""

Մեծարգո պարոն Նախագահ,
27 տարի առաջ այս օրը հայրս՝ իր գաղափարական ու զինակից ընկերների հետ պայքարում էր հանուն անկախության: Պայքարում էր՝ բնավ չմտածելով, որ չլինելու դեպքում իր իսկ կյանքի գնով ձեռք բերված անկախ երկրում իր զավակների համար տարիներ շարունակ նորմալ ապրելու պայմաններ չեն ապահովի:
Չեմ կարծում՝ ողջ մնալու դեպքում թույլ տար, որ իր մարտական զոհված ընկերներից որևէ մեկի ընտանիքն այսպիսի խնդիրների առնչվի:
Հարգելի պարոն Սահակյան, այս նամակն այդպես էլ չուղարկված կմնար, եթե երկրում տիրող անարդարություններն օրըստօրե չավելանային: Ինձ համար երբևէ պատիվ չէր «զոհվածի ընտանիք» բառակապակցության շահարկումը: Մյուս կողմից՝ իմ աշխատանքը, այսպես կոչված՝ զբաղեցրած պետական (թեկուզ և փոքր տրամաչափի) պաշտոնը խոչընդոտ էր, որ հրապարակայնորեն ներկայացնեի այն բնակարանային պայմանները, որտեղ տարիներ շարունակ ապրել ու ապրում է մեր ընտանիքը. ոչ թե վախենում էի աշխատանքս կորցնել, այլ՝ ամոթ էր:
Այսօր, սակայն, տեսնելով ապահովված սպաներին, զինթոշակառուներին պետության կողմից բաշխվող բնակարանները, լռելու իրավունք չունեմ: Մանավանդ՝ ամոթն արդեն որևէ կատեգորիա չէ:
Շարունակեի լռել, հայրս ինձ չէր ների…
Մենք բազմիցս դիմել ենք պետական տարբեր մարմինների՝ բնակարանի հարցով, բայց մինչ օրս բնակվում ենք կիսավթարային մի բազմաբնակարանոց շենքի 39 ք.մ տարածքով 1 սենյականոց բնակարանում:
Ես նույնիսկ առաջարկով էի հանդես եկել՝ պետպաշտոնյաներին հրավիրելով մեր հարկի տակ, որ իրենց աչքով տեսնեն մեր բնակմակերեսի պայմանները, բայց այն, ինչպես և բազմաթիվ նամակներ, մնացել է անպատասխան:
Մենք պետությունից ու Ձեզնից չենք ուզում ոսկե սարեր, չենք ուզում դրամական անխնա հոսքեր տարբեր խողովակներից, տրամադրեք մեզ նորմալ պայմաններով, պահանջվող մակերեսով բնակարան, ես վստահ եմ, որ մեր պետպաշտոնյաներից որևէ մեկի ձեղնահարկը մեր լուցկու տուփի չափ չէ, որ բնակարան է կոչվում:
Հասկանալի պատճառներով ներքին հարդարումից, ճաքճքած պատերից ու իրարից հեռացող հենասյուներից լուսանկարներ չեմ հրապարակում, այլ՝ նամակիս կցում եմ բնակարանի հատակագիծը, որտեղ տարիներ շարունակ ապրել է զոհված ազատամարտիկի կինն իր՝ հակառակ սեռի 3 զավակների հետ:

Շնորհավոր բոլորիս անկախության օրը:
Հարգանքներով՝ Լիաննա Գագիկի Պետրոսյան
02 սեպտեմբերի, 2018թ.
ք. Հադրութ