խենթի դիմակը որքա՜ն է սազում…
Ո՜ւր մնաց`թե դուք փորձեք հասկանալ…
Լա՛վ է`ինձ հանգիստ թողնեք, հեռանաք։

ՊԱՀԸ

Երբ հայտնվեցիր,
պահը կանգ առավ ու շունչը պահեց…
Ծովը քեզ տեսավ 
և ուշաթափվեց իր ափի վրա…
Արևը շողն իր
դարսեց դաշտերի սառած սրտերին…
Թռչունն իր երգը
ամպերին խառնեց, որ անձրև տեղա…
Դաշտեր ու անտառ
զմրուխտ հեքիաթի բույրով արբեցին….
Ծաղիկներն իրենց հեզ ժպիտները քեզ ընծայեցին…

ԾՆՈՒՆԴԻՑ ՄԻՆՉ ՄԱՀ

Մեր կյանքը երկար, միակողմանի ճանապարհ է մի`
ուր վերադարձի տոմս չի վաճառվում…
Ու կանգառները մենք չենք որոշում…
Դրա համար էլ ծույլ ու կիսաքուն ուղևորի պես
պատուհանից ենք կյանքին հետևում…
…և սլանում է գնացքը անդուլ,
և սլանում է մեր կյանքն անխնա.
գործի շտապող անտարբեր մարդիկ,
տուն վերադարձող դեմքեր հուսահատ,
ժամադրության շտապող աղջիկ,
սիրո կրակից այրվող տղա,
մայթերին ծերեր` երերուն քայլող,
մանուկներ` կյանքին ուրախ գույն տվող,
ու մեքենաներ`երկաթե սրտով
կյանքի նյարդը ավելի պրկող…
…Եվ սլացքը այդ ապահովում է
մեր ձեռքի տոմսը, որ դակված է արդ
ու վրան գրված`
ԾՆՈՒՆԴԻՑ ՄԻՆՉ ՄԱՀ…

Իմ աշխարհն ես

Քո ջերմ բարևը արևից տաք է,
անտարբերությունդ սառույցից էլ պաղ,
այս մեծ աշխարհը առանց քեզ նեղ է, 
քո ներկայությամբ`տիեզերքից լայն…

Արշալույսները քո ժպիտն ունեն,
մայրամուտները քո գույնը թովիչ,
ծաղիկներն այլ են բուրում, երբ կաս,
անձրևները հայացքիդ պես ջինջ։

Սպասումներս կամուրջ են կապել
ճանապարհներին, որով դու կգաս…
դու ամենուր ես, երբ իմն ես միայն,
ու քեզանով է աշխարհն իմ աշխարհ։