Բագրատաշենում 20 տոննա բեռից ձևակերպված է ընդամենը 3 տոննան, այն էլ՝ այլ ապրանքի անվան տակ, որոնց մաքսային արժեքը գրեթե զրոյական է, այսօր «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Բագատաշենում առևտրականների բողոքին՝ ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ այս բոլորը հիմնավորված փաստեր են։

«Ձևակերպված է ռեզինի խողովակի և հագած շորերի անվան տակ, որոնց մաքսային արժեքը գրեթե զրոյական է, սրանք բոլորը հիմնավորված փաստեր են։ Նյութերի նախապատրաստման փուլում այդ ամենը հիմնավորվել է, փաստաթղթավորվել է, սաղ պատմությունն ամբողջ Բագրատաշենի դա է։ Անգամ մի քաղաքացի հայտարարություն է անում, որ «Սաշիկը դառել է ԱԱԾ, կամ ԱԱԾ-ն դառել ա Սաշիկ», տենց մի բան են ասում, ուզում եմ հարցնել՝ ինչ-որ մեկը բերե՞լ է իր գումարների 50 տոկոսն ի՞նձ է տվել. եթե տենց հայտարարություն կլինի, պատրաստ եմ գնամ պատասխանատվություն կրեմ, եթե մի հոգի կլինի այս երկրում, որն ինձ կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ և կբերի գոնե մեկ փաստ, չեմ ասում հիմնավոր փաստ, որ մի քիչ կարողանան հիմնավորել, ես անձամբ ինքս ինձ վրա քրեական գործ կհարուցեմ, կգնամ կնստեմ», — ասաց Վանեցյանը։

Բագրատաշենի մաքսակետում իրենց պատանդ համարող առևտրականները պնդում էին, թե իրենց համար անհասկանալի պատճառներով ապրանքն ու իրենց ապօրինի պահում են մաքսակետի անգարներում։

«250 կիլո ապրանք եմ բերել, չորրորդ օրն ա ստեղ եմ: Ռաստամոժկեն արել եմ, փողը մուծել եմ, ասում են՝ էս օրինական չի, պետք ա հատ-հատ քանդենք, նայենք ինչ ես բերել», — ասում էր առևտրականներից մեկը: