Արցախում է 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան, ով տարիներ շարունակ գործունեություն է իրականացնում Սուդանի Նուբա լեռներում: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ որպես Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած ավելի քան 750.000 բնակիչների համար միակ վիրաբույժ:

Թոմ Քաթինան Արցախում է կնոջ և «Ավրորայի» թիմի հետ: Նրանք հունիսի 6-ին եղել են Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, իսկ հունիսի 7-ին այցելել են Ստեփանակերտի բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողնական կենտրոն, այնուհետև ԱրՊՀ, որտեղ մասնակցել են շրջանավարտների համար կազմակերպված միջոցառմանը, իսկ մագիստրատուրական կրթությունը գերազանցությամբ ավարտածներին անձամբ Թոմ Քաթինան է հանձնել դիպլոմները:

Թոմ Քաթինան նշել է, որ անցած տարի Հայաստանում գտնված ժամանակ, շատ է լսել Արցախի մասին և շատ ուրախ է, որ վերջապես ժամանել է. «Շատ նմանություններ կան Արցախի և Նուբայի միջև, քանի որ երկուսն էլ գտնվում են պատերազմական գոտում: Նուբան շրջապատված է Սուդանի հեղափոխական ուժերի կողմից, Նուբայի ժողովուրդը երկար տարիներ պայքարում է իր անկախության համար: Այս նմանությունները պետք է խանդավառի, ոգևորի մեզ շարունակելու պայքարը»:

«Եթե դու անկախություն ես ուզում, ապա որևէ մեկը քեզ չպետք է իր կամքը թելադրի, այլ պետք է ողջունի այլ քայլը և թողնի քո խնդիրների հետ, նույնիսկ եթե շատ աղքատ երկրի մասին է խոսքը: Ամեն դեպքում պետք է կամք, վճռականություն լինի քեզ քո խիդիրների հետ միայնակ թողնելու, որ դու ինքդ լուծումներ կգտնես»,- ասել է Թոմ Կատինան՝ պատասխանելով Արցախի չճանաչվածության և դրա հետևանքով մի շարք իրավունքներից օգտվելու սահմանափակության մասին «Ապառաժ»-ի հարցին:

Հայտնի բժիշկը շատ տպավորված է Արցախով և ընդհանրապես չի մտահոգվում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու համար, ընդհակառակը երջանիկ է ագրեսոր երկիր չայցելելու համար:

Նա նաև նշել է, որ Նուբան օգնության կարիք ունի, ունի շատ խնդիրներ, ուստի առաջարկել է առաջիկայում հնարավորության դեպքում այցելել և օգնել այնտեղի ժողովրդին:

aparaj.am