Կարո Վարդանյանի` օրերս լույս տեսած «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն» գիրքը իրավամբ պետք է համարվի մեր ժամանակների հերոսապատումը, քանի որ լույս է սփռում 1970-80-ականներին ամբողջ աշխարհը ցնցած ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության վրա: Այն ներկայացնում է հեղինակի և՛ երկարամյա պրպտումները, և՛ նրան հանդիպած նվիրյալներից մեկի բարդ ու հետաքրքիր կյանքը, որը գիրքը դարձնում է հավաստի ու զարմանալի մանրամասներով լի մի տարեգրություն:
Լավագույնն այն է, որ հավաստիությամբ հանդերձ, գիրքը չի դառնում զուտ քրոնիկոն: Արագ զարգացող պատումի շնորհիվ այն ընթերցողին պահում է լարված սպասման մեջ, որովհետև ամեն քայլափոխի նոր բացահայտումներ է անում թե՛ պայթյուններով աշխարհը ցնցած դեպքերի, թե՛ հերոսների աներևակայելի սխրանքների մանրամասներից:
ԱՍԱԼԱ-ի տասնյակ զինվորների մասին մեր մշուշոտ պատկերացումները այս գրքով վերջապես ամուր հող են գտնում: Ազգի համար նվիրյալ դարձած ու նաև, ցավոք, դեռ անհայտ անուն-ազգանուններով մենք հայտնաբերում ենք հայի այն բացառիկ, կայուն կերպարները, որ շարունակում են Հայկից սերած գենը և իրենց նվիրվածությամբ փարոս են դառնում եկող սերունդների համար:
ԱՍԱԼԱ-ին ծնող պատճառների մասին հեղինակի և գլխավոր հերոսի երկխոսույթունը ծավալվում է այսօրվա ամենացավոտ՝ ահաբեկչության թեմայով` ճշգրտելով մեր հերոսների տեսլականը: Հեղինակը նկատում է. «Մեր զրույցի ողջ ընթացքում ես հետևողականորեն խուսափել էի «ահաբեկիչ» բառը գործածելուց` շատ լավ իմանալով, որ որևէ ասալայական երբևէ չի ընդունում այդ որակումը` այն համարելով վիրավորական ոչ միայն իր, այլև Հայ դատի համար: Սպասում էի, որ զրուցակիցս պիտի խիստ բորբոքվի, բայց նա սառնասրտորեն ընդունեց իմ նկատառումը.
— …Շատերը մեզ էլ էին այդպես կոչում, բայց իմացիր, որ ահաբեկիչը ոչ թե նրանք են կամ մենք, այլ նրանց ու մեզ ծնող պատճառները, այն կայսերապետական երկրները, որոնք արյան մեջ թաղել են ամեն տեսակ խիղճ ու իրավունք…»:
Թեման զարգացնելով՝ հեղինակը հստակ բանաձևում է մեր ազգի տեսլականը և տալիս անուններ, որոնց կողմից 1970-80-ականներին սփյուռքում հրավիրված համագումարները և առաջ քաշած գաղափարները օրախնդիր են նաև այսօր: Դրանցից մեկը վերապատվելի Ջեյմս Գառնուզյանն է՝ իր «Արարատիզմի» տեսությամբ, որը թուրք վերլուծաբանները համեմատել են սիոնիզմի հետ՝ «իշխանություններին նախազգուշացնելով, որ հայերը կամենում են միավորել իրենց ողջ կարողությունները և հրեաների նման վերահաստատվել իրենց պատմական հայրենիքում»:
Դրանից հետո հնչում է ոչ երկիմաստ կոչը. «Երանի մի օր մենք դառնանք այնպիսին, ինչպիսին երբեմն մեզ պատկերացնում են մեր թշնամիները…»:
Հենց այս երանի-ի շուրջ էլ հյուսվում են այն երանելիների անունները, որոնք իրենց մատաղ կյանքը նվեր տվին հայության երազին՝ առանց կասկածելու, որ վարվում են արդար, քանի որ ամեն կերպ խուսափում էին անմեղ արյուն թափելուց և հարվածն ուղղում մեզանից 1,5 միլիոն զոհ խլած ու հայրենիք բռնազավթած ազգի կողմ: Այդ երանելիներից ընթերցողի համար ուրույն բացահայտում են դառնում շարժման հեղինակ Հարություն Թագուշյանի (կեղծանունը՝ Հակոբ Հակոբյան կամ Մուջահեդ) և 22-ամյա վաղամեռիկ Հակոբ Տարագճյանի անունները: Առաջինի երկաթե կամքը ընդգծելու համար նրա անդավաճան ընկերը, այսինքն՝ գրքի հերոսը, մի քանի սուր արտահայտություն է անում կրավորական կեցվածք ընդունողների հասցեին՝ ասելով. «Մուջահեդը ընդգծված քամահրանքով էր վերաբերվում քո այդ գովական գիտնականներին ու մտավորականներին: Ավելին, բանի տեղ չէր դնում նրանց: Նա կարծում էր, որ մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը մտավորականներն ու նրանց կարդացած գրքերն են»:
Մյուս Հակոբի մասին պատմողը դարձյալ գրքի գլխավոր հերոսն է: Նա հիշում է տղայի ընչազուրկ մանկությունը, պապի դառը հուշերից սնվող նրա ցավատանջ հոգու տվայտանքները և, վերջապես, վրեժի ու ցասման ծնունդը, հատուցում պահանջելու որոշումը.
-Հակոբը ԱՍԱԼԱ-ի բռունցքն էր: Ջախջախիչ բռունցքը, որ միշտ շարժման մեջ էր: … Քրդերը, պաղեստինցիները, արաբները երանի էին տալիս ԱՍԱԼԱ-ին, որ ունի այդպիսի մարտիկ: Ափսոս, որ մեր ժղովուրդը այդպես էլ չիմացավ՝ ինչպիսի զավակ է ունեցել:
Այստեղ այլևս հարկ չենք համարի բացելու փակագծերը, որովհետև մեր առյուծորդիների սխրանքների մասին ընթերցողը պիտի իմանա գրքից: Եվ հետո՝ որպես հարգանքի տուրք՝ ընթերցողը գոնե մի քանի անքուն գիշեր պիտի լուսացնի՝ ընկերանալով մեր նվիրյալների կյանքին, տագնապելով ու տառապելով նրանց հետ ու նաև մտածելով նրանց երազած «Արարատականության» մասին…
Սա է հեղինակի պատգամը բոլորիս:

Արմենուհի Դեմիրճյան