""Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ Մասիսի բժշկական կենտրոնում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ:

Ըստ հաղորդագրության, 2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են ենթարկվել ընկերության՝ 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:

Կոմիտեն նշում է, որ ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

«Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները, սակայն, փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2 միլիոն 200 հազար դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ։

Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69 միլիոն դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10 միլիոն դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք, սակայն, բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգևավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ բացի այդ, դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման և հարդարման համար վճարման ենթակա գումարները, ինչպես նաև՝ ընկերության տարածքում վարձակալական հիմունքներով դրամադրված տարածքների համար վճարված գումարները:

Ըստ հաղորդագրության, ստուգմամբ հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ խախտումներ ևս, որոնց արդյունքում առերևույթ յուրացվել և վատնվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Փաստի առթիվ 2018-ի նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

«Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում: