Բռնաբարությունից խուսափելու համար հայ կանայք ինքնակամ նետվում էին գետը

Համբարձում քահանա Հարությունյանի վկայությունը

Կարին, Վարդուկ գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Համբարձում քահանա Հարությունյանը պատմել է Կարինի գավառի Դերջան գավառակի Վարդուկ գյուղի բնակչության տեղահանության և կոտորածների մասին: Այս շրջանի տեղահանությունը սկսվել է հունիսի 4-ին: Թուրքերը նախ արական սեռի բոլոր ներկայացուցիչներին են կոտորել, իսկ կանանց և երեխաներին քշել Եփրատի վտակներից մեկի կողմը: Կամուրջի մոտ սկսվել է անբացատրելի բռնաբարությունն ու դաժանությունը: Հայ կանայք, չդիմանալով այս ամենին, կամավոր նետվում են գետը: Մի քանի ժամ անց ամեն բան ավարտվել էր ու կուլ գնացել Եփրատի ջրերին:

1914 թուի եվրոպական պատերազմէն անմիջապէս յետոյ սկսաւ Թուրքիոյ ընդհանուր զօրակոչը որուն հետ և մեր Դերջանի շրջանինը:

 

20-45 տարեկանները անմիջապէս զօրակոչին պիտի պատասխանեն, անսաստողները կ՚ենթարկուին ծայրայեղ պատժի, նրանց տուները և տեղերը կրակի կը տրուին, ստացուածքը յարքունիս կը գրաւուի և երախաները կը թափուին փողոցը:

 

Մեր շրջանին տեղահանութիւնը սկսուեց յունիսի 4-ին: Նախ արու ազգաբնակչութիւնը տեղին վրայ կոտորուեց տեղացի թուրքերու և ժանտարմներուն ձեռամբ, իսկ կանայք և երախաները տեղահանուէցին և քշուեցին դէպի Կէօթիւր գիւղը, որտեղ կայ համանուն կամուրջը Եփրատի մէկ ճիւղին վրայ, որը կը կոչուի Սև ջուր: Երբ տեղահանուածները կը հասնէին այդ կամուրջը, նոյն պահուն հակառակ կողմէն կու գան ճակատ գացող զինուորներ և Բասենէն, Ալաշկերտէն փախչող թուրք գաղթականները: Կը սկսուի անբացատրելի բռնաբարութիւն: Հայ կինը, գիտակից իր պատուին, չհանդուրժելով այդ անպատուութեանց, կը սկսի թափուիլ գետը կամովին: Չանցած մի քանի ժամ՝ արդէն ամէն բան վերջացած էր և կուլ գնացածԵփրատին:

 

Երբ ժողովուրդը տեղահանուեց և արուները կոտորուեցին, ես ինքզինքս թաքցրի և ապաստանեցայ դիմացի լեռը՝ քարայրի մը մէջ: Երկու օր ու գիշեր մնացի այդ ծակին մէջ ծարաւ ու անօթի: Չդիմանալով անօթութեան, գիշերը վար իջայ և գացի գիւղ: Մեր ընտանիքը տակաւին քշուած չէր և թուրքի մը տուն տարուած էին՝ կողոպտելու նպատակաւ, որմէ յետոյ պիտի քշուէին: Գացի ընտանիքիս մօտ, կանացի շորեր հագայ և հաց ու աման մը ջուր վերցրի, դարձայ նորէն քարայրը և մնացի 40 օր այդ նեղ քարայրին մէջ: Այդ 40 օրուան ընթացքին գիշերները երբեմն դուրս կու գայի: Քարայրին մօտ հովիւ մը կար, որ միշտ գիշերները այնտեղ կը պահէր իր հօտը: Հաց ու ջուր կառնէի նրանից: 40 օրից յետոյ մեր գիւղի թուրքերը իմացան, որ ես քարայրն եմ, ուզեցին գալ զիս սպաննել: Հովիւը ինծի լուր տուաւ և ես գիշերով գացի մեր գիւղից մէկ ժամ հեռաւորութեան վրայ՝ Քիլիսէ գոմ ըսուած գիւղի Թամոյի տղայ Հասան չաւուշի մօտ, բարեկամ քուրդ մը: 40 օր ալ այնտեղ մնացի: Նորէն իմացան մեր գիւղացի թուրքերը: Անկէ փախայ սարերը: 20 օր մնալէ յետոյ՝ վերադարձայ նոյն տեղը: Մէկ-երկու օր յետոյ մեր գիւղի կոչնօր Խալլօն և 4 ժանտարմ եկան և, յանկարծակիի բերելով՝ բռնեցին մեզ: Այդ ատեն ինծի հետ կային գիւղի միւս քահանային 2 որդիները և տարան Մամախաթուն` գայմագամին մօտ: Մի գիշեր մնալէ յետոյ քննութեան կանչեցին գայմագամին մօտ: Գայմագամը, լինելով մի բարեխիղճ մարդ, հրամայեց մեզի մտնել աշխատաւոր զինուորների մէջ:

Աշխատանքին չդիմանալով` հիւանդացայ, կտրեցին տրուած օրական մի կտոր հացը: Մնացի թշուառ և անօթի: Այդ օրերը եկաւ Չեր գիւղի գիւղացի Սէրքոյի Իսմայիլը և 10 աշխատաւոր խնդրեց կառավարութիւնից: Գայմագամը ինձ նման աշխատանքի անպէտքացածներից 10 հոգի զատեց և տուաւ մարդուն` դաշտային աշխատանքի համար: 10 օր այնտեղ աշխատելէ յետոյ, բացի ինձմէն, միւսները ամէնքն ալ փախչեցան:

 

Ամիսներ յետոյ գնաց տեղւոյն գայմագամը և նրա տեղապահ նշանակուեց տեղւոյն չէթէյապետ ոստիկանապետը: Նա սպառնաց ինձ պահող քիւրտ աղային, որ եթէ ինձ չյանձնէ` նրա տունը կրակի կու տայ: Նոյն օրը քիւրտը ինձ թաքցրեց, խուզարկութիւն կատարեցին և չկրցին գտնել: Այդպէս քանի մը անգամ խուզարկութիւն կատարուեց, բայց անօգուտ: Ինձմէ զատ նոյն տեղը ապաստանածներ կան՝ քանի մը կնիկներ և տղաներ: Նորէն գրած էին գազան փոլիս միւտիրին և նա այս անգամ կանչեց մեզ պահող քիւրտին և սպառնաց, որ եթէ այս անգամ խուզարկէ և գտնէ՝ ամրողջ տունը մեզի հետ սուրի պիտի քաշէ: Քիւրտը, յուսահատուած, խնդրեց, որ հեռանանք, սակայն մենք մերժեցինք՝ գիտենալով, որ անկէ հեռանալը մահ է մեզ համար: Խնդրեցինք, որ մեզ թոյլ տայ ծակ մը բանանք ախոռի մսուրների տակից դէպի յարդանոցը, որտեղ ամբողջութեամբ յարդով լեցուն էր: Այդ յարդանոցի յարդին մէջ մնացինք ութը օր, օրական 3 անգամ մեզ ուտելիք կղրկէր: Նոյն օրերը առաջացաւ ռուսական բանակը և մարտի 2-ին 1916-ին արդէն մենք ազատուեցինք: Թուրքերը քաշուած էին դէպի Երզնկա:

 

1916 թ.

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 460, թթ. 1-7, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 106-108:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *