""

Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի շաբաթը ընդունված է անվանել Ավագ Շաբաթ, այն ընկած է Ծաղկազարդի կիրակիից մինչև Զատկվա կիրակին: Հետևաբար, Ավագ Շաբաթվա հինգշաբթին անվանում են Ավագ Հինգշաբթի, այդ օրը Տեր Հիսուսին ձերբակալեցին, իսկ ուրբաթ օրն էլ խաչեցին, այսինքն՝ Ավագ Ուրբաթը խաչելության օրն է…  

Դաժան կտտանքներից հետո Նրան խաչեցին: Հիսուսին այդ ժամանակ բոլորը լքեցին: Աշակերտները փախան, Ժամանակի կրոնականները դավ նյութեցին, իշխանությունները ծաղրեցին ու մահապատժի ենթարկեցին, խաչակից ընկերները ծաղրով ու հայհոյանքով դիմավորեցին, որոնցից մեկը, որոշ ժամանակ անց, դրախտի ճամփան բռնեց: Այդ դրախտի ճանփան բռնած նախկին ավազակը միակն էր, որ իր սկսնակ, բայց մեծ հավատով քաջալերեց Հիսուսին՝ տեսնելով իրենց մահից հետո Հիսուսի թագավորությունը: Բայց դրանից հետո կատարվեց ամենասարսափելին, Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ լքեցիր»: Միթե՞ սա չափից ավելի լքվածություն չէր: Հիսուսն արդար էր, սուրբ էր, մեղք չուներ, Աստծո կամքն էր կատարում, Հայրը սիրում էր Նրան: Նա միայն բարիք գործեց, բայց զպարտվեց, դավադրությամբ պատժվեց և լքվեց նաև Աստծո կողմից: Ինչու՞ Աստված լքեց Նրան: Միայն մի բան կարող էր Նրան Աստծուց հեռացներ՝ մեղքը: Բայց Հիսուսը սուրբ էր, մեղք չուներ, սակայն Նա մեր մեղքերն էր Իր վրա վերցրել: Երևելի և աներևույթ աշխարհներում չկար Նրա նման սուրբ ու անմեղ մեկը, ով կկարողանար իր վրա վերցնել մեր մեղքերը: Մեր մեղքերի պատճառով պատիժ կրեց, որպեսզի Իրեն հավատացողներին ազատի հավիտենական պատժից: Ի՜նչ մեծ զոհաբերություն, ի՜նչ մեծ սեր, նույնիսկ խաչի վրայից Նա դիմեց Աստծուն Իրեն խաչողների համար ասելով. «Հայր, ներիր դրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»: Միայն Աստծո Որդին կարող էր սա կատարել: Այս դեպքերին ականատես հռոմեացի հարյուրապետը, որն իր զինվորներով ի կատար էր ածում մահվան վճիռը, վկայեց. «Ճշմարիտ է, որ Նա Աստծո Որդին էր»: Այո, «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որը աշխարհը դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի» (Հովհաննես 3:16-17;):

Աղոթք՝ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ իմ փոխարեն մեռնելու համար, Քո մեծ սիրո համար: Քեզանով ես մեղքերիս թողություն, փրկություն և հավիտենական կյանք ստացա: Փափագս է ապրել լոկ Քեզ համար: Վեր.  Դ.Թորոսյան