Բանաստեղծությունների շարք Անահիտ Տիգրանյան

Ես կգամ, կգամ մթնշաղի հետ,
Երբ լուսնի ցոլքն է խաղում թփերում ,
Երբ սյուքը քնքուշ շրշյունը շուրթին
Ծաղկաբույլերն է հևքով գուրգուրում:
 
Հոգումս ամբարված կարոտի կանչով՝
Կգամ ես որպես մի տեսիլք անտես,
Թող մթնշաղը իր հոգեպարար
Մեղկ դյութանքներով վարագուրի մեզ:
 
 
Ես կգամ հուշի՜կ, թևի հետ հովի,
Անուշ նիրհիդ մեջ կգամ երազով,
Թող որ այս գիշեր մեր սերը օծի
Լիալուսինն իր արծաթե թասով:
 
Երկնուց աստղեր կփոխանակենք.
Թող որ այն լինի մեր սիրո նշան,
Գիշերամուտը բույլ հրավառվի,
Ու լիալուսինն օրհնի պահը այն:
 
Ես կգամ, կգամ որպես մի ուրու,
Որ քեզ հետ լինեմ, հավե՜րժ անբաժան,
Քեզանից հեռու ապրելը, հոգի՛ս,
Ապրել չէ, այլ լոկ՝ հոգեվարք դաժան:
Ա. Տ.
 
Ես առվակ էի մի խենթ,
Իմ ճամփան սար էր ու ձոր,
Երգս խոխոջ Էր գարնան,
Հոսքս՝ գիլ ու գլոր:
 
Վազում էի սարերն ի վեր,
Հոգ չէր, որ ոտաբոբիկ.
Երազն իմ երկինքոտ էր,
Հորիզոնն՝ այնքա՜ն մոտիկ:
 
Թևերս պարզած էի վազում,
Գրկում էի աշխարհն իմ գողտրիկ,
Ես՝ մի ծիլ աշխարհի գրկում,
Աշխարհս՝ արև ու երկինք:
 
 
Իմ արբունքի մեջ մանկութ՝
Աչքիս ամպ օրն էր անգամ լուրթ,
Կյանքը՝ յոթնագույն երազ,
Շուրջս՝ համակ սեր ու գութ:
 
 
Օրերի հակինթված շարան.
Գիշերամուտն՝ հեքիաթ տատի,
Հեքիաթում աստղեր էի հյուսում,
Կապում ոսկեհուռ գոտի:
 
 
Օրոցքում էի կախարդական,
Գլխիս տակ՝ խաբուսիկ մի բարձ.
Տեսիլքում փայտե ձիս կարմիր
Թև առել թռչում էր անսանձ…
 
Ես քնով ընկած՝ անցավ…
Թող այդպես քնով մնայի,
Չիմանայի, որ աշխարհում
կար Այսքա՜ն դառնությունու ցավ…
Ա. Տ.
 
Երբ ինձ հասկացա փոքր ինչ,
Հաղորդվեցի ես հողի հետ,
Աշխարհն իմ աչքով չափեցի.
Սար էր, ձոր, հանդ ու արահետ:
 
Ուրիշ էր աշխարհն իմ, ուրի՜շ,
Ուրիշ էին նաև մարդիկ,
Գյուղացու հոգսերը՝ հազար,
Թափածը՝ ծով քրտինք:
 
Բնության կանչին հլու՝
Պահը չէին կորցնում հեչ.
Հողն էլ իր աղերսն ուներ,
Հո չէի՞ն թողնելու ստերջ:
 
Օրն իրենց հետ զարթնում,
Իրենց հետ քուն էր մտնում,
Օրնիբուն էր գործը գյուղի,
Բանում էին, բայց չէր հատնում:
 
Վարում էին, ցանում, հնձում,
Ձեռքի հետ խսիր էին գործում,
Հացի հարցն իր տեղը ուներ.
Դեռ ծեգին էին խմորն հունցում:
 
Տանը՝ հավ, ճիվ, անասուն,
Ամեն օր կիթ էր ու թացան,
Ունեցած վառելիքն էլ, ասեմ՝
Ցախ էր, աթար ու ցան:
 
Մամիկները կավը հունցում,
Ծեփում էին կարաս ու կճուճ.
Գյուղում ամեն ինչ՝ հասարակ,
Ամեն ինչ՝ այնքա՜ն անպաճույճ:
 
Ձմեռ գար, օրը մթներ,
Բոլորվում էին թոնրի շուրթին,
Քուրսին էր սեղանը հացի,
Չէր ջոկվում էլ կուշտն ու անոթին:
 
Թե դրսից ներս մտնող լիներ,
Գյուղի բարիքն էր եղածը,
Եկող գնացողի հետ սրտանց
Կիսում էին մի պատառ հացը:
 
Գեղջուկ էին զուլալ ու բարի,
Օջախները՝ նիստ ու կացով,
Ու, թեև՝ ապրուստը չնչին,
Բայց՝ աչքը կուշտ ունեցածով: Ա. Տ.
""
Ընկաք…բայց ընկա՞ք…ո՜չ, դա ընկնել չէր. Այն մեծ ոստյուն էր, ցատկ էր առյուծի, Վիրավոր առյուծի ցասում էր այն, Որ վերածվել էր հրեղեն բոցի: Ձեր ահեղ զարկից աշխարհ սասանվեց. Դաշտում հրեշի լեշն էր դիվական. Իրենք՝ սպանդի մեջ արհեստավարժ, Դուք՝ ընդամենը տասնութ տարեկան: Ձեր երազներում գարուն էր ու սեր, Ձեր մտորումներում՝ դեռ լի հույսեր, Գիշեր էր, օձը իր սև գործին էր, Ա՜խ…ալ կակաչով լցվեց ցելը մեր: Գարուն էր.. ապրիլ… բայց ապրելու տեղ, Մայրերի արցունք ու համայն ցավ էր, Դարերով արդեն սրբացած հողը Ձեր արյամբ նորովի սրբացել էր: Ու դարձել կտակ, սրբազան պատգամ. Որ հողն, ուր թափվել է քաջաց արյուն, Խոսքերը այնքա՜ն դատարկ են հնչում. Հողն այն անգին է, այն չի սակարկվում: Ա. Տ.
 
Նորից հրացանը քո ուսին է
Ու բահը՝ ձեռքիդ.
Դու ես, քո կռիվն ու քո սուրբ հողը…
Վտանգը միշտ է եղել աչքիդ տակ,
 
Որ ոճիրների մեջ սանձազերծված,
Դեռ վաղու՜ց ի վեր
Դեմագոգ աշխարհի ,,դաբրոն,, առած
Անասնագողը՝ Նորից կփորձի արյունով հեղել՝
Հազարամյակների միջով անցած,
Քո իսկ քրտինքով հող դարձած հողը…
Ճակատագիրն է եղել մեր այդպես.
Եվ դրսից ինչքա՜ն են պառակտել
մեզ, Ժամանակի մեջ ինչքա՜ն ու ինչքա՜ն
Գետեր են հոսել…
Մի բան գիտեմ, որ ա՜խր մենք երբեք
Ոչ մեկի թանին թթու չենք ասել,
Ոչ մեկի աչքը չենք հանել տեղից
Կամ էլ վնասել,
Սեփական ցավի մեջ մեզնով վառվել,
Ուժ առել ու նորից վեր ենք հառնել,
Ինչու՞ ենք ոմանց աչքին փուշ դառել,
Եվ այն էլ՝ տեսե՛ք.
Շատ բացեիբաց,աչքից անթաքույց…
Իսկ գուցե իրոք, /Անկեղծորեն,
ես՝ ինքս էլ եմ արդեն Ճիշտ այդպես կարծում/
Նախանձի օ՞ձն է շատերի սրտում
Բույն դրել վաղուց,
Որ հայն իր ծագմամբ իր հողի վրա
Ազգ է հինավուրց… Ա. Տ.
 
Երբ նայում եմ վսեմաշուք
Բարձունքներիդ, Էլ ես ինչպե՞ս չհավատամ,
Որ դու մի օր առյուծի պես
Ոստնելու ես բարձունքն ի վեր…
 
Երբ նայում եմ քո դյուցազուն
Զավակներին, Էլ ես ինչպե՞ս չհավատամ,
Որ արծվենի քո ճախրանքով
Թևելու ես դեպ վեր ու վեր…
 
Երբ նայում եմ, ա՛զգ իմ,
Ոգու ահեղնագոչ քո թռիչքին,
Ա՜խր ինչպե՞ս չհավատամ,
Որ անպայման պիտի տեսնեմ
 
Վերածնված քո փառքը հին…
Հավատում եմ, Հավատում եմ,
Հավատու՜մ եմ քո սլացքին,
Հայկյան նետի ահեղ զարկին…
 
 
Սրտատրոփ ու անհամբեր
Սպասում եմ ես այդ օրվան.
Ամրակուռ եմ տեսնելու քո
Պատերը տան… Ա. Տ.
 
Եղա՞վ երբևէ,
Որ մենք ինքներս մեզ հարցում անեինք,
Թե ուսկի՞ց եկանք և ու՞ր ենք գնում,
Առա՞ջ ենք գնում, թե՞ …
 
տեղում կաղում,
Եվ ինչու՞, ինչու՞ շիկացած
խաչով Մի՜շտ մեզ են դաղում…
Ինչու՞ ենք այսքան մենք մանրացել,
 
Որ մեզ լցրել են մաղըն ու մաղում…
Ասե՛ք՝ երբևէ հարց տվե՞լ ենք մեզ,
Թե ինչու՞, ինչու՞ չենք միաբանվում,
Չէ՞ որ շարունակ իրար դեմ ելած,
 
Միայն ու միայն տանուլ ենք տալիս
Եվ ոչ թե շահում…
Փորձե՞լ ենք գտնել մեր մեղքի տուտը,
Էն հեռվում թողած մեր խիղճն ու գութը,
 
 
Առանց օձի պես շապիկ փոխելու՝
Իրարից տարբերել ճիշտն ու սուտը,
Զատել, դասդասել
Բազու՜մ ու բազու՜մ մեր սխալները…
 
Ավա՜ղ, ի՜նչ ասեմ…
Մեզ համար արդեն
դարե՜ր ու դարե՜ր
Խրատ չեն եղել անցած դասերը…
 
 
 
Անահիտ Տիգրանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *