Այս զարմանալի երիտասարդի մասին ժամերով կարելի է խոսել. բարեկիրթ է, ազնիվ, շնորհալի ու բարետես, նախաձեռնող ու պատրաստակամ, համարձակ ու անզիջում: Որտեղ արվեստի շունչ կա`Վովան այնտեղ է`իր խելացի առաջարկություններով, գեղեցիկ ձեռնարկումներով և պայծառ էությամբ: Վովան մերթ խրոխտ ասմունքող է, մերթ` բանիմաց ազգագրագետ, մերթ հիանալի մոդելավորող է, մերթ էլ` ուղղակի ինքնատիպ բանաստեղծ, օրվա 24 ժամերին էլ`խիստ զբաղված: ՙՍտեփանակերտ՚ թերթին ևս թղթակցում է Վովան` իր բազմաշերտ ասելիքով: Հաղորդակից լինենք թեև շատ երիտասարդ, բայց և` բավարար չափով ճանաչված Վովայի նկրտումներին:Մեր ասելիքը սկսենք իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյի խորիմաստ բացահայտմամբ` ՙԲարձրագույն իմաստությունն ինքն իրեն ճանաչելն է՚: Իսկ ինքն իրեն ճանաչողը, անշուշտ, իր հնարավորությունները ևս կճանաչի` դրանք նպատակային կերպով ծառայեցնելու հանրությանը: Վովա Արթուրի Արզումանյանը ծնվել է 2003 թվականի փետրվարի 18-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Սովորել է Ճարտարի Արա Ավանեսյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում, իսկ այժմ ուսումը շարունակում է Ազատամարտիկների անվան հ.1 միջնակարգ /հոսքային/ դպրոցի 11-րդ ա դասարանի հումանիտար հոսքում: 2010-2017թթ. սովորել է Ճարտարի Արվեստի դպրոցի դաշնամուրի բաժնում: 2018 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունվարը ղեկավարել է Սուրբ Վարդան եկեղեցու ՙՎարդանի սերունդ՚ երիտասարդաց միությունը: 2019թ. փետրվարին լույս է տեսել նրա ՙՃերմակ կարոտ՚ բանաստեղծությունների առաջին ժողովածուն` նվիրված իր տատիկի` վաստակավոր բժիշկ Խալիսա Արզումանյանի վառ հիշատակին: 2019թ. մարտ ամսին հիմնադրել է ՙՎարդանանք՚ ամսաթերթը, որի գլխավոր խմբագիրն է: 2019թ. օգոստոսին ՙԱրմավ՚ հրատարակչության հետ համատեղ, հիմնադրել է ՙԳրական Արցախ՚ համահայկական պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է: Թղթակցում է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գործող տարանուն թերթերի ու ամսագրերի: Նաև մի շարք լրատվական, գրական և մշակութային կայքերի համակարգող է:Տարբեր տարիների պարգևատրվել է ԱՀ ԿԳՍ նախարարության դիպլոմներով, դրամական պարգևներով, ինչպես նաև Մարտունու շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի պատվոգրերով ու դրամական պարգևներով: 2019 թվականին նա առաջինն Արցախում դարձավ Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ` ԿՀԳՄ փոխնախագահ Աիդա Վերդիի երաշխավորությամբ: Մի շարք ստեղծագործական, կրթական մրցույթներում զբաղեցրել է առաջնակարգ տեղեր: Կամավորական աշխատանքների գործուն մասնակից է: Շուտով լույս կտեսնի նրա ՙԽաղաղությունն ու ես՚ բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրված է մեր հայրենիքի խաղաղության համար զոհված, ինչպես նաև մեր բոլոր կենդանի հերոսներին: Ընտանիքի միակ զավակն է (ծնողները 11 տարի հետո են ունեցել նրան): Տատիկն ասում էր. ՙհայրենիքի ծառերն էլ էին պարում, որ ծնվել ես՚: Կորոնավիրուսի պայմաններում` հեռավար կրթության առաջին իսկ օրվանից, կամավորության սկզբունքով համագործակցել է ԱՀ ԿԳՍ նախարարության, ինչպես նաև ՀՀ մի շարք կրթության փորձագետների հետ: Կազմակերպել է օնլայն վերապատրաստման դասընթաց Արցախի հանրակրթական դպրոցներում` լեզուներ (անգլերեն, ռուսերեն, հայոց) և գրականություն դասավանդող ուսուցիչների համար:Սիրում է ձեռքի աշխատանքներ պատրաստել, որը ներկայացնում է տարբեր փառատոններում: Նրա ստեղծագործական կյանքի հիմնաքարը Սուրբ Եղիշե վանքն է, որը գտնվում է հարազատ քաղաքի բարձունքում: Առաջին բանաստեղծությունը, որը գրել է չորրորդ դասարանում, հենց Եղիշե վանքի մասին էր: Նա մկրտվել է հենց այդ վանքում: Ահա’ բանաստեղծությունը. Աղոթում եմ ես քեզ համար, Աղոթում եմ ես անդադար Իմ սուրբ տաճար` Եղիշե վանք` Ճարտարցիներին միշտ պահապան: Մեր հավատի տուն, սիրո վահա’ն, Հողը հրեշտակներո’վ շրջապատեցիր, Անարգ թշնամուն հարված հասցրիր: Աղոթում եմ ես քեզ համար, Աղոթում եմ ես անդադար: Մանկական ամենավառ հիշողությունն է` իր տատիկը 7 տարի Եղիշե վանքում իր համար մատաղ է արել: Չափածոն Վովայի համար ավելի հոգեհարազատ է, բայց նաև արձակ ստեղծագործություններ է գրում` համոզված, որ իրական պատկերներ ներկայացնելն իր համար ավելի լավ է, քան` ինչ-որ բան հորինելը: Նրա արձակ գործերը նույնպես տպագրվում են մի շարք թերթերում ու ամսագրերում: Վերջին արձակ գործերը` ՙԱնվերնագիր երազագրություն՚ և ՙՑնդած ջրաներկ ու կոտրած գրիչ՚, մեծ արձագանք են ստացել, ինչի համար ուրախ է:-Ներկայացրել եմ միայն իմ երազը,-համեստորեն նշում է նա` անկեղծանալով. մի առավոտ արթնացա (2019թ. փետրվարն էր) և ինքս ինձ հարցրի, թե ի՞նչ ազգօգուտ գործ կարող եմ կատարել: Միանգամից մտքիս եկավ թերթ հիմնելու գաղափարը: Թերթը հիմնադրեցի, սակայն չէի ակնկալում ոչ մեկի օգնությունը: Հիմնադրման փաստն ուրախացրեց ՙՀայկական գյուղերի զարգացման հիմնադրամի՚ փոխտնօրեն Էդգար Վարդապետյանին, ով սիրով սկսեց հովանավորել մեր ՙՎարդանանք՚ թերթը և մինչ օրս էլ հովանավորում է: Շատ դժվարություններ են եղել ժամանակի ընթացքում, սակայն կարողացել ենք կայանալ, քանի որ Արցախի միակ հոգևոր տպա•իր մամուլն է ՙՎարդանանքը՚: Մեր թերթի խմբագրակազմը սկսեց նոր թափով աշխատել, քանի որ տարբեր կառույցների ու Հայաստանի մի շարք փորձագետների հետ սկսեցինք համագործակցել մշակույթի, կրթության ոլորտներում: Կարճ ժամանակում կարողացանք ձեռք բերել մեր ընթերցողներին` Արցախից, Հայաստանից և Սփյուռքից (նրանցից շատերն օնլայն տարբերակով են ծանոթանում թերթին): Շատ սիրում եմ իմ խմբագրակազմին: Շնորհալի անձինք ջանք ու եռանդ չեն խնայում որակյալ և օգտակար նյութեր պատրաստելու համար: Մենք նաև բոլորովին վերջերս սկսել ենք աղոթագրքեր տպագրել: Այդ աղոթագրքերն անվճար կբաժանենք մի շարք գյուղերում և կփորձենք հոգևոր կյանքն աշխուժացնել: ՙՎարդանանք՚ թերթը տարածվում է անվճար: Ապրիլյան պատերազմի մասին շատ բանաստեղծական շարքեր ունի Վովան: – Ես խաղաղությունը գունավոր եմ պատկերացնում,-խինդով նշում է զրուցակիցս` հավելելով` իմ ՙԳարնան վերջին մոհիկանը՚ շարքում ներկայացրել եմ խաղաղության իմ պատկերացումների մասին, նաև տողեր կան, որոնք ծնվել են լավագույն ընկերոջս` Բորիկ Բաղդասարյանի պատմած պատմությունները լսելուց հետո: ՈՒ այնուհետև, պատասխանում է տողերիս հեղինակի հարցին, թե ինչպես եղավ, որ ճանաչվեց…

– Անսպասելի էր, բայց այսօր իրականություն է դա, որի համար շատ ուրախ եմ: Ես անում եմ հնարավոր և անհնարին թվացող ամեն բան, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց: Օրինակ`օրեր առաջ սկսեցի բարբառով բանաստեղծություններ կարդալ: Տեսանյութը սոցիալական ցանցերում տեղադրելուց հետո այն մեծ տարածում գտավ` հավաքելով հազարավոր դիտումներ ու ստանալով գնահատող մեկնաբանություններ: Անասելի ուրախ էի, նաև` պարտավորված, որովհետև սիրում եմ, երբ ամեն գործ գեղեցիկ սկիզբ ու վերջաբան է ունենում: Պաշտում եմ իմ հայրենիքը: Այն ինձ համար սկսվում է օրորոցից, ձգվում` հայրենի բնաշխարհով, այնուհետև` սահմաններով, որտեղ մեր զինվորներն են մարտնչում թշնամու դեմ: Արյունով պահված ու սրբացված իմ հայրենիքի ծառան եմ ես: Պետք է շենացնենք, պահենք ու պահպանենք մեր հայրենիքը, քանի որ մեր տղաներն ընկան, որ մենք ապրենք,-համոզված է երիտասարդ բանաստեղծը: Վովայի անխախտ կարգախոսն է` երբեք չդավաճանել մարդկային սկզբունքներին, հաստատ մնալ դավանանքի մեջ ու բարությունը վեր դասել ամեն ինչից: Սիրում է կյանքը, ատում` կեղծիքը: Միշտ պայքարում է կեղծիքի, մարդկային այն տեսակների դեմ, որոնց հասարակության փուչ զանգված կարելի է համարել: Վաստակաշատ ուսուցիչ Թովիկ Հայրապետյանը Վովա Արզումանյանի մասին բանաստեղծություն է գրել. Գարնանահասակ, Լիրիկ պատանի, Թո’ղ կյանքիդ ուղին քեզ բարձունք տանի: Բանաստեղծական հոգիդ միշտ պեղես, Ընտրած ճիշտ ճամփադ Երբե՜ք չշեղես: Երգես Բերդասարը, Մեր սուրբ Եղիշեն, Սերունդները քեզ Սիրո’վ կհիշեն, Լավերի շարքում քեզ է’լ կնշեն: Երգիդ աղբյուրը քո սրտի’ց հորդի, Ճարտար քաղաքի նվիրյա’լ որդի, Մարդիկ քեզ կոչե’ն, Տնկած շիվերդ` Առողջ բողբոջե’ն, Առուներդ միշտ զուլալ խոխոջե’ն, Անսպա’ռ հոսեն, Քո հանդեպ միշտ էլ Ջերմ ու լա’վ խոսեն … Երգերիդ մաղթենք միշտ բարի ծնունդ, Մեզ համար դառնան հոգևոր սնունդ: Հրաշքով բուժեն Մարդկանց վերքերը, Ոնց բժշկուհի տատիդ ձեռքերը: Պոեզիան դառնա քո գոյամա’րտը, Ծփա’, ալիքվի’ քո դաշտը, արտը: … Ու նաև մաղթե°նք, Եր•ով է°լ հաղթենք … Կրկին քո ճամփան Լինի լուսահորդ, Ծաղկաբույր, կանաչ, Դառնան աշխարհին, Բոլորին` ճանաչ: Ամեն մի տողդ Դառնա սեր, երդում, Եվ միշտ էլ լինես Մեծերի երթում …Նաև մի շարք գրականագետներ Վովայի ստեղծագործությունների մասին գրախոսականներ են գրել, որտեղ պատանու պարզ ու ինքնատիպ ստեղծագործությունների ընդհանուր նկարագրության վերլուծությունն է: Հաճելի և հետաքրքիր նախասիրություններ ունի Վովան `ասմունք, դիզայն, խոհանոց (շատ համեղ տորթեր է թխում, ճաշեր պատրաստում):
Ընտանիքի դերը մեծ է Վովայի կայացման գործում: Շնորհակալ է իր ընտանիքին` մեծ հոգով, քիչ քանակով: Բնակվում են ինքը, մայրը, հայրը, հորաքույրը: 2018 թվականին հրաժեշտ տվեցին սիրելի տատիկին: Սակայն ամեն անգամ սեղան գցելու ժամանակ, երբ ինքն է ափսեները շարում` 5 հատ է շարում` չուզենալով հավատալ, որ տատն արդեն չկա:
– Ատամհատիկիս ժամանակ վերցրել եմ հոգևոր գրականություն: Երևի սա ինչ-որ բան հուշում էր,-նշում է Վովան`ավելացնելով` տատիկիս նվիրումն աշխատանքին մեծ դաս էր ինձ համար: ՈՒ նա գրել է.
Տա’տ, ասա’, որտե՞ղ ,
Որտե±ղ քեզ փնտրեմ,
Եվ ասա’, ի՞նչ դեղ
Այս ցավին ընտրեմ:
*
Ինձ չասե’ք` նա չկա,
Տատս կա’նչ է գնացել, կգա’…
– Մինչև օրս փնտրում եմ տատիկիս հետքերը, բացում եմ նրա նոթատետրերը, պայուսակը, որ ես էի նվիրել մասնագիտական տոնի առթիվ ու կարծես շունչ եմ առնում… նրա շունչն եմ փնտրում ճնշում չափելու սարքի, օծանելիքի բույրի մեջ, որը շատ էր սիրում: Տատս չէր սիրում շպարվել, բայց երբ արդեն 80-ն անց էր, ասաց` մի դիմափոշի’ եմ ուզում: Եվ գնեց: Ինքն էլ էր զարմացել, որ կյանքում դիմահարդարմամբ չի զբաղվել, բայց սիրտը դիմափոշի ուզեց: Մի երկու անգամ թեթև քսեց: Հետո թե` էս ի՞նչ կանեն, է՜:
Նա կյանքը սիրում էր, ես էլ եմ սիրում: Իր աշխատանքի նվիրյալն էր: Ջահան Լալայանը նրա մասին գրել է. ՙբժիշկ Արզումանյանը կենդանի ռենտգեն է՚:
Վովայի համոզմամբ, ՙԳրական Արցախը՚ հո•եպես կսատարի Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող երիտասարդներին և նրանց ձայնը լսելի կդառնա բարձր հարթակներում:
– Հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում միաբան է եղել: Մեր նախնիները բոլոր հաղթանակները կռել են իրար նեցուկ լինելով: Ճիշտ է, դժվարություններ եղել են ամսագիրը հրատարակելու ժամանակ, բայց իմ նպատակը եղել է սա` տեսնել այն, ինչ ուզում էի, որ լինի: Տեսնել նոր ՙԳրական Արցախը՚, բացահայտել նոր տաղանդավոր դեմքերի, հոգեբանորեն հարստանալ նրանց գրած ստեղծագործություններով,-նշեց Վովա Արզումանյանը` հավելելով` ՙԳրական Արցախ՚ ամսագրի առաջին համարի գինեձոնի արարողության պատիվը տրվել է քամանչահար Հակոբ Խալաթյանին և երգիչ -երգահան Ռաշիդ Բաբայանին: Առաջին համարի շնորհանդեսը կայացել է Ամարաս վանական համալիրում:
Տեղեկացնենք, որ ՙԳրական Արցախ՚ ամսագիրը (այժմ` պարբերական ), հիմնադրվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին: Հիմնադիրներ են հանդիսանում երիտասարդ գրող Վովա Արզումանյանը և ՙԱրմավ՚ հրատարակչությունը: Այն գրանցված է ՀՀ Ազգային գրադարանում, տպագիր տարբերակները պահպանվում են այնտեղ, իսկ էլեկտրոնային տարբերակները` նույն գրադարանի կայքում (tert.nla.am)… Այդ պարբերականում տպա•րվում են գրողներ` աշխարհի տարբեր ծայրերից: Բազմազան է տպագրվող նյութերի թեմատիկան` բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, գրականագիտական հոդվածներ, հարցազրույցներ: Պարբերականը հասցրել է սեր վայելել ընթերցողների կողմից, որին իրենց մասնագիտական աջակցությունն են ցուցաբերում անվանի գրողներ, գրականագետներ, մշակույթի և կրթության գործիչներ: Խմբագրությունը գտնվում է Ճարտար քաղաքում:Եվ այսպես, ամեն ոք կյանքում ունենում է հնարավորություն` առանձնահատուկ ինչ-որ բան անելու, որը միայն իրեն է հատուկ` համապատասխան իր կարողություններին և մտավոր ներուժին, և Վովան այն շնորհալիներից է, ով կարողանում է ստեղծագործաբար արարել և իրեն դրսևորել վերոնշյալ ասպարեզներում: ՙԵրջանկությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելու կարողությունը՚ ` ճշմարիտ է ասված, և դա այնքա՜ն խոսուն է մեր հերոսի պարագայում: -Ապրածդ կյանքը լավագույն դաս է` ինքդ քեզ կենսագրելու համար,-յուրովի փիլիսոփայում է պատանի բանաստեղծը` կրակոտ աչքերում` լուսեղեն ցոլքեր: Դեռևս մատղաշ` նա կարողանում է հասուն կյանքի բանաձևը ձևակերպել` խոստումնալի՜ց սկիզբ է: Որպես գեղեցիկ արարումների շարունակություն` մեջբերենք ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ռասել Լոուելի խոսքը` ՙՃակատագիրը սիրում է համարձակներին՚: Համարձակ բանաստեղծ Վովա Արզումանյանն արարում է` իր ստեղծագործ ճանապարհին ներդաշնակ գույներ սփռելով: Նա համառորեն փորձում է բացահայտել գեղեցիկի և բարձրարժեք խոսքի առեղծվածը: Աստեղային ճանապարհ ու բարի երթ մաղթենք նրան…

ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր