Արմենակ Ուրֆանյան Նվիրյալները — հերոսապատում

 -Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են: 

Վերջին անգամ ապրիլմեկյան այս կատակով մոր հետ խոսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Ժամեր անց Ուրֆանյանն ու իր անձնակազմը պետք է մարտի բռնվեին հակառակորդի հետ: 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում: 

Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հետո, գիտակցելով մոտալուտ վտանգը, արդեն վիրավոր կապիտանը վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին ու հանձն առավ սեփական կյանքի գնով թշնամու առջեւ փակել Մարտակերտի «դուռը»: 

«Զորացրվեց ու տուն եկավ՝ որպես հերոս՝ հետմահու պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով ու հավերժ մնալով բանակի տղեն. երբ ասում էի՝ «Տղես, անհանգիստ եմ», խիստ ձայնով ուղղում էր ինձ՝ «Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ, անհանգստանալու կարիք չկա»»,- պատմում է Ուրֆանյանի մայրը՝ կուլ տալիս խոր ցավով ու հպարտությամբ լցված արցունքներն ու հավելում. «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: Արմենը շատ պատրաստված էր, ու շատ լավ զինվորներ ուներ»:

Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել։ 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր։ Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Արմենակ Ուրֆանյանը 2007 թվականից ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հասնելով կապիտանի կոչման։ Եղել է հրաձգային վաշտի հրամանատար։

Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։[1]

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *