Ադրբեջանական կողմը դադարեցրել է անօդաչու սարքերի թռիչքը շփման գոտու երկայնքով մարտի 4-ից ՝Արցախի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի կործանումից հետո։

 

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ Hetk պարբերականի հետ հարցազրույցւոմ։

«Հնարավոր է՝ նրանք ուսումնական թռիչքներ են իրականացրել, բայց այդ միջադեպից հետո ոչ մի անօդաչու սարք չի խախտել մեր օդային տարածքը», — հայտնել է Մնացականյանը։

Չմանրամասնելով ORBITER անօդաչու սարքի ոչնչացումը՝ Մնացականյանը միայն նշել է, որ ոչ բոլոր բանակներում կարող են նման անօդաչու սարքը ոչնչացնել։ 

Խոսելով տեսախցիկների տեղադրման մասին՝ Լեւոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդը եւս նման տեսախցիկներ է տեղադրում՝ հիմնականում կենտրոնական ուղղությամբ։

 «Մենք նույնպես ձեռքներս ծալած չենք նստում։ Օրերս մեկ օրում երկու տեսախցիկ ենք ոչնչացրել։ Հակառակորդին դեռեւս չի հաջողվել ոչնչացնել մեր տեսախցիկներից ոչ մեկը», — նշել է գեներալը։

Artsakhpress.am