Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով պարտության էր մատնել թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին: Այնուհետև քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 9:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենովին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Եզրափակիչ գոտեմարտում 28-ամյա հայ ըմբիշի մրցակիցը Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին էր, որը ևս առանձնապես լուրջ դիմադրություն ցույց չտվեց։ Արդյունքում «ճերմակ արջը» հաղթանակ տարավ 7:1 հաշվով:

Ինչպես արդեն նշեցինք, Արթուր Ալեքսանյանը իր կարիերայում 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ նա նման հաջողության հասել էր նաև 2012-2014 և 2018 թվականներին: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի (2014, 2015, 2017) և Օլիմպիական խաղերի (2016) չեմպիոն է:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ։ Արթուր Ալեքսանյանից բացի Եվրոպայի չեմպիոն էր հռչակվելօր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը բարձել էին բրոնզե մեդալակիր։