Մայիսի 20-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի համայնքային կենտրոնի բացման արարողությունն էր, որին մասնակցում էին Մարտակերտի շրանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը , հրավիրվածներ հյուրեր: Այն կառուցվել է <Հայաստան> համահայկական հիմնադրամի եւ ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Նորակառույց շենքում տեղադրված կլինեն համայնքապետարանը, ակումբը, գրադարանը, բուժկետը եւ այլն: Արարողությանը ներկա էին նաեւ <Հայաստան> համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Արցախում Ֆրանսիայի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը, ԱՀ ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, ով նաեւ Կոճողոտ գյուղից է, Սփյուռքի մեր հայրենակիցները եւ այլոք: Համայնքայիին կենտրոնի բացման արարողությանը խոսք ասաց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ով խոսեց նման բարեգործական ծրագրերից, վերհիշեց ապրիլյան պատերազմը` խոսելով ենթակառուցվածքների նվիրված աշխատանքից, նաեւ իր շնորհակալությունը հայտնեց հիմնադրամին եւ կառավարությանը` բնակչությանը ուշադրության կենտրոնում պահելու համար: Իրենց խոսքն ասացին նաեւ Աժ պատգամավոր, համագյուղացի Արզիկ Մխիթարյանը, Կոճողոտի գ/համայնքի ղեկավար Լուսինե Ղալայանը, դպրոցի տնօրեն Կամո Հայրիյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին, նաեւ ԱՀ կառավարությանը եւ այն մարդկանց ու կառույցներին , ովքեր աջակցել են համայնքային կենտրոնի կառուցմանը: Խոսք ասաց նաեւ Միշել Տանկրեզը, այնուհետեւ նա համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից արժանացավ Կոճողոտի պատվավոր բնակչի կոչմանը: Միջոցառումը վարում էր Կոճողոտի դպրոցի տնօրեն Կամո Հայրիյանը: Դպրոցի աշակերտները հանդես եկան երգերով, պարերով եւ ասմունքով: Որից հետո տեղի ունեցավ նորակառույց շենքի օծման արարողությունը: Արարողակարգը կատարեցին Մայր աթոռ ՍԲ. Էջմիածնից Հայր Սուրբը եւ Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը:
Այնուհետեւ միջոցառումը շարունակեց անցկացնել Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը` շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի աջակցությամբ: Օրվա առիթով նաեւ սեղաններ էին պատրաստված` արցախյան ուտեստներով: Սփյուռքից եկած մեր հայրենակիցները եւս ճաշակեցին այն: Ողջունելի են <Հայաստան> համահայկական հիմնադրամի նման ծրագրերը, որոնք միտված են բնակավայրերի զարգացմանը եւ շենացմանը:

Հեղինակ` <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյան