Հարգելի նախարար, կարծում եմ, որ ցանկացած պետության հիմքն էլ իրազեկ, կիրթ և բանիմաց քաղաքացին է: Իզուր չէ ասված, որ կրթության տեսակը, որն ընտրում են անմիջականորեն կապված է նրա հետ, թե ինչ հասարակություն ենք ցանկանում ձևավորել: Ուզում եմ նշել, որ հենց այս հարցում Ձեր իսկ կայացրած որոշումներն են, որ հիմք են դառնալու իրազեկ և կիրթ քաղաքացու ստեղծմանը:

Սակայն պետք է նշեմ խնդիրներ, որոնք մինչ այսօր բաց են մեր կրթական ոլորտում:
Մինչ խնդիրներին անցնելը հստակ ուզում եմ նշել, որ երբեք չեմ սիրել այն հարցը, որ հաճախ տրվում է երեխաներին. «ինչ ես ուզում դառնալ»: Չէ որ դառնալը ավարտուն փուլ չէ, դպրոց ընդունվելով միայն աշակերտ չենք դառնում, համալսարան ընդունվելով և ուսանող դառնալով մեր դառնալը չի ավարտվում, և վերջ ի վերջո Ձեր նախարար լինելն էլ վերջնական գործընթաց չէ, Ձեր անձի զարգացումը ևս շարունակվելու է, ինչպես յուրաքանչյուր մարդունը:

