Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է ցուցարարի մահվան մասին, ԶԼՄ-ները գրում են, որ այդ ժամանակ ցույցեր չեն եղել

Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում 19-ամյա ցուցարարի մահվան մասին:

Համաձայն «Evropeyskaya Pravda»-ի՝ համապատասխան տեղեկությունները հայտնվել են ՆԳՆ մամուլի քարտուղարի Telegram հեռուստաալիքում:

«Օգոստոսի 16-ին «Պարտիզանսկի» մայրուղում ժամը 03.20-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնի, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է ճանապարհի երթևեկելի մասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հանգուցյալը Բելառուսում անցկացվող ցույցերի մասնակից էր: Ըստ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովայի՝ նա ճանապարհի երթևեկելի մասում է եղել, և ողբերգությունից քիչ առաջ նրան խնդրել են մայթ բարձրանալ:

Միևնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 3.20-ին,  բողոքի ցույցերն արդեն վերջացել էին, և այդ ժամանակ Մինսկում զանգվածային գործողություններ չեն եղել:

Մահացածի անունը չի հաղորդել ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել էր երկու ցուցարարների մահվան լուրը:

Մի քանի տասնյակ ցուցարարների ճակատագիրը անհայտ է մնում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *