Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոսին

ԿՈՉ

Սրբազան Հա՛յր։

Որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Դուք ամեն ինչից վեր պարտավոր եք առաջնորդվել Աստվածային օրենքով, որը բոլոր իրավիճակներում՝ մարդկային թերահավատության կամ անհավատության հակառակ թելադրում է, որ սրբազան խորհուրդները և, հատկապես, Քրիստոսահաստատ մեղսաքավիչ Սուրբ Պատարագը և խոստովանությունը միշտ և անարգել մատչելի լինեն անխտիր բոլոր հավատացյալներին։ Համաճարակի ոչ մի վտանգ չի կարող զրկել Հայ Եկեղեցու հավատավոր զավակին աստվածային շնորհի խորհրդաբաշխ օրհնությունից։ Մեր եկեղեցիների դռները փակելու հրամանը կարող էր տալ միայն երկրի աշխարհիկ իշխանությունը։ Եկեղեցիների մուտքը կարող էր արգելափակվել միայն աշխարհիկ ոստիկանության ձեռամբ։ Դուք Ձեր ձեռքով դրանք չպետք է փակեիք։ Եկեղեցին երբեք այդ իրավունքը չուներ։ Դուք Աստվածային իրավունքի դեմ հանցանք եք գործել և Աստուծո դատի առջև ի թիվս այլնի պատասխան եք տալու նաև այդ կանոնազանցության համար։ Հիշեք նաև, որ այս օրերին, երբ Ձեր կանոնազանց հրամանով փակ են մեր Սուրբ Եկեղեցու տաճարների դռները, Արցախում հոգեորսությամբ զբաղվող բազում աղանդներ իրենց աղոթասրահներում շարունակում են անարգել հավաքներ կազմակերպել և մոլորություն սփռել։

Սրբազան Հա՛յր։ Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակ՝ խնդրում և պահանջում եմ, որ Ձեր կարգադրությամբ Արցախում հովվական ծառայություն իրականացնող բոլոր քահանաներին հանձնարարվի մատուցել բացօթյա Սուրբ Պատարագներ։ Դուք կարող եք մեկ֊երկու օրում անհրաժեշտ չափով պատվիրել և օծել դրա համար անհրաժեշտ վեմքարերը։ Մինչեւ Սուրբ Զատիկը Դուք կարող եք նաև մասամբ խուսափել հասարակության անհավատ հատվածի մեղադրանքներից, քանի որ Մեծ Պահքի օրերին հավատացյալներին Սուրբ Հաղորդությունը տրվում է միայն բացառիկ հոգևոր անհրաժեշտության դեպքում։ Դուք կարող եք խնդրել հավատացյալներին միմյանցից ողջամիտ տարածություն պահպանել և չգրկախառնվել Ողջույնի ժամանակ։ Բայց, խնդրում եմ, մի՛ զրկեք մեզ Տիրոջ փրկագործ Սուրբ Պատարագին ներկա լինելու շնորհից։

Խնդրանքիս ու պահանջիս հանդեպ Ձեր դրական հաճության սպասմամբ՝ գալիք կիրակի ես կգամ Տիրոջ տաճարի դուռը և խոնարհաբար կսպասեմ, որ այն բացվի իմ մեղավորիս առջև կամ բոլորս հնարավորություն ունենանք մասնակից լինել բացօթյա՝ վեմքարի վրա մատուցվելիք օրհնության կենսատու Պատարագին։

Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբոյ Աջոյն։
Խոնարհաբար՝ Мгер Погосян (Mher Poghosyan)։
Ստեփանակերտ, 25. 03. 2020 թ․