ԱՐԱՐԱՏԻ ՊԵՍ ԱՆՀԱՇՏ

Ժամանակակից ամերիկաբնակ հայ բանաստեղծ Դանիել Դավթի հոգեկերտվածքի շաղախը նախատարրերն են՝ օդը, ջուրը, կրակը և հողը, գոյի եղելության առասպելները, աստվածայինը և Սուրբ Երրորդությունը: Նրա պոեզիան մեղվափեթակ է հիշեցնում, որտեղ ամեն մի մեղու ունի իր անելիքը: Հզոր բառերի պարսը դուրս է թռչում բառափեթակից և սփռվում տիեզերքով մեկ՝ յուրաքանչյուրն իր նեկտարի ծաղիկն ունի՝ ինքնաճանաչում, մաքրագործող ջուր, հաղորդություն հայ գրի անբասիր գեղեցկությանը, արդարության օրհնաբանում աստղային ոսկեփոշով, ոգու աղբյուրի խտացումից ծնված մեղրախորժ պտուղ, նորոգված բանաստեղծական վարք ու հոգեթով երգի փառապանծ ծաղիկ, որը նման է Բրաբիոն ծաղկին և նրան հասնելու համար բառապարսի ուղեծիրը փոփոխվում է հազար անգամ, նեկտարաշաղվում երկնամերձ մտածողության գաղտնակողերից ու ծնում զարմանաշռայլ մտքի թռիչքներ՝ հողից մինչև աստղ, քարից մինչև միջնադարյան շարականի խորիմաստը, հայրենիքից մինչև համայնի սթափողությունն ու պատասխանատվությունը տիեզերքի ոգու առաջ… Բառերը վերադարձի թռիչքապահին մաքրագործված, հղիացած են արդեն և քերթվածքը թռնեթիռ է ծնվում՝ բառերը և՛ տեղում են, և՛ տիեզերքի ցանկացած կետում, նրանց միջև և՛ բարձրահույզ լռությունն է, և՛ աղմկահարույց հարցերի պատասխաններն ակնկալելու փորձն է, որպեսզի չսասանվի փոխադարձ ձգողության հավաստիքը: Բառ — մեղուների գլխավոր նպատակն է՝ կենդանի պահել Մայր մեղվին, որի անունը՝ Պոեզիա է — իսկական, համաստեղությունների հոգեբխմամբ, ծովի, օվկիանի վերամբարձ տոնայնությամբ, մարդկայինն ու տմարդությունը տեսած հայացքի արտացոլմամբ: Դանիել Դավիթն իր պոեզիայի աշխարհում լողում է երկրային ջրերից դեպի երկնածովերը — իրենն են՝ սահմանն ու անդրսահմանը, կբացվեն խեցիներն ու մարգարիտներ շաղ կտան, հայրենիքի ցավը կբուժվի խիզախ զինվորի անձնազոհությամբ, կանաչ ճյուղ բերող թռչունը կբանակցի կյանքի հետ. նրանից կորզելով խոստման գանձանակը և անանուն թովչանքները կոչնչացնեն աշխարհի եղեռնագործներին, որ նրանց սև գործը չկրկնվի այլևս: Գիր արարելու բացառիկ շնորհը տրված է բացառիկներին, որոնցից մեկն էլ Դանիել Դավիթն է և նրա մաքառման կամքի շնորհիվ արարվում են այն մետաֆորները, որոնք դառնում են բանաստեղծության հոգին, իսկ հոգուն արդեն հեշտ է մարմին հագցնել, քանզի կատարելությունը բառամեղուների թևերի բերած հարահոս նեկտարով ներս է թափանցում, անդրադարձվում յոթնագույն լույսի պես բոլոր անկյուններում ու հիշողության ընդհանրացումում կրում բանաստեղծության ճակատագիրը: Բանաստեղծի տագնապը մարդու որդիների համար չի ընդհատվում, այլ երկրի քաղաքներից երևակվում է երկնքի քաղաքների հայելիներում՝ մտավախությունը — Նոյի ճանապարհի կրկնությունն է, մարդկային հոգու խաթար վիճակը, որը տանում է գրի անզորությանը՝ անգամ համաշխարհային գրի համատեքստում: Նոյի առաջին քայլերից սկսվող ցավը, երբ իր Քամ որդին ծիծաղեց իրեն մերկ տեսնելով, շարունակվում է. դառնալով հայրենիքի ցավ բանաստեղծի փնտրտուքներում ու վերածվում համատիեզերական ցավի — հանուն ընդհանուրի:Շրջասույթներով լեցուն նախադասությունները ավելի սուր և խորհրդավոր են դարձնում բոլոր տեսլական բացահայտումները: ՈՒժ և արիություն տուր, Երկի՛ր իմ, որ կտրեմ ջութակի թռչող լարերը, որ գտնեմ վերածնվող օրրանս ու մեր տան խաչերկաթը — մի ձեռք մութի մեջ… Չհաշտվող մեր Արարատի պես,- ասում է բանաստեղծը ու ինքն էլ չի հաշտվում աշխարհով մեկ սփռված պանդուխտների ներկայի հետ, ինքն էլ նույնանում է Արարատին՝ հանց հայրենի երկրի կարոտախտով տառապող տարագիր և քաղաքակիրթ մարդու տեսակից պահանջում պաշտպանել Աստծո արարչանքը: Ես — Հող, Ես — Ջուր, Ես — Առասպել… Նրա գրում ներկա են տարվա բոլոր օրերը, երկնային մարմինները, երկրի բոլոր մայրցամաքները՝ ներառյալ հոգու մայրցամաքը, ապա շքերթում են խորհրդանիշերը ու նրանց հետ՝ միջանցիկ քամին, լռության անձրևը, սպասող լեռը, մարդասպան անապատը, ընթացքի առագաստը, ծարավ ծառը և ինքն է ներկա՝ որպես նոր Նոյյան տապան Արարատի գագաթին ճայթող, բայց կա վախը.<< Չկա ապահով արգանդ, որ մանուկներ ծնի թարմության>>,բայց ինքը հենց տուն է՝ ծնվող երեխաների ճիչից: Սեփական կեցության առաքելությունը տարածում է նաև հայկական գեն ունեցողների վրա, որպեսզի մարմնավորվի իր երազը, հակասությունները փորձում է հարթեցնել հոգեկրթությամբ և կարծես թե ամեն ինչ սկսվում է պտտվել մարդու հոգեկիրթ լինելու շուրջ — բացահայտելով բանաստեղծի իրազեկության սահմանը, որը նրա մտքաթռիչքներում՝ անսահման է: Մտածելակերպը հղկված է լույսի տարափով, ինքնաճանաչումը ամրագրված է հոգու խորհրդանիշերին, անհանգստությունը, մտահոգությունը գլոբալ են և առինքնող: Բանաստեղծի ընդվզումը հանուն ճշմարտության և արդարության է , հետևապես՝ արդարացված ու ազնիվ պահանջատիրական: Աշխարհազգացողության փիլիսոփայությունը ողջախոհության տիրույթում է և բանաստեղծի հույսի առագաստը լողում է դեպի իր երազած ապագան ու Դանիել Դավիթն ապրում է՝ որպես գրի բացառիկ նվիրյալ:

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ բանաստեղծ է,աթեիստ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *