""Երեւանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ավարտվեց Ավրորա մրցանակաբաշխության եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառումը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով, մասնավորապես, նշեց. «Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրում ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Գնահատելի է, որ մարդիկ ներդրում են կատարում հումանիզմի ոլորտում: Հիշենք, որ մեզ հետ էլ այդպես են վարվել 100 տարի առաջ աշխարհի տարբեր երկրներում՝ ապաստան  ու օգնություն տալով ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Այսօր ձգտում ենք վերադարձել այն, ինչ ստացել ենք 100 տարի առաջ:

Հայաստանը վարում է հետեւողական պայքար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար: Բնավ պատահական չէ, որ Հայաստանը պատրաստ է եւ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որոնք մնացին անպատասխան: Բնավ պատահական չէ, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցան խոշոր փոփոխություններ խաղաղ մթնոլորտում»,-ընդգծեց նախագահը:

Այնուհետեւ ցուցադրվեցին մարդասիրությանն ու մարդկային հումանիզմին նվիրված տեսանյութեր: Ելույթ ունեցավ «Ավրորա-2018»-ի դափնեկիր Չո Լա Աունը: Այնուհետեւ դասական երաժշտության համերգ կայացավ, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր միջոցառմանը նվիրված տեսանյութերով:

Միջոցառման ավարտին հայտարարեց. «2019 թվականի «Ավրորա» մրցանակի թեկնածությունների ժամկետը պաշտոնապես մեկնարկում է»:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 10-ի վաղ առավոտյան, ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։

Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

norlur.am