ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ

ԴԵՏԵԿՏԻՎ
————–
ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ
– Արամ, կրկնում եմ, ես այս ֆաբրիկայի 51% բաժնետերն եմ և կտրուկ դեմ եմ գործարանը վաճառելուն, այն էլ օտարերկրացիներին։ Այո, դժվարություններ կան, խնդիրներ ունենք, բայց դրանք հաղթահարելի են։ Ես համոզված եմ, որ գնելուց հետո, նրանք կփակեն ֆաբրիկան, շենքը կօգտագործեն այլ նպատակների համար, ի՞նչ պետք է անեն, ու՞ր են գնալու այսքան աշխատողներն ու բանվորները։ Այնպես որ՝ փակենք այս խոսակցությունը, ես գործարանը չեմ վաճառում,- իր խոսքն ավարտեց Հարություն Պետրոսյանը։
– Բայց դու մտածիր, թե աշխատողների եկող ամսվա աշխատավարձն ինչպե՞ս ես վճարելու,- չէր հանձնվում մյուս բաժնետեր Արամ Ներսիսյանը,- Հարութ, քարը փեշիցդ թափիր, լավ առաջարկ է, ֆաբրիկային լավ գին են տալիս, ուրիշ անգամ դժվար թե այսպիսի հաճախորդ ունենանք, ֆաբրիկան հեռանկար չունի։
Երբ Արամը դուրս եկավ, Հարություն Պետրոսյանը իր մոտ կանչեց գործավարուհուն։
– Հասմիկ ջան, վերցրու այս թղթապանակը, այստեղ ֆաբրիկայի սեփականության անձնագիրն է և էլի մի քանի շատ կարևոր թղթեր։ Թաքցրու թղթապանակը, տար ձեր տուն, թող ոչ ոք ոչինչ չիմանա սրա մասին։ Կտաս հորդ, նա գիտի՝ ինչպես պահել,- մի պահ լռեց, հիշեց անկողնային հիվանդ դասընկերոջն ու շարունակեց,- պա՞րզ է, հասկացա՞ր, բացարձակապես՝ ոչ ոք, բացի մեր երկուսից։
– Պարզ է, հասկացա, Հարութ հորեղբայր։
Աղջիկը վերցրեց թղթապանակը, դուրս եկավ, այն տեղավորեց ցելոֆոնե տոպրակի մեջ, աշխատանքից հետո իր հետ տուն տարավ, հանձնեց հորը։
Արամ Ներսիսյանը իր աշխատասենյակ մտավ ու հեռախոսահամար հավաքեց։
– Ալլո, Սուրիկ, Հարութը չի համաձայնվում, կտրուկ հրաժարվում է, հարկավոր է ուրիշ բան մտածել։
– Դե, լավով չի համաձայնվում, ուրիշ կերպ կվարվենք, երեկոյան արի մեր տեղը, կխոսենք,- ասաց Սուրիկն ու հեռախոսը անջատեց։
Երկու օր անց, Հարություն Պետրոսյանի ընդունարանում էին հավաքվել մարզկենտրոնի կարի ֆաբրիկայի մի քանի աշխատողներ։
– Լավ, Հասմիկ, այդ ինչպե՞ս է, որ իր բացակայելու մասին Պետրոսյանը նույնիսկ քեզ տեղյակ չի պահել,- զարմացած դիմում էին նրանք գործավարուհուն։
Բոլորի հայացքներն ուղղվեցին ընդունարան մտնող Արամին։
– Այս ինչու՞ եք խառնվել իրար, մարդը ֆաբրիկայի գործերով շատ շտապ երևի ինչ-որ տեղ է մեկնել, ի՞նչ կա, դե, կներեք, որ բոլորիդ հատ-հատ տեղյակ չի պահել,- զայրալից տոնով հավաքվածներին դիմեց նա ու դարձավ գործավարուհուն,- Հասմիկ, դուռը բա՞ց է, ինձ շտապ պետք է այնտեղից մի գրություն վերցնել,- ու մտավ Պետրոսյանի աշխատասենյակ։
Քիչ անց այնտեղից դուրս եկավ, մտահոգ նորից դիմեց գործավարուհուն։
– Հասմիկ, դու տեղյակ չե՞ս, Պետրոսյանը որտե՞ղ է պահում ֆաբրիկայի սեփականության անձնագիրն ու մյուս փաստաթղթերը։
Գործավարուհին ուսերը վեր քաշեց։
– Ես ոչինչից տեղյակ չեմ, նա ինձ ոչինչ չի ասել։
Աղջիկը զգաց, որ պատասխանը ավելի մտահոգեց Արամին։
Երեկոյան կողմ, Արամը նորից մտավ Պետրոսյանի աշխատասենյակ, երկար մնաց այնտեղ, բայց նորից մտահոգ ու դատարկաձեռն դուրս եկավ։ Երբ Հասմիկը այդ բոլորի մասին տանը պատմեց հորը, հայրը անհանգստացավ։
– Հարութը փորձանքի մեջ է, հարկավոր է շտապ տեղյակ պահել ոստիկանությանը։
․․․
Մարզային վարչության համայնքային ոստիկանության տեղամասային բաժանմունքի երիտասարդ տեսուչ, լեյտենանտ Վրեժ Գևորգյանը նստեց իր անձնական ավտոմեքենան, ուղղություն վերցրեց իրեն ամրացված հարևան Արևագալ գյուղը, որտեղից ահազանգ էր ստացվել, թե գիշերն անծանոթ, առանց համարանիշի ավտոմեքենա է գյուղում պտտվել։ Իսկ քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ արդեն երկրորդ օրն է, անհետացել է մարզկենտրոնի կարի ֆաբրիկայի տնօրեն Հարություն Պետրոսյանը։ Տեղամասային տեսուչը դեպի Արևագալ գնացող մարզկենտրոնի կանգառում նկատեց իր համադասարանցի Ծովիկին։
– Ծով, այս ու՞ր։
– Գյուղ,- ձեռքը Արևագալի կողմը պարզեց աղջիկը,- գյուղի դերձակի մոտ շոր եմ կարել տվել, տատս զանգեց,այսօրվա համար դերձակը կանչել է՝ շորը փորձելու։ Ժամանակ ունե՞ս, կարո՞ղ ես հասցնել։
– Նստիր,- իսկույն կողմնորոշվեց Վրեժն ու մեքենայի դուռը բացեց։
Լավ առիթ է, Ծովիկի տատու տանն էլ կհետաքրքրվի գյուղի անցուդարձից, գիշերվա առանց համարանիշի մեքենայով։
– Ասում ես, այդ ի՞նչ դերձակ է, որ մեր քաղաքը թողած, գյուղի շոր կարողի մոտ ես գնում,- հետաքրքրվեց Վրեժը։
– Վայ, Վրեժ ջան, շատ հարմար դերձակ է, էս քաղաքի կեսը գնում, իր մոտ են շոր կարել տալիս։ Նախ, որ կտորների մեծ տեսականի ունի, կարծես կտորի խանութ մտած լինես, մի սենյակում թոփերով այնքան տարբեր կտորներ կան դարսած, կարողանում ես քո ճաշակով մի բան ընտրել, էլ չես ընկնում խանութները, հետո՝ բավական մատչելի գնով է կարում, մերոնց էլ հարևան է։ Հա, էդ շոր կարող Սաթիկի մեծ տղան էլ էստեղի կարի ֆաբրիկայում ինչ-որ վարորդ է, էժան գնով է էդ կտորները առնում, բերում, շուտասելուկի նման ասաց աղջիկը։
Տեղամասային տեսուչը լարվեց․ ֆաբրիկայի տնօրենն անհետացել է, դերձակի տղան էլ այդ ֆաբրիկայում վարորդ է, տունն էլ լիքը, թոփերով կտոր կա, ինչպես խանութում։
Հասան գյուղ։ Ծովիկի տատու երկհարկանի տունը գյուղի համարյա ծայրին էր։ Գեղեցիկ գյուղ էր։ Ինչպես Արարատյան դաշտի մյուս գյուղերը, այստեղ էլ տները թաղված էին այգիների մեջ, գյուղը հատկապես հայտնի էր իր Դեմիրճյան սորտի խնձորով։
Քեռու տանը նրանց դիմավորեց Ծովիկի տատը՝ մի առույգ ու պինդ, տարիքով կին, որ ժամանակին հողի լավ աշխատավոր էր եղել։
– Եկեք, ներս մտեք, երեխեք ջան, տատը ձեր ջանին մեռնի։ Դուք մտեք ներս, ես հիմա կոֆե դնեմ, բերեմ,- հետո դարձավ թոռանը,- Ծով ջան, էս քո դասարանցի Վրեժն ա, չէ՞, ձեր հարևան Ասոյի տղեն։
– Հա, տատ ջան, ինքն է, խնդրեցի, բերեց։
– Դե, մտեք, մտեք ներս, հեսա կոֆեն բերեմ, նոր տեսնենք՝ ինչ կա-չկա, հետո կգնաս Սաթիկի մոտ։
Ծովիկն ու Վրեժը, զարմանալով տատի հիշողության վրա, ներս գնացին, իսկ տատը թեքվեց պատշգամբից, որ խոհանոց մտնի։
Հանկարծ տատի աչքն ընկավ հարևանի կիսակառույց ամառանոցի կողմը, ուր իր տասներկու տարեկան թոռ Վաչիկը կռացել էր, տան նկուղից դուրս եկող նեղ, կլոր անցքով ներս էր նայում։ Բայց հենց նույն պահին էլ, տատը տեսավ, որ հարևանի բակ մտավ շոր կարող Սաթիկի տղան ու բռունցքը թափահարելով, սպառնալով ու հայհոյելով վազեց թոռան՝ Վաչիկի կողմը։ Տատը հյուրերին էլ մոռացավ, կոֆեն էլ, երիտասարդի թեթևությամբ, ձեռքը սպառնալի առաջ տնկած, իջավ աստիճաններից ու վազեց դեպի կիսակառույցի բակը։ Հասավ այն պահին, երբ շոր կարող Սաթիկի տղան թոռանը տակը դրած, երկու ձեռքերով կոկորդից խեղդում էր։ Մի պահ տատի սիրտը կանգնեց, բայց հաջորդ պահին շուրջը նայեց, տեսավ ծառին հենած բահը։ Բահը վերցրեց ու որքան ուժ ուներ, թափով խփեց թոռան վրա կռացած տղայի գլխին։ Տղայի անշունչ մարմինը փռվեց գետնին։
– Գետինը մտնես դու, գետինը, աչքերդ բռնի էն հացը, որ իմ ձեռից կերել ես, էս ինչ ես անում,- բղավեց նա Սաթիկի տղայի հասցեին, հետո կռացավ թոռան կողմը,- Վաչիկ ջան, բալա ջան, էդ անասունը քեզնից ի՞նչ էր ուզում։
Երեխան ուշքի էր եկել, բայց դողացնում, չէր կարողանում խոսել։
Տատի աչքն հանկարծ ընկավ Սաթիկի տղայի մեկնված մարմնին։
– Վայ, էս ի՞նչ էղավ, էս ի՞նչ արեցի, էս լակոտը կարողա՞ մեռավ։
Նույն պահին, տեսնելով, որ տատն ուշանում է, Ծովիկը դուրս եկավ պատշգամբ ու լսեց տատի բղավոցը։
– Հա-վա՜ր, ժողովուրդ, հասե՛ք, Սաթիկի տղուն սպանեցի։
– Վրեժ, արի,- ձայնեց Ծովիկն ու աստիճաններով ցած սլացավ։
– Տատ, ձենդ կտրի, հանգստացի,- տեղ հասնելով, լացող տատի բերանը ձեռքով փակեց աղջիկը։
Վրեժը մոտեցավ, շոշափեց մեկնված տղայի զարկերակն ու դարձավ տատին։
– Տատ, հանգստացիր, տղան չի մեռել, ուղղակի ուշաթափվել է։
– Հա՞,- միանգամից ձայնը կտրեց տատն ու շուռ եկավ թոռան կողմը,- Վաչիկ ջան, բալա ջան, դու ո՞նց ես։
Հետո դարձավ Վրեժին ու Ծովիկին․
– Այ բալամ, էն տեսա, որ էս ջանավարը էրեխուն դրե տակը, վզից խեղդում էր, բահը վերցրի ու տվի գլխին։
Վրեժը մոտեցավ երեխային։
– Վաչիկ ջան, հանգստացիր, միայն ասա, ի՞նչ էր պատահել, ինչու՞ էր այս տղան քեզ խեղդում։
– Դե՛,- սնքրտալով սկսեց պատմել երեխան,- ես պադվալի էն ծակից մարդու ձեն լսեցի, մեկը գոռում էր՝ օգնեցեք, կռացա, որ տենայի, ո՞վ էր, էդ պահին էլ Սաթիկի տղեն հասավ, դրեց տակը, սկսեց խեղդել։
Վրեժը զգաստացավ, արագ թողեց երեխային, մոտեցավ մեկնված տղային, քանի դեռ վերջինս ուշքի չէր եկել, շատ արագ մարմինը շուռ տվեց, երկու թևերը հետ ոլորեց ու գրպանից հանած ձեռնաշղթաները հագցրեց դաստակներին։
Հետո մոտեցավ Վաչիկի ցույց տված անցքին, որը նկուղի օդափոխման համար էր բաց թողնված։ Անցքը շատ փոքր էր, ոչինչ չէր երևում, կռացավ, բերանը մոտեցրեց անցքին ու ձայն տվեց․
– Մարդ կա՞ այդտեղ։
Հարցը կրկնեց երկու անգամ։
– Օգնեցեք,- լսվեց նկուղից։
– Ո՞վ եք, ինչպե՞ս եք հայտնվել այդտեղ։
– Կարի ֆաբրիկայի տնօրենն եմ, Հարություն Պետրոսյանն եմ։ Անծանոթ մարդիկ երկու օր առաջ առևանգել են ինձ, այս գիշեր այստեղ բերեցին, գլխիս տոպրակ էր հագցված, չգիտեմ՝ ովքե՞ր էին, ու՞ր են բերել։
– Լավ, Հարություն Պետրոսյան, Ձեզ հետ խոսում է համայնքային ոստիկանության տեղամասային տեսուչը, հանգստացեք, սպասեք, շուտով Ձեզ դուրս կբերենք այդտեղից։
– Տատ, Ծով, ձայններդ կտրեք, ինձ լսեք։
Վրեժի խոսքի տոնից տատն ու Ծովիկը հասկացան, որ գործը լուրջ է։
– Հիմա սրան անձայն տանում ենք տուն։
Սաթիկի տղային գլխին իջած բահի հարվածից մի կերպ ուշքի բերեցին։
Վրեժը նայեց այս ու այն կողմ, հանկարծ տատուն ասաց․
– Տատ, ապա մի էդ գլխիդ լաչակը հանիր, տուր։
Տատը սուս ու փուս լաչակը հանեց։ Վրեժը լաչակով կապեց Սաթիկի տղայի բերանը, որ չկարողանա բղավել ու հրամայեց։
– Առաջ անցիր։
Սաթիկի տղային բերեցին տատու տուն, փակեցին ներքնահարկում։ Վրեժը տղայի գրպանից ինչ-որ բանալի հանեց։
– Սա էն նկուղի բանալի՞ն է։
Տղան անորոշ գլխով արեց։
Տեղամասային տեսուչը գնաց ու մի տասը րոպեից վերադարձավ կիսակառույց ամառանոցում փակված, կարի ֆաբրիկայի տնօրեն Հարություն Պետրոսյանի հետ, որը հազիվ էր կանգնում ոտքի վրա։
– Տատ ջան, Ծով ջան, այս մարդուն կերակրեք, թող սենյակում հանգստանա, մինչև ես գամ։ Բոլորիդ արգելում եմ տանից դուրս գալ, ուշադիր եղեք, որ Վաչիկն էլ դուրս չգա։ Պատշգամբ էլ դուրս չգաք, ոչ մեկի հետ ոչինչ չխոսեք, մինչև ես գամ,- հետո դիմեց տատին,- տատ, Սաթիկի տղայի պահպանությունը քեզ եմ հանձնում, գլխից մազ չպակասի, ես շատ շուտ կգամ։
– Էղավ, տղա ջան,- մեջքը ուղղեց, զգաստ կեցվածք ընդունեց տատը, հետո գնաց բոստանի քաղհանի երկարպոչ թագուջակը բերեց, դրեց կողքին, աթոռն էլ դրեց Սաթիկի տղային ներքնահարկում փակած դռան դեմն ու հանդիսավոր նստեց վրան։
– Վրեժ, շուտ կգաս, չէ՞։
– Իհարկե, շատ շուտ,- ասաց տեսուչն ու նստեց մեքենան։
Մի պահ մտածեց՝ ի՞նչ անել, հետո հանեց հեռախոսը, հավաքեց Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի հեռախոսահամարը։
– Պարոն մայոր, տեղամասային տեսուչ Վրեժ Գևորգյանն է։
Մանրամասն նկարագրեց գիշերվա առանց համարանիշի մեքենայի մասին ինֆորմացիայի հետևից գալը, Ծովիկին դերձակի մոտ բերելը, տատի տուն մտնելն ու Հարություն Պետրոսյանին գտնելու, դուրս բերելու բոլոր մանրամասները։
– Լեյտենանտ Գևորգյան, ոչ մի ինքնագործունեության այլևս չդիմես։ Դուրս արի գյուղից, մայրուղու խաչմերուկում սպասիր, օպերատիվ խմբի հետ գալիս եմ։
Մայրուղու գյուղ մտնող խաչմերուկում օպերատիվ խմբի տղաները տեղափոխվեցին Վրեժ Գևորգյանի ավտոմեքենան, որպեսզի ոստիկանական մեքենան գյուղում ուշադրություն չգրավեր։
Ծովիկի տատի բակ մտնելուց հետո, Վրեժը արագ ծածկեց լայն դարպասները։ Աշխատանքից արդեն վերադարձել էին նաև Ծովիկի քեռին ու կինը։
Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ՝ մայոր Պողոսյանը նախ զրուցեց առևանգված Հարություն Պետրոսյանի հետ։
– Միայն այն կարող եմ ասել, որ վերջերս արտասահմանցի ինչ-որ մարդիկ սկսել էին հետաքրքրվել ֆաբրիկայով, ցանկանում էին գնել այն։ Իմ գործընկեր, մյուս բաժնետերը ինձ համոզում էր՝ համաձայնել նրանց առաջարկած գնին ու վաճառել ֆաբրիկան, բայց ես դեմ էի։ Երկու օր առաջ, ֆաբրիկայից ուշ ժամի դուրս գալիս, մոտեցան երկու անծանոթներ, ասացին, որ զրուցելու բան ունեն, առաջարկեցին մոտենալ իրենց ավտոմեքենային։ Գնացինք, ավտոմեքենայի մոտ գլխիս հարված զգացի, ուշքի եկա մի մութ տեղում, երևի մեկ օր այդտեղ մնալուց հետո, անցած գիշերը ինձ տեղափոխեցին այստեղ, այս անգամ գլխիս տոպրակ էին հագցրել, ոչ ոքի չեմ տեսել, ոչ էլ գտնվելուս վայրն եմ իմացել։
Մայոր Պողոսյանը իջավ ներքնահարկ, ուր դեռ աթոռին նստած, իր գերյալին էր հսկում Ծովիկի տատը։
– Բարև, մայրիկ ջան։
– Աստծո բարին, բալա ջան։ Դու՞ ես մեծավորը։
– Հա, մայրիկ ջան, ես եմ, կարելի՞ է քեզ մի քանի հարց տալ։
– Բա ո՞նց, բալա ջան, արի էստեղ նստի, հարցերդ տուր,- կողքի աթոռը ցույց տվեց տատը։
– Մայրիկ ջան, էս տղան, որ հիմա փակել եք ձեր նկուղում, ո՞վ է, ճանաչու՞մ ես։
– Վայ, բա ո՞նց չեմ ճանաչում, բալա ջան, մեր ներքևի հարևան, շոր կարող Սաթիկի պուճուր տղեն ա,- տատը ձեռը պարզեց Սաթիկենց տան ուղղությամբ,- Սաթիկի մարդը մեռած ա, Սաթիկն էլ մեր գյուղապետ Սամոյի քուրն ա։ Իրանք լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, համա, որ էս քյորփա էրեխուն դրե տակը, խեղդում էր, իմ աչքով տեսա, բալա ջան, ես դրա դիվանը պիտի անեմ,- ասելիքը վերջացրեց տատն ու նորից զգաստ նստեց։
– Մայրիկ ջան, իսկ այդ շոր կարող Սաթիկի մեծ տղան ի՞նչ է անում։
– Սաթիկի մեծ տղեն էլ աշխատող, ստեղծող, բերող տղա ա,- ասածից գոհ տեսք ընդունեց տատը,- էդ սաղ տունն իրա ուսերին ա, ինքը կրում, բերում ա, մերն էլ կարում ա, ապրում են։ Հեչ պակաս բան էլ չունեն։
– Պարզ է,- մտահոգ ասաց մայորը,- մայրիկ ջան, շատ շնորհակալ եմ։ Հիմա, խնդրում եմ, դուռը բաց արա, էդ տղային տեսնեմ։
․․․․
Մայոր Պողոսյանը լեյտենանտ Վրեժ Գևորգյանի հետ մոտեցան ծառի ստվերում նստոտած օպերատիվ խմբի տղաներին։
– Ուրեմն՝ այսպես,- խմբին դիմեց մայորը,- լեյտենանտ Գևորգյան, քո ինքնագործունեության մասին բաժանմունքում դեռ կխոսենք, իսկ հիմա, շատ զգույշ ֆաբրիկայի տնօրենին նորից հետ ես տանում, փակում կիսակառույցի նկուղում, դուք՝ երկուսդ,- մայորը մատնացույց արեց երկու օպերատիվ ծառայողների,- դարանակալում եք կիսակառույցի կողքի մոշի թփերում, մենք այստեղից կհետևենք։ Նրանք ուր որէ, անպայման կգան։
Հետո կապվեց ոստիկանության իրենց բաժանմունք, խնդրեց, որ մի օպերատիվ խումբ հերթապահի գյուղ մտնող խաչմերուկում։
Երեկո էր, ուր որէ, կմթներ։ Մեծ թթենու վրայի իր դիտակետից օպերատիվ խմբի տղաներից մեկը հայտնեց․
– Պարոն մայոր, երկու ավտոմեքենա են այս կողմ գալիս։
Ավտոմեքենաները հասան կիսակառույց ամառանոցի բաց բակն ու կանգնեցին։ Առաջին մեքենայից իջան երկու երիտասարդներ, գնացին կիսակառույցի կողմը, իջան ներքնահարկ։ Երկրորդ մեքենայի մեջ գտնվող երեք տղամարդիկ մնացին իրենց տեղում։
Մայոր Պողոսյանը ազդանշան ուղարկեց գյուղ մտնող ճանապարհին իր կանչին սպասող օպերատիվ խմբին, ապա դարձավ կողքին գտնվող մյուսներին, որոնց միացել էր նաև Ծովիկի քեռին։
Մի քանի րոպե անց, ներքնահարկից դուրս եկան երկու երիտասարդները՝ թևանցուկ աչքերը կապած Հարություն Պետրոսյանին։ Նույն պահին էլ մոշի թփերի հետևում դարանակալած օպերատիվ խմբի տղաները դուրս թռան, իսկ երկրորդ մեքենայի մեջ գտնվողները չհասցրեցին հասկանալ, թե ինչպես հայտնվեցին զինված ոստիկանների շրջապատման մեջ։ Օգնության հասած լրացուցիչ խմբի ծառայողները բաց արեցին երկրորդ մեքենայի դուռը, ներսում եղածներին դուրս քաշեցին։
Առևանգող երիտասարդներից ազատված կարի ֆաբրիկայի տնօրենը մոտեցավ մեքենայից դուրս հանված, դաստակներին ձեռնաշղթաներ հագցրած տղամարդկանց։
– Արամ, դու՞, բայց ինչու՞,- տեսնելով գործընկերոջը՝ զարմացած բացականչեց Հարություն Պետրոսյանը։
– Հարութ, Հարութ ջան, ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին, ահաբեկեցին, ես այլ ելք չունեի,- լացակումած բացականչեց կարի ֆաբրիկայի մյուս սեփականատեր Արամ Ներսիսյանը։
Հարություն Պետրոսյանը զզվանքով շուռ տվեց գլուխն ու անցավ։
․․․
Իրենց տան պատշգամբում հավաքված տատը, Ծովիկը, քեռու կինն ու երեխաները շունչները պահած հետևում էին ոստիկանների անձայն, վարժ ու արագ գործողություններին։Արդեն հանգիստ շունչ քաշեցին, երբ կալանավորված Արամ Ներսիսյանին, կարի ֆաբրիկայի վարորդ՝ դերձակ Սաթիկի մեծ ու փոքր տղաներին, մյուս անծանոթներին ոստիկանական մեքենայով ճանապարհելուց հետո, մայոր Պողոսյանը, լեյտենանտ Գևորգյանի հետ մտան իրենց բակ ու բարձրացան տան երկրորդ հարկի պատշգամբը։ Մայորը մոտեցավ տատին։
– Մայրիկ ջան, մեր՝ մարզային ոստիկանության կողմից խորին շնորհակալություն հանցագործության բացահայտմանը աջակցելու համար,- հետո դարձավ տատի կողքին կանգնած Վաչիկին,- քեզ նույնպես շնորհակալություն, տղա ջան, հանցագործության իսկական բացահայտողը դու ես եղել,- ծիծաղեց մայորն ու շոյեց տղայի գլուխը,- հը՞, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։
– Ոստիկան,- հպարտ պատասխանեց տղան։
– Մեռնեմ քո ոստիկան ջանին,- գորովանքով թոռանը փաթաթվեց տատը։
Մելանյա ՊետրոսյանցՄելանյա Պետրոսյանց

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *