Արմենը դիրքի ավագն էր և ջոկի հրամանատարը

Ասում են հայ մայրերը որդիապաշտ են և դա ճշմարտություն է․․․Ո՜չ ես դա թերություն չեմ համարում, ինքս էլ այդպիսին եմ․․․Ազգային առանձնահատկություն է՝ բնորոշ հայ մայրերին․․․ 

Արմենիս ծնունդն իսկական հրաշք էր մեր գերդաստանում։Տղաս դարձավ իմ աշխարհի կենտրոնը․․Պայծառ երեխա էր, փարթամ, 
գեղեցկադեմ ։Մեծանում էր ջերմ ու հոգատար մթնոլորտում։Դեռ մանկուց լավ էր նկարում՝հատկապես խաչեր՝գունազարդ,գեղեցիկ խաչեր,քանդակում էր նաև փայտի վրա՝կրկին ու կրկին խաչեր ,կենաց ծառ․․․Նրա այդ անսահման սերը դեպի խաչը,կենաց ծառը խորիմաստ էր․․․Մի դեպքում մարդասիրության խորհրդանիշն է,մյուս դեպքում՝ընտանիքի,գերդաստանի խորհուրդը․․․Խաչ ուներ դաջված նաև կրծքին․․․ 
Հայրենիք․․․Այն սկիզբ է առնում հայրական տնից,հարազատ բակից,դպրոցական նստարանից․․․ 
Այսօր իմ տղան հանգչում է փառքի պանթեոնում՝եռաբլուրում,բոլոր այն 
քաջազունների կողքին,ովքեր սեփական արյամբ են գծել հայրենիքի սահմանները․․․ 
Երբևէ լսե՞լ եք դիրքապահ զինվորների երդումը մարտական հերթափոխից առաջ․․․<<Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը երդվում եմ պահել անձնվիրաբար․․․Պատրաստ եմ կրելու հարենիքի զինվորի հավերժական կոչումը․․․>>։ 
Ակամա հիշում եմ մեր պետական հիմնի վերջին քառատողը․ 
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մեկ անգամ պիտ մեռնի,
Բայց երանի,որ յուր ազգի
Ազատության կմեռնի․․․ 
Սուրբ գրքում ասվում է․<<Չկա ավելի մեծ սեր,քան այն,որ մեկն իր կյանքը կտա ուրիշի համար․․․>>․․․Դժվարանում եմ այլևս շարունակել․․․բայց․․․Անհավատալի է․ 18-20 տարեկան տղաներն այնտեղ՝խրամատում միանգամից մեծանում են,կյանքն ընկալում են այլ աչքերով,հասուն մտքերով․․․Այդպես էր նաև Արմենի մոտ ։Հիշում եմ ծառայակից ընկերների հուշերից․<<Վախենում եմ անիմաստ մեռնելուց․․․>> ․մի անգամ ասել է Արմենը և դարձյալ մեջբերեմ մեծն Նժդեհի ասույթներից․
<<Հերոսը,ճշմարիտ հերոսը ճանաչում է մի հատիկ վախ՝<<փոքրիկ մահով>> մեռնելու վախը>>։ 
Մեկ այլ անգամ Արմենին հարցրել են,թե ինչու՞ է պահում դիրքը և նա վստահ պատասխանել է․<<Այն երեխայի համար,որն այս պահին քնած է և կարևոր չէ ,թե այդ երեխան որտեղ է քնած՝Մարտակերտու՞մ,թե՞ Երևանում․․․>>։ 
Արմենը դիրքի ավագն էր և ջոկի հրամանատարը։Իր առջև դրված առաջադրանքները կատարում էր հստակ,մեծ պատասխանատվությամբ,միշտ արդար էր և ուշադիր իր զինվորների հանդեպ,ոգեշնչում էր,սիրտ տալիս նաև պահանջում ,որ զգոն լինեն։
Երազում էր դիրքում մատուռ կառուցելու մասին ,որ տղաներով աղոթեն․․․Այսօր հայրն իրականացրել է որդուս երազանքը ,մի փոքրիկ ու հպարտ խաչքար կա կանգնած դիրքում ,ճիշտ այն տեղում ,որտեղ նահատակվեց որդիս․․․Իսկ ընկերներն իրենց ձեռքերով մատուռ են կառուցել դիրքում․․․Զորամասում վեր է խոյանում Արմենի հուշաքարը,որն ուշագրավ է իր արդեն թևավոր դարձած խոսքերով․<<Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են․․․>>։ 
Այն չարաբաստիկ օրը՝2014թ․հունվարի 19-ի,լույս 20-ի գիշերը Արմենն իրականացրեց իր երկրային առաքելությունը՝ նժարելով սեփական կյանքն ու հայրենիքի պատիվը․․․Արմենը կենդանի վահան դառնալով ՝անհավասար մարտի բռնվեց թշնամու մի քանի անգամ գերազանցող հատուկջոկատայինների հետ,նահատակվեց իբրև հերոս՝փրկելով ծառայակից ընկերների կյանքը ․․․և բոլորիս․․․նա ընտրեց անմահության ճանապարհը․․․Արմենն այլևս հավերժի ճամփորդ է․․․

ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Armday՝ Ազգային Հերոսամարտիկներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *