Արցախի հանրապետությանը պատի՞վ է բերում Մանվել Գրիգորյանի ՛՛Արցախի հերոս՛՛ կոչումը

""Եթե ճիշտ է, որ խուզարկությունը Մանվել Գրիգորյանի ՛՛օբյեկտներում՛՛ հայտնաբերել է նույնիսկ բանակ՝ զինվորներին ուղարկվող օգնությունը, ապա Մանվել Գրիգորյանին կարելի է նաև ՛՛բաց թողնել՛՛: Եթե այդ ամոթալի փաստը արդեն հաստատված է կամ հաստատվի, նշանակում է մեխանիկորեն կհաստատվի նաև Մանվելի մասին տարածված այն պատմությունը, որ նա ռազմի դաշտում վիրավոր զինվորներին իջեցնել էր տալիս մեքենայից՝ մեքենան իր գրաված նյութական բարիքներով բարձելու համար: Արցախի հերոս: Սա՞ է մեր ՛՛Արցախի հերոսը՛՛: Ինչ ամոթ, հերոսի չափանիշի, կերպարի ինչպիսի անվանարկում:
Եթե այդ ամոթալի, գերամոթալի, սովորական պարզ գրպանահատային գողության փաստը հաստատվի, ՀՀԿ-ի կողմից ստացված բոլոր մեդալակիր-շքանշանակիրները, ՛՛հայրենիքին մատուցած ծառայությունների համար՛՛ տարատեսակ պարգևատրություների արժանացածները սույն սովորական ավազակի հետ մի հարթությունում հայտնվելու պատճառով ընկնում են խիստ ծանր բարոյական վիճակի մեջ:

Համոզված եմ՝ Մանվել Գրիգորյանն ինքն իսկապես անմեղ է իր բարոյական սկզբունքների առաջ: Նա հո չգիտի, որ գրպանահատությունը, թալանը, կողոպուտը ամոթալի հանցանքներ են: Նա գիտի, որ հանցանքը դրանցում բռնվելն է: Եվ քանի դեռ չի բռնվել, կարող է շարունակել իր ավազակությունները: Եվ քանի դեռ չի ՛՛բռնվել՛՛, ինքը հերոս է: Հերոս թե մարդկանց առաջ, թե իր գողոնով չբռնվելու համար: Վկա՝ հենց վերջերս իր եղբորորդու հարսանիքին ներկա ողջ պատվավոր հյուրերի ցանկը՝ ՀՀԿ-ի ողջ ակտիվը: Հո չի՞ կարող մի ողջ քաղաքական կուսակցություն, որի երկաթյա ձեռքերում առնվազն 15 տարի գտնվում էր մեր երկրի կառավարումը, պատիվներ մատուցել սովորական գողին:

Եթե այդ ամոթալի փաստը արդեն հաստատված է կամ եթե հաստատվի, Ազգային ժողովում տարիներ շարունակ ծվարած և ՀՀԿ-ի պաշտպանության տակ ծաղկած այս գեներալը ՀՀԿ-ին լիովին վերադարձրած կլինի իր պաշտպանության բարոյական պարտքը՝ ՀՀԿ-ն իր բարոյական սկզբունքներին ու կերպարին հավասարեցրած լինելով: Բայց դե մյուս կողմից գիտենք, որ ՀՀԿ-ի գնահատականով զինվորից գողանալը ՛՛շանտղություն՛՛ է: Այդպես էր ասվում հազար դրամանոց բանակային հարկատեսակի ներդրման շրջանում: Մանվելի արածը հանցանք չի, շանտղություն է: Որքան գիտեմ՝ շանտղությունը օրենքով չի հետապնդվում: Բայց դե ՀՀԿ-ն միշտ հնարավորություն ունի հանգանակած միջոցներով կանգնեցնելու իր հերոսի մոնումենտալ հուշարձանը, հատուկ օր ընտրի և ամեն տարի այդ օրը, որպես շանտղության պաշտամունք, խնկարկի իր հերոս կուռքին:

Եվ վերջապես այս գեներալը կարող է իսկապես ազատ արձակվել՝ որպեսզի ազատ մարդկանց աշխարհում շարունակի ապրել, բայց արդեն իր էությանը համապատասխանող գողի ամոթալի խարանով: Որպեսզի ուր գնա՝ չպատվազրկվելու համար մարդիկ այդտեղից դուրս գան, որպեսզի իր ձեռքը ոչ ոք չսեղմի, որպեսզի երբ ինքը փողոցով անցնում է՝ մարդիկ անցնեն հակառակ մայթ և ամուր սեղմեն իրենց պայուսակները, որպեսզի Նոր տարուն իր տան դուռը շնորհավորանքի համար չբացվի, որպեսզի մարդիկ խուսափեն նրա ապրած տան հարևնությամբ բնակվել… Այսպիսին է գողերի ճակատագիրը, կամ, գոնե, այսպիսին պիտի լինի: Այսօրվա Հայաստանում առավել ևս՝ բանակագողի: Այսօր ԱԱԾ-ի առաջ Մանվելի ձերբակալության դեմ ՛՛գեներալը մերն ա՛՛ գոռացողներին նվեր պետք է տալ Մանվելին՝ միմյանց մի փոքր կմխիթարեն, մինչև ՛՛գեներալը մերն ա՛՛ գոռացողները տեսնեն, որ գեներալն այևս գեներալ չէ, Մանվելն այլևս ոչ միայն ամնեազոր չէ, այլև ինքն է պաշտպանություն փնտրում ՛՛գեներալը մերն ա՛՛ գոռացողների մոտ, և կհրաժարվեն գեներալ Մանվելից՝ մի նոր գեներալ փնտրելով: Ցավոք: Սրանք հենց իրենք են ստեղծում ՛՛գեներալներին՛՛:

Արցախի հանրապետությանը պատի՞վ է բերում Մանվել Գրիգորյանի ՛՛Արցախի հերոս՛՛ կոչումը:

Իր ՖԲ-ի էջում այս մասին գրել է՝ Հրանուշ Խառատյանը

facebook.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *