Մատաղիս գյուղի միջնակարգ դպրոցը, որ կրում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը, գտնվում է համայնքի նոր թաղամասում։ Հենց այս թաղամասն է առաջինն իր վրա վերցրել ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին հարվածները։

 Բնականաբար, կրթօջախը, որ կառուցվել է 2007 թվականին՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի նվիրատուների միջոցներով,  հայտնվել է թշնամու կրակակետերի թիրախում և մեծապես տուժել դրանից։ Քառօրյա պատերազմի օրերին միայն դպրոցի տարածքում 6 արկ է պայթել։ Դուռ, պատուհան, ապակի լիվությամբ ջարդուփշուր են եղել, տանիքը՝ վնասվել։ Արկակոծությունն սկսվել է առավոտյան ժամը 6-ին, երբ դեռ երեխա չկար դպրոցում։ Հետո հրետակոծությունները գյուղի վրա ավելի ինտենսիվ դարձան… Շատ կանայք ու երեխաներ ժամանակավորապես հեռացան գյուղից։  Որոշ ժամանակ ուսումնական պարապմունքները դադարեցին Մատաղիսի դպրոցում։ Տեղի աշակերտներն այդ օրերին հաճախեցին հանրապետության տարբեր դպրոցներ։ Կրթօջախը նորմալ գործել սկսեց սեպտեմբերից։

Դեռ պատերազմի թեժ պահին դպրոցի տնօրինությունը զանգ ստացավ Տորոնտոյից. բարեկամ-բարերարները հուսադրեցին նրանց, խոստացան գալ և ավելի լավը կառուցել։  Կրթօջախի տնօրեն Գեղամ Աղաջանյանը, ով այդ դպրոցի սաներից է և արդեն տասը տարի է՝ ղեկավարում է հարազատ կրթօջախը, մեծ ոգևորությամբ է պատմում կանադահայերի ցուցաբերած օգնության մասին։  Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին Մատաղիսի դպրոցում բոլորն են ճանաչում։ Ամեն տարի մայիսին նա այցելում է այստեղ, հետևում ու հետաքրքրվում կրթօջախի շենքային պայմաններով,  գործունեությամբ։ 2016-ի ապրիլյան ռմբակոծություններից հետո էլ շտապեց ժամ առաջ գալ, եկավ ու նախաձեռնեց վերականգնողական աշխատանքները։ Շինարարները դպրոց մտան հարաբերական խաղաղությանը չսպասելով։ Աշխատել են արագ ու անաղմուկ,  անգամ գիշերն են աշխատել։  Եվ այսօր դպրոցում ռմբակոծության ու արկակոծության որևէ հետք անգամ գտնել չես կարող։ Գ. Աղաջանյանի խոսքով՝  նորովի են վերանորոգվել միջանցքն ու նկուղային հարկը։ Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու ուղղությամբ: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների և դահլիճի հատակը պատվել են պրեսգրանիտով, արտաքին հարդարման աշխատանքներ են իրականացվել:

Տորոնտոյահայերի այդ ջերմ վերաբեմունքին դպրոցում պատասխանում են փոխադարձ վերաբերմունքով ու երախտագիտությամբ։ Ապացույցը դպրոցի պատերով մեկ ամրացված պատվոգրերն են՝ տրված բարերարներին։ Բարեգործության արժանի պատասխան է նաև այստեղ սովորող աշակերտների թիվը. 109 աշակերտ ունի դպրոցը, այսինքն՝ այնքան, որքան որ կար մինչ ապրիլյան պատերազմը։ Վերջին այցելության ժամանակ, ինչպես պատմում է կրթօջախի տնօրենը, Մկրտիչը Մկրտչյանը երեխաների հետ հանդիպման ժամանակ Անի պատմական քաղաքի մասին է պատմել, իր հեղինակությամբ և իր իսկ ձեռքով պատրաստված լուսանկարների ալբոմն է ցույց տվել…

Ապրիլյան դեպքերից հետո Մատաղիսում բարեգործական ծրագիր է իրականացրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Դպրոցի պատուհանների ապակիները թաղանթապատվել են հատուկ պաշտպանիչ թաղանթով։ Աստված մի արասցե՝ հրետակոծությունների ժամանակ այդ թաղանթը չի թողնում, որ ապակիները փշրվեն։

Կրթօջախի ուսուցչական կոլեկտիվը հակառակորդի շնչի տակ երեխաներին կրթելու գործն առաջ է տանում զորամասային զգոնությամբ։ Նույնիսկ զանգը հնչեցնելն այստեղ պետք է զգուշությյամբ արվի, երեք անգամ անընդմեջ հնչեցնելը  ապահով վայր տեղափոխվելու ազդանշան է, մեկը՝ դասամիջոցինը։

Դպրոցն ապահովված է համապատասխան մասնագետներով. 22 ուսուցիչ կա, որոնցից

5-ը թոշակառուներ են։ Ըստ Գ. Աղաջանյանի, ուրախալի է այն փաստը, որ այսօր կողք կողքի աշխատում են երիտասարդներն ու փորձառուները, ինչը դրական ազդեցություն է ունենում  երեխաների ինչպես կրթական, այնպես էլ դաստիարակչական գործին։

Եռահարկ կրթօջախի հարկերից մեկում Ռադիկ Մարտիրոսյանին նվիրված անկյուն կա. համագործակցությունն ակադեմիկոսի հետ մշտապես առկա է, փաստում է տնօրենը և մի տեսակ հպարտությամբ նշում, որ  Ռ. Մարտիրոսյանը ոչ միայն համագյուղացի է, այլև նա նույնպես ավարտել է Մատաղիսի միջնակարգ դպրոցը։  Այն ժամանակ կրթօջախի շենքը գտնվում էր գյուղից փոքր-ինչ հեռու՝ մեկ այլ վայրում, որտեղ ներկայում ջրամբար է։ Ամեն անգամ գյուղ այցելելիս ակադեմիկոսն անպայման գալիս է դպրոց, հետարքրվում կոլեկտիվի առօրյայով, հուզող խնդիրներով։ Եվ ամեն անգամ՝ ոչ դատարկաձեռն։ Ապրիլյան դեպքերից հետո՝ սեպտեմբերի կեսին,  եկել էր արժեքավոր նվերներով՝ նոր սերնդի չորս համակարգիչ, միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ տարբեր պարագաներ, մարզական գույք և այլն։  Մինչ այդ դպրոցում գործում էր և է՜ նրա անվամբ համակարգչային սենյակը։ Գ. Աղաջանյանի խոսքով՝ դա ստեղծվել է դեռ այն ժամանակ, երբ Արցախի շատ դպրոցներ դեռևս համակարգիչ չունեին։ Ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության լաբորատորիաները՝ բավականին հարուստ գույքով, նույնպես նրա շնորհիվ են ստեղծվել։ Դպրոցական գրադարանի գրքերի մեծ մասը ակադեմիկոսի նվիրատվությունն է։

Խոսելով խնդիրներից՝ Գ. Աղաջանյանը հիմնականում մատնանշեց դասասենյակների հարցը. դպրոցական շենքը կառուցված է տասնամյա կրթության համար, նախատեսված էր 80 աշակերտի ընդգրկումով։ Այդ իսկ պատճառով այսօր դասասենյակները չեն հերիքում պարապմունքներն անցկացնելու համար։ Նպատակ ունեն կցակառույց սարքել՝ ապաստարանով, մարզադահլիճով։ Ծրագրի իրականացման համար ակնկալում են Արցախի կառավարության աջակցությունը։ Բացի այդ, գոյություն ունի Մատաղիսի միջնակարգ դպրոցի աջակցման ծրագիր (հիմնադրամ), որի տնօրենը Վանո Բարսեղյանն է, նույնպես ծննդով մատաղիսցի (ՀՀ ԳԱԱ սփյուռքի հետ կապերի բաժնի պետն է)։ Ռ. Մարտիրոսյանի հետ նա պարբերաբար այցելում է դպրոց։ Համոզված են՝ համատեղ ուժերով  գործը գլուխ կբերեն։

Թե քանի առաջին դասարանցի կունենան գալիք նոր ուսումնականում՝ դեռևս հայտնի չէ, երեխաների թիվն անընդհատ փոխվում է՝ պայմանավորված զինծառայողների ընտանիքների մշտական տեղաշարժով։ Այսօրվա դրությամբ աշակերտների մոտ 55 տոկոսը զինվորականների երեխաներ են, շարժը միշտ էլ կա։

Կրթօջախի հետ սերտ կապեր ունի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նա հաճախ է այցելում այստեղ և ամեն անգամ օգնում ինչով կարող է։ Լաբորատոր սարքավորումներ, բեմի համար վարագույր, դաշնամուր, համակարգիչ, գրենական պիտույքներ. այս և այլ օգնություններ են ցուցաբերվել երգչուհու կողմից։

Կրթօջախում շատ են շնորհալի երեխաները։ Հատկապես՝ սպորտի գծով։ Աշակերտուհիներից մեկը՝ Ռազմուհի Հակոբյանը, ՆԶՊ հանրապետական օլիմպիադայում մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել։

Կրթօջախում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Գործին մեծապես նպաստում է զորամասը։ Սերտ համագործակցում են հրամկազմի հետ, հաճախակի փոխադարձ այցելություններ, արիության դասեր են կազմակերպվում։ Սահմանամերձ գյուղի համար այս ամենը խիստ կարևոր է. առաջնագծում, մոտ թե հեռու, բոլորն էլ զինվոր են։

Առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում դպրոցում, ինչը ևս դրականորեն է ազդում ուսումնական գործընթացի վրա։ Սահմանից կրակոցների ձայներ, անշուշտ, լսվում են, բայց դրանց էլ են հարմարվել։ Մատաղիսի դպրոցում սովորողները միայն մի երազանք ունեն՝ հարատև խաղաղությունը թևածի Արցախ աշխարհում։

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