-12 ամյա կրթական համակարգը դեռևս գործում է դպրոցներում, որը միանշանակ տարիների կորուստ է: Բացատրեմ ինչու. երեխաները հաճախում են դպրոց՝ փաստացի վերջին տարվա ընթացքում ոչինչ չանելով: Աշակերտները շարունակում են դիմել կրկնուսույցների, մինչդեռ դպրոցական ծրագիրն էր որ պետք է հիմք հանդիսանար համալսարան ընդունվելուն և դպրոց-բուհ ճանապարհին սատարեր աշակերտ-ուսանողին:
-Շարունակվում են կիրառվել շտեմարանները, որոնց անգիր անելու գործընթացը ուղղակի հանգեցնում է քառակուսի մտածելակերպի զարգացմանը: Դուք շտեմարաններով պարզապես սպանում եք ապագա մասնագետների ստեղծարար միտքը: Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ շատ աշակերտներ պարզապես անգիր են անում այն նախադասությունները, որոնցում, օրինակ փակագծեր են դրվելու կամ միջակետ: Անտրամաբանական եմ համարում այն առաջադրանքները, որոնցում պահանջվում է դասավորել բանաստեղծությունները ըստ տողերի քանակի: Այս շտեմարանների միջոցով որևէ կերպ ստուգու՞մ եք աշակերտների գիտելիքները կամ նրանց ստեղծարար միտքը, թե՞ ստուգում եք ով կարող է առավել լավ անգիր անել հանուն 0,25 միավոր ավել ստանալու:
-Ցավոք պետք է նշեմ, որ բուհերում նույն իրավիճակն է, նույն թեստային համակարգն է, որն ավելի դյուրին է դարձնում արտագրության գործընթացը: Նույն դասախոսները տարիներով իրենց դարակներում դրված և չթարմացված դասախոսություններն են կարդում, նույն սովետական մեթոդներն են կիրառվում: Կարծում եմ ուսանողներից շատերը կփաստեն պրակտիկայի պակասի մասին, որն ընդամենը մի քանի ամիս է կիրառվում, մինչդեռ չորս տարիների ընթացքում տրվում է միայն ու միայն տեսական գիտելիք: Ձեր ստեղծած համակարգը չի պատրաստում մասնագետներ, Ձեր ստեղծած համակարգը գանձում է օրեցոր ավելացող կրթության վարձ: Պետք է նշեմ, որ հենց այս տարի շատ ուսանողներ չունեցան պրակտիկա անցնելու հնարավորություն պայմանավորված պանդեմիայով: Բայց չէ՞ որ նրանց վարձավճարում ներառված էր պրակտիկայի վճարը: Որևէ կերպ պատրաստվու՞մ եք լրացնել բաց թողնված պրակտիկան:
-Ցավոտ հարցերից մեկը ներառական կրթության հարցն է: Ահռելի են վկայող փաստերը, որ ՀՀ-ն ձախողել ու ձախողում է ներառական կրթության ներդնումը ինչպես դպրոցներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Խնդրում եմ չշտապել նշել դպրոցներ, որոնք դուք ներառական եք համարում: Կա մեկ պարզ ճշմարտություն. երեխաներին չորս պատերի մեջ դնելը դեռ ներառական կրթության ներդնում չէ և ոչ էլ ներառական հասարակության ստեղծում: Այսօր ցավով եմ նշում, որ ոչ մի համալսարան ՀՀ-ում լիովին պատրաստ չէ ներառական կրթության անցման, ինչը Ձեր իսկ ղեկավարծ համակարգի անգործության և անհետևողականության արդյունքն է:
-Բազմաթիվ ուսանողներ դիմում են արտերկրում սովորելու համար, ինչպես նաև միջազգային ծրագրերի մասնակցելու, քանի որ մեր կրթական համակարգը չորս տարվա ընթացքում չի տալիս համապատասխան հմտություններ:
-Եվ վերջապես վերանայեք ընդունելության քննության անմիտ համակարգը: Անդադար նշում եք, որ առաջին հայտի գերակայություն է, ինչն էլ փորձում է նպաստել երեխաների մասնագիտական կողմնորոշմանը: Դուք իրո՞ք մտածում եք, որ աշակերտը կարող է հստակ մասնագիտական կողմնորոշում ունենալ: Եթե ունի, ապա այդ դեպքում թող լինի միայն մեկ հայտ նշելու հնարավորություն: Աշակերտների մասնագիտական չկողմնորոշվածության խնդիրը պայմանարված է Ձեր իսկ կողմից խեկավարվող կրթական համակարգի բացով: Շատ աշակերտներ գաղափար չունեն բուհից ու հաճախ անգամ բաժնից և այն առարկաներից, որոնք անցնելու են: Բուհն իրենց համար մութ թունել է, և իրենցից ոչ մեկի համար պարզ չէ, թե դա արդյոք այն թունելն է, որ իրենք ուզում են անցնել իրենց կյանքի չորս տարիների ընթացքում:
-Այսօր մեր կրթական համակարգը ՀՀ-ին և աշխարհին տարեկան տալիս է հարյուրավոր միջազգայնագետներ, ֆինանսիստներ, բայց արդյո՞ք այս մասնագետները զինված են բավարար գիտելիքներով և հմտություններով: Ես կպատասխանեմ Ձեր փոխարեն. միանշանակ ոչ: Քանի որ մեր կրթական համակարգը անվերջ լուծարք հանձնող և բավարար միավորներ ստացող ուսանողին թույլ է տալիս բուհ ավարտել, քանի որ նա վճարում է տարեկան օրինակ 500000 ՀՀ դրամ: Ավելին, Ձեր իսկ ղեկավարած կրթական համակարգում բուհ ընդունման նվազագույն շեմն անդադար իջնում է: 7.5 անցողիկ միավոր հավագած ուսանողն ընդունվում է ՀՊՏՀ-ի կառավարման բաժին (չէ որ նա վճարելու է 600000 ՀՀ դրամ), մինչդեռ 15 միավոր հավաքած դիմորդը դուրս է մնում մրցույթից: Դուք ուզում եք փաստել, որ զուտ պատահական նախընտրությամբ կառավարում ընտրած և անցողիկ շեմը մի կերպ հաղթահարած ուսանողը առավելություն ունի, որովհետև մասնագիտական կողմնորոշում ունի՞, թե՞ երջանիկ պատահականությամբ առաջին հայտով կառավարման բաժին է դիմել: Ստացվում է, որ Ձեր իսկ համակարգը ստորադասում է գիտելիքը երջանիկ պատահականությանը:

Շնորհակալություն:

Մարի Ադամյան